Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ



ՀԱՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸՆոյեմբերյանի Ոսկեվան գյուղում բնակվող Գարդիշյանների ընտանիքում բոլոր տղամարդիկ ուսադիրներ են կրում: Հայրը՝ Էդիկ Գարդիշյանը, պահեստազորի մայոր է, ավագ որդին՝ Արսենը, պայմանագրային դիրքապահ է, միջնեկը՝ Սուրենը, ավագ լեյտենանտի կոչում ունի, համարյա 15 տարի պաշտպանում է իր ծննդավայրի սահմանները: Ընտանիքի կրտսեր որդին՝ սերժանտ Գևորգ Գարդիշյանը, Արտակարգ իրավիճակների նախարարությունում է ծառայում: Այս զինվորական ընտանիքի մասին ձեզ պատմելու համար ես որոշում եմ զրուցել ավագ լեյտենանտ Սուրեն Գարդիշյանի հետ, որովհետև նա մասնակցել է 44-օրյա պատերազմին: …Ու որպեսզի ավելի լավ պատկերացնեմ, թե ինչի միջով է անցել նրանց հերոսական պայմանագրային գումարտակը, Սուրենն ինձ մի տեսանյութ է ուղարկել, որը 44-օրյա պատերազմի ժամանակ հրապարակել էին ադրբեջանցիները: Առաջին իսկ կադրերը նայելիս մարմնովս սարսուռ է անցնում, նույն ուժգնությամբ արթնանում են այն զգացողություններն ու ապրումները, որոնք ունեցել էի, երբ դիտում էի տեսանյութը կռվի օրերին: Մերոնք անցել էին հակահարձակման բաց դաշտում, որ ազատագրեն թշնամու գրաված տարածքը: Նկարահանումը վերևից էր, ու համատարած ամայության մեջ մեր զինվորները նման էին շարժվող սպիտակ կետերի…. Անօդաչուի նշանառու խաչը սահում էր սպիտակ կետերի վրայով, հետո սպիտակ կետերը հերթով սկսում էին կայծկլտալ ու հանգչել: Սակայն մյուսները չէին նահանջում, չէին փախչում, շարունակում էին առաջ շարժվել, իսկ գրոհի ճանապարհը լուսավորվում էր նոր փայլատակումներով: Տեսարանն այնքան ցնցող էր, ես այնքան ուժեղ ու հպարտ էի, որ նույնիսկ ցավ չէի զգում:

-35 հոգուց 12-ը մնացին դաշտում,- ասում է Սուրենը,- չկա ավելի ծանր բան, երբ դու մարտից վերադառնում ես, իսկ ընկերներդ չկան: Ամբողջ հոգով ուզում ես, որ դու զոհված լինեիր, ու ընկերներդ գային ծնողներիդ մխիթարելու:

Ես անջատում եմ տեսանյութը: Եթե հենց հիմա չփոխեմ զրույցի հունը, այլևս չենք կարողանա «դուրս գալ» պատերազմից, իսկ ես ուզում եմ, որ 15 տարի հայրենիքի սահմանին կանգնած սպան պատմի իր զինվորական ընտանիքից, ես ուզում եմ լսել նրա մտորումները խաղաղ օրերի հայրենասիրության, տղամարդկային արժանապատվության մասին, ուզում եմ իմանալ, թե ինչպես են ապրում սահմանամերձ գյուղի մարդիկ, ինչ հոգսեր ունեն, ինչ են երազում…

-Երեք տղա՝ մի տան մեջ: Դժվար չէ՞ր,-հարցնում եմ:

-Ի՞նչ երեք տղա,- զարմանում է Սուրենը. դեռ չի կտրվել ռազմադաշտից:

-Դու, Արսենն ու Գևորգը:…Լիդերն ո՞վ էր:

-Լիդեր չկար,-ասում է Սուրենը,- ավագության օրենքը մեզ մոտ ուրիշ է: Երբ փոքրերը չարություն են անում, ծնողները պատժում են ավագին: Այդպես սովորեցնում են կողքինի հանդեպ պատասխանատվություն կրելու առաքինությունը:

Մենք տեղավորվում ենք աթոռներին:

-Արի, սկսենք ամենասկզբից,- ասում եմ: Սուրենը գլխով է անում: Հետո կենտրոնացած հավաքում է մտքերն ու ասում.

ՀԱՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ-Մեր հողն ուրիշ ձգողականություն ունի: Երիտասարդ սերունդը մի ամբողջ կյանք կրակոցների տակ է ապրել, բայց չի հեռացել գյուղից: Ես ընկերներ ունեմ, որոնց ծնողները սպանվել են թուրքի գնդակից: Կրակոցները այնքան սովորական են մեզ համար, որքան գարնանային ամպրոպն ու կայծակը: Ձայնից հասկանում ենք, թե որ զինատեսակով են կրակում: Բայց մեր արմատները ամեհի ծառ պես խրված են մեր հողի մեջ, ու մեզ ոչ ոք չի կարող պոկել մեր հողից:

Այստեղ, այս լեռներում մարդը մարդուն մենակ չի թողնում: Ոչ դժվարությունների ժամանակ, ոչ վշտի պահին, ոչ էլ ավուր հոգսերի հետ: Սրտացավությունը տավուշցու ամենակարևոր հատկանիշն է: Այստեղ մարդիկ ազնիվ են, անշահախնդիր, առատաձեռն: Մտերմության կապերը ամուր են շատ: Արդեն 20 տարի մեր դասարանն ավարտել է դպրոցը, բայց կապը չի կտրվել, իրար տեսնելու առիթը բաց չենք թողնում: Եթե մեկն օգնության կարիք ունի, բոլորս հասնում ենք: Այստեղ մարդիկ ամենափոքր բաներից ուրախություն են սարքում: Երբ փոքր էի ու տատիկիս հետ սար էի գնում, ամեն գիշեր սարվորները հավաքվում էին խարույկի շուրջ, երգում էին, արտասանում, պարում: Այստեղ մարդիկ հողապաշտ են: Եթե Դուք չեք տեսել, թե ինչպես են տավուշցի հարևանները պայքարում իրար դեմ կես մետր հողի համար, չեք հասկանա ասածս:

-Կես մետր հողից ի՞նչ օգուտ կա:

-Խնդիրը օգուտը չի, մեզ մոտ հողի պաշտամունք կա: Հողը սրբություն է:Հանդարտ, խաղաղասեր, բարի տավուշցին իր հողը պաշտպանելիս առյուծ է դառնում: Հիմա մտածեք՝ եթե մի թիզ հող չի տալիս իր հարևանին, թուրքին հող կտա՞… Իր կյանքը կտա, բայց հող չի տա: Տավուշցին տեղն եկած ժամանակ բահով, եղանով կռիվ է տվել իր հողի համար: Երբ փոքր էինք, հայրս ասում էր, որ պիտի սիրենք, պաշտպանենք, օգնենք զոհվածների երեխաներին: Ու ոչ թե խղճահարությունից դրդված, այլ հարգանքից: Որովհետև հողի համար զոհվելուց պատվելի սխրանք չկա:

Զրույցին զուգահեռ՝ ես թերթում եմ մի քանի էջանոց տեղեկությունները Գարդիշյան ընտանիքի մասին ու պարզում եմ, որ որդիներից ոչ մեկը չի գնացել մայոր հոր ճանապարհով՝ զինվորական կրթություն չի ստացել:

-Ոչ մեկդ նախապես զինվորականի ուղին չեք ընտրել,- ասում եմ:

-Ես բնություն եմ սիրում: Ընդունվեցի ԵՊՀ բնապահպանության և բնօգտագործման բաժին: Գևորգը պատմությունն ընտրեց, Արսենը արհեստավոր դարձավ: …

Լավ օրից չէր, որ եկանք բանակ: Ես զինվորական համազգեստ հագա 2006-ին, այդ ժամանակ Արսենը արդեն սահմանին էր:

-Պատկերացնում եմ մայրիկիդ վիճակը:

Սուրենը նայում է զարմացած, ասես՝ առաջին անգամ է մտածում այդ մասին:

-Մաման երբեք չի տրտնջացել:

ՀԱՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸԵս զգում եմ, որ մի տեսակ անհաղորդ եմ զրույցին: Իմ միտքն ուրիշ տեղ է: Էկրանի վրա սպիտակ կետերը հասել են սարի գագաթին ու շարունակում են շարժվել առաջ, թուրքերը փախչում են, բայց անօդաչուի նշանառու խաչը շարունակոմ է պտտվել ռազմադաշտով մեկ:

-Կարողացա՞ք առաջադրանքը կատարել:

-Կատարեցինք,- ասում է Սուրենը,- տարածքն ազատագրեցինք: …Այնքան մեծ ուժերով էին հարձակվում, անհավանական շատ էին: Բոլորին կոտորում էինք, բայց րոպեներ անց սարը նորից սևանում էր. մորմոնջների պես լցվում էին…Գնդի հրամանատարը՝ գնդապետ Դավոյանը վիրավորվեց:

-Լսել եմ՝ Դուք եք փրկել գնդի հրամանատարին:

-Միաժամանակ վիրավորվեցին և գնդի հրամանատարը, և գումարտակի հրամանատարի տեղակալը: Ես ռազմադաշտից դուրս բերեցի գնդի հրամանատարին: Մեր գումարտակի հրամանատարը զոհվեց: Զոհվեց նաև գումարտակի հրամանատարի տեղակալը՝ Խորեն Ալեքսանյանը, որը իմ դասընկերն էր: Գնդակը կպավ գումարտակի հրամանատարի մյուս տեղակալին՝ Միքայել Աթոյանին, նրան օգնություն ցուցաբերելիս զոհվեց սերժանտ Արթուր Ամիրաղյանը: Իսկ բուժկետի պետ Արարատ Ծատուրյանը զոհվեց իր զինվորին փրկելիս: Հիշում եմ, թե ինչպես էր զինվորը խնդրում բժշկին իրեն թողնել և օգնություն ցույց տալ մյուս վիրավորներին: Ասում էր՝ ես ծանր եմ վիրավորվել, չեմ փրկվի, օգնեք նրանց, ովքեր կարող են ապրել:

Բոլորն իմ ընկերներն էին: Նրանք հիմնականում զոհվեցին մեկը մյուսի կյանքը փրկելիս:

-Ո՞նց եք ողջ մնացել էդ դժոխքում:

– Մի անգամ ստույգ մահից ինձ փրկեց իմ զենքը: Թշնամու դիպուկահարի կրակոցը կպավ իմ դիպուկահար հրացանին:

…Սուրենը լռում է: Ես ոչինչ չեմ հարցնում, ուղղակի սպասում եմ:

-Որոշ ժամանակ ապրում ես ռոբոտի պես՝ անզգա, բնազդաբար: Իսկ երբ որոշում ես անելիքդ, ամեն ինչ փոխվում է:

-Ի՞նչ անելիքի մասին է խոսքը:

– Ազգովի քայլել դեպի հաղթանակ՝ առանց վհատվելու, համառորեն, սերնդեսերունդ փոխանցելով գերագույն նպատակը:

-Դանկոյի սիրտը հիշեցի: Ինչ-որ մեկը պիտի իր բոցավառ սիրտը փարոս դաձնի մեր ճանապարհին, որ կարողանանք շարժվել առաջ. խաղաղ ու հաղթական հանգրվանը դեռ հեռու է:

-Չէ, ամեն մեկս մեր բոցավառ սիրտը պիտի փարոս դարձնենք, միայն էդ դեպքում տեղ կհասնենք,- ասում է դիրքապահ սպա Սուրեն Գարդիշյանը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #13 (1435) 08.06.2022 - 14.06.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/06/2022