Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



ՆԱՏՕ-ում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը նշանակվել է ՌԴ փոխվարչապետ և համակարգելու է պաշտպանական արդյունաբերության համալիրն ու մասնավորապես պաշտպանական պետական պատվերի տեղաբաշխումն ու իրականացումը:

Հայտնելով նոր նշանակման մասին, Դմիտրի Մեդվեևը հույս է հայտնել, որ ՌԴ պաշտպանական արդյունաբերությունը, ի դեմս Ռոգոզինի, ձեռք կբերի «ժամանակակից ու գործունյա մենեջերի», որի կարիքը ռազմարդյունաբերական համալիրում առավել քան օրախնդիր է:

Ռոգոզինը փոխարինեց փոխվարչապետ Սերգեյ Իվանովին, որին վստահվեց ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարումը, երբ վերջին երեքուկես տարիներին այս պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Նարիշկինը նշանակվեց ՌԴ պետական դումայի նախագահ:
Նոր փոխվարչապետն իր հերթին հայտարարել է, որ արդեն իսկ հասցրել է աշխատանքային խորհրդակցություն անցկացնել իր նախորդի` Սերգեյ Իվանովի, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի ու ՌԴ կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Յուրի Բորիսովի հետ ու «ծանոթանում է գործերի ընթացքին, որին Հայրենիքը հատկացրել է մեծ միջոցներ» և խոստացել է վարել «երկաթե ձեռքի քաղաքականություն», որպեսզի հատկացված յուրաքանչյուր կոպեկը ծառայի իր նպատակին:

Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ Ռոգոզինը կշարունակի իրականացնել նաև հակահրթիռային պաշտպանության հարցերում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ասպարեզում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պարտականությունները:

Խորագիր՝ Նորություններ


26/12/2011