ԴԱՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ
Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում են սովորել Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի անմահ հերոսներ Կարեն Ղազարի Կարապետյանը և Վարդան Դավիթի Ամալյանը։ Հայոց Առաջին հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ այս կրթօջախում կայացավ դասարանի անվանակոչության արարողություն։ Արարողության մասնակիցներն սկզբում ունկնդրեցին հերոսներին նվիրված երգը։ Այնուհետև հերոսների մայրերը՝ Սուսաննա Հարոյանն ու Արմինե Ամալյանը, բացեցին իրենց զավակների անվան դասասենյակի ցուցանակը, որտեղ առաջին դասարանում սովորել են նրանք։ Ներսում՝ դիմացի պատին, Վարդանի ու Կարենի մասին պատմող լուսանկարներն են, կենսագրական տվյալներ, նրանց մտքերը, պարգևները։ Արցախից եկած հոգեւոր հայրը՝ Տեր Սերովբեն, «Տերունական աղոթքով» սկսեց արարողությունը։ Այնուհետեւ դիմելով հերոսների ծնողներին, ասաց. «Ցավ է, հասկանում եմ, զավակ եք կորցրել, բայց ձեր զավակները բոլորիս համար հերոսներ են։ Ձեր զավակները նահատակվել են հանուն բոլորիս անվտանգության, նրանք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Նրանք իրենց մարտիրոսվելով սրբագործվեցին… Նրանք զենքները ձեռքներին, գիտակցելով գնացին առաջ, իմանալով՝ հնարավոր է հետ չգան…»: Տեր Սերովբեն շնորհակալություն հայտնեց նաև հերոսների ուսուցիչներին, որ լավ սերունդ են դաստիարակել՝ նրանց հոգում հայրենասիրություն սերմանելով։
Վարդան Ամալյանի մայրը՝ երգչուհի Արմինե Ամալյանը, պատմեց որդու մանկության, պատանեկության մասին։ Հատկապես անդրադարձավ նրա ստեղծագործություններին, որոնք իր ու ամուսնու, հարազատների համար սուրբ մասունք են։ Վարդանը ծնվել է 2001 թ. հունվարի 18-ին Երևանում։ Սովորել է նաև Ավետ Տերտերյանի անվան արվեստի քոլեջի դաշնամուրի բաժնում։ Զբաղվել է կարատեով, ֆուտբոլով, բռնցքամարտով։ Բանակ է մեկնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի առաջին կուրսից։ Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է մարտերին Հադրութից մինչև Շուշի և զոհվել նոյեմբերի 8-ին՝ չնահանջելով դիրքերից։ Արտյոմ Սարգսյանը՝ Վարդանի մարտական ընկերը, պատմեց՝ վերջին անգամ ընկերոջը տեսել է Ֆիզուլիի տարածքում, որտեղից տեղափոխել են Շուշի… Չեն էլ պատկերացրել, թե ինչ վիճակ է այդ ժամանակ բերդաքաղաքում, նույնիսկ ուրախացել են, որ ընկերներին անվտանգ տարածք են տանում։
Բազմազավակ ընտանիքից էր 2001 թ. նոյեմբերի 6-ին ծնված Կարենը Կարապետյանը, որի ավագ եղբայրը նույնպես զոհվել է։ Զարդարվեստի պետական քոլեջի սան էր, երբ զորակոչվեց Հայոց բանակ։ Ծառայում էր Արցախի «Մարտունի-2» զորամասում, երբ սկսվեց պատերազմը։ Օրեր շարունակ մարտնչել են հերոսաբար՝ փորձելով դուրս գալ թշնամու շրջափակումից, սակայն հոկտեմբերի 28-ին զոհվեց քաջորդին։ Թշնամու օղակում էլ Կարենը փորձել է ոգևորել ընկերներին։ Մայրը՝ Սուսաննա Հարոյանը, պատմեց՝ բրդուճներ է սարքել, տվել ընկերներին, հույս տալով՝ Աստված կօգնի…: Կարենի մասին պատմեցին նաեւ համադասարանցիներ Արամ Գալստյանն ու Կարեն Հովհաննիսյանը, որոնք նույնպես 44-օրյայի մասնակից են, տուն են եկել պարգևներով։ Կարենի ավագ քույրը անհուն կարոտով խոսեց եղբոր մասին։ Նա նշեց, որ եղբայրն իր համար ողջ է, եւ ինքը հպարտ է ծագումով սասունցի քաջ եղբորով: Քույրը շնորհակալություն հայտնեց դպրոցի ուսուցչակազմին, որ կազմակերպել են նման արարողություն։ Անմահ հերոսների մասին ջերմ խոսքեր ասացին նաև նրանց ուսուցիչները։ Արարողությանը ներկա էր և Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը: Նա ասաց, որ կրտսեր Վարդանը նույնպես իր եղբայրն էր, մասնակցել է նրա երդման արարողությանը, պատերազմի ամբողջ ընթացքում կապ պահպանել հետը։ Դժվար է նրա համար. Արցախյան առաջին պատերազմում զոհվեց լեգենդար հերոս եղբայրը, որն ազատագրել էր Շուշին, իսկ նրա անվանակիցը նահատակվեց նույն Շուշիում… Վարդան Ամալյանի հայրը՝ ճանաչված երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, նույնպես իր գոհունակությունը հայտնեց ուսուցչակազմին։ Լինելով ազատամարտիկ ու Դուշման Վարդանի զինակիցը, Դավիթն իր առաջնեկին Վարդան է կոչել՝ ի հիշատակ 1992 թ. հուլիսի 3-ին Արցախում զոհված հրամանատար-զինակցի։ «Սիրո դրսևորման լավագույն ձևն անձնազոհվելն է»,- ասաց Դավիթը և առաջարկեց ծափերի արժանացնել բոլոր անմահ հերոսներին…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #13 (1435) 08.06.2022 - 14.06.2022, Բանակ և հասարակություն