«ԿՍՏԵՂԾԵՆՔ ՄԵՐ ՈՒ ՏՂԵՐՔԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ»
Սեպտեմբերի 27-ի լուսաբացը բոթով բացվեց…
Համացանցով պտտվող լուրերից հետզհետե պարզ էր դառնում, որ լրջորեն սրված է իրավիճակը՝ շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հարձակման էր անցել…
Պատերազմի մասին լուրն իմանալուն պես ապագա վիրաբույժ Արթուր Գինոսյանը շտապ զանգահարեց «Արծիվ-30 Արարատ» մահապարտների ջոկատի ընկերոջը, որ առավել հստակ տեղեկանա սահմանին տիրող իրավիճակից. «Դոկտըր, մեզ հետ ես, չէ՞, անունդ գրում ենք ցուցակում, պատրաստվի՛ր, գնում ենք առաջնագիծ»:
Շտապեց մոտակա դեղատուն. դեղորայք, լարաններ, ցավազրկողներ, առաջին օգնության համար անհրաժեշտ ինչ մտքով անցավ, գնեց ու քիչ անց արդեն մահապարտների ջոկատի հետ Արցախ տանող ճանապարհին էր:
Մարտական թոհուբոհում արդեն հասցրել էր թրծվել՝ երեք ամիս էր մնացել ժամկետային ծառայության ավարտին, երբ սկսվեց քառօրյան։ Մտապատկերում 2016 թ. ապրիլյան հուշերն էին՝ վաղ առավոտյան՝ ամենաքաղցր քնի պահին, ընկերն ուսն էր անընդհատ թափ տալիս ու իրար հետեւից անվերջ նույնը կրկնում. «Գինոսյա՛ն, զարթնի՛ր, ախպե՛ր ջան, պոստերում ահավոր վիճակ ա»: Սկզբում քնաթաթախ կարծել էր՝ ընկերը հոգու հետ է խաղում, որ ապրիլմեկյան հերթական կատակն է, ու մի քիչ նեղսրտել էր. «Գարեգին ջան, ապրիլի 1-ը երեկ էր…Թող քնեմ, կատակի հավես չկա…»:
«Գինոսյա՛ն, կատակ չեմ անում, շուտ քնից հանիր դասակիդ, գնում եք կռիվ…»: Ապրիլի 2-ից հուլիսի 10-ը Ջրականի հատվածում էին, ինքն այն ժամանակ կապի ջոկի հրամանատար էր…
Այս անգամ արդեն որպես մահապարտների ջոկատի բժիշկ էր գնում:
Ջոկատում բոլորը պատերազմի փորձ ունեին, տարբեր տարիքի էին՝ ահել-ջահել, հիմնականում Արցախյան ազատամարտի մասնակիցներ, ապրիլյանի մասնակիցներ էլ կային…Ազատամարտիկ հայրն էլ էր ուզում գալ, միանալ, բայց ինքը չթողեց, ըմբոստացավ՝ տնից մեկը…
***
Արթուրը պատերազմին մասնակցում էր և՛ որպես բժիշկ, և՛ որպես հրաձիգ։ Կռվող տղաները ռազմադաշտի բժիշկներին «Պատերազմի հրեշտակներ» անունով էին կնքել, կյանքի եւ մահվան սահմանագծին, չմարող կրակատարափի տակ, բժիշկներն իրապես հրաշքներ էին գործում:
Զինակից ընկերներից մահապարտների ջոկատի անդամ, ազատամարտիկ Հայկուհի Մարգարյանը, որը երեք պատերազմի բովով է անցել, անհուն մի ջերմությամբ է բնութագրում Արթուրին, հիացմունքով խոսում նրա անպարագրելի նվիրումի, խիզախության, դժվարություններից երբեք չերկնչող տեսակի մասին. «Ամենաօրհասական պահին անգամ՝ մահն ամեն պահ աչքի առաջ, ինքը խուճապի չէր մատնվում, սառն ու սթափ օգնություն էր ցուցաբերում՝ վարժ, վստահ գործելով: Տասնյակ կյանքեր է փրկել Արթուրը, միշտ հարեհաս, ցավը կիսող, նվիրված, կամեցող, բարեխիղճ, անմիջական ու սրտաբաց, ինքն ինձ կատակով ասում էր՝ դու դիրքերի իմ մաման ես…»:
***
Պատերազմ էր ու… անհամար զոհեր, վիրավորներ… Երիտասարդ բժիշկը շտապում էր առաջին բուժօգնությունը ցուցաբերել դիրքում, ցավազրկում էր, վիրակապում, ու մինչև բուժծառայության մեքենան կհասներ և կտեղափոխեր նրանց հոսպիտալ, ինքը վիրավորներին գոտեպնդում էր, սիրտ տալիս, հույս տալիս. «Տղե՛րք ջան, լավ կլինի…»:
«Կապրե՞մ, բժի՛շկ, ուզում եմ նորից կանգնել կռվող ընկերներիս կողքին, իրենց մենակ չեմ ուզում թողնել»,- այս բառերը քանի՜ անգամ լսեց բժիշկը ծանր վիրավոր զինվորներից:
«Կռվող տղաների անձնուրաց նվիրումն անսահման էր, անպարագրելի. հայրենիքը սիրում էին կյանքի չափ, կյանքից առավել… Զոհված ընկերների կորուստը դառնում էր ցասում, վրեժ, ու կրակ էին մաղում թշնամու գլխին,- վառոդաբույր օրերն է վերհիշում Արթուրը:- Ահ չունեին մահից, անօդաչուները սուրում էին գլխավերեւում, իրենք երգում էին՝ «Թռչեի մտքով տուն»…Մենք՝ կամավորներս, գնացել էինք ժամկետայիններին ոգեւորելու, բայց մենք իրենցից էինք ոգեւորվում եւ ոգեշնչվում…
Այն դիրքը, որտեղ մենք կռվել ենք, մինչև վերջ մնաց մեր վերահսկողության տակ, այնտեղ այսօր էլ մեր դրոշն է ծածանվում…
Զորացրված պոստի տղերքից մեկը վերջերս զանգել էր ինձ. «Արթուր, կգա՞ս Մատաղիս»: Մի պահ կարկամել, սառել էի՝ ո՞նց Մատաղիս, թեեւ մարտական ընկերոջդ հետ աշխարհի ծայրն էլ կգնաս, իրենց հետ դու անցել ես դժոխքի միջով …Հետո հասկացա, որ իր մատաղին է կանչում…»:
***
Այժմ Արթուրը սովորում է ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատուրայում։
Երբ փոքր էր, ուզում էր փրկարար դառնալ, մարդկային կյանքեր փրկել, հետո ավարտական դասարաններում քիմիա, կենսաբանություն առարկաներով տարվեց, որոշեց մանկաբույժ դառնալ. մտովի քանի անգամ էր պատկերացրել իրեն սպիտակ խալաթով՝ փոքրիկներին բուժելիս… Սակայն պատերազմը շատերի երազանքները փոխեց:
«Պատերազմող երկրի համար վիրաբուժությունն առավել առաջնային է, առավել կարեւոր,- բանաձեւում է երիտասարդը:- Ամեն օրն ու ժամը պետք է միտված լինեն մեր գիտելիքները հարստացնելուն, կատարելագործելուն, ինչ ասպարեզում էլ աշխատես, պետք է լավագույնը լինես»:
Ապագա վիրաբույժի բոլոր երազանքները, բոլոր նպատակները հայրենի եզերքում են մարմին ստանալու, իրագործվելու.
«Իմ չափով, իմ հնարավորությունների սահմաններում, ջանալու եմ շենացնել, ոտքի կանգնեցնել իմ երկիրը՝ հային հայ պահող հանգրվանը… Մենք կմնանք ՏՂԵՐՔԻ պահած երկրում, կապրենք, կարարենք, քարը քարին կդնենք ու կստեղծենք մեր ու Տղերքի երազանքների երկիրը…»:
Արթուրն իրենց ջոկատի անմահացած քաջերի անուններն է թվարկում՝ Շավարշ Մուրադյան, Շավարշը զոհվեց Մարտակերտի այն նույն դիրքում, որ պաշտպանել էր ապրիլյան մարտերի ժամանակ, Արթուր Հարությունյան՝ Տուտի, ո՜նց էր կռվում…
Արթուր Սիմիկյան
Մինաս Հովհաննիսյան
Էդգար Մաթևոսյան
Նվեր Մանուկյան
Վահան Օհանյան
Ստեփան Համբարձումյան
Գառնիկ Զաքարյան…
Տղերքից ամեն մեկը մի արծիվ էր, արծիվները հիմա երկնքում են…
Հավերժ փառք ձեզ, տղե՛րք, ձեր գործը կիսատ չի մնա…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #10 (1432) 18.05.2022 - 24.05.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում