ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱՅՑԸ 3-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ
Մայիսի 20-ին, 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, այնուհետև ուղևորվել հանրապետության հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
Դիրքապահների հետ զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը միտված՝ պետության կողմից մշակվող սոցիալական, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ծրագրերը, ինչպես նաև արդեն ընթացքում եղած և առաջիկայում մեկնարկող բարեփոխումները, որոնք կոչված են էապես բարձրացնելու զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը։