Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՈԳԻՆ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԻ



ՄԵՐ ՈԳԻՆ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԻԵրկու պատերազմների թոհուբոհով է անցել Թադևոս Ծպնեցյանը։ Ծնունդով Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից է ապագա բժիշկը.

-Ազգանունս առաջացել է Կարսի նահանգի Ծպնի գյուղի անունից, որտեղից 1812թ. նախնիներս շարժվելիս են եղել դեպի Սև ծովի կողմ, բայց Պարնիում գիշերակացը ճակատագրական է եղել։ Հետագայում իրենք իրենց Տեր-Հովհաննիսյան ազգանունը փոխարինել են բնօրրանի՝ Ծպնի գյուղի անունով, ով գիտե, գուցե այդ կերպ փորձելով վառ ու մշտարթուն պահել ծննդավայրի  կարոտն ու հիշողությունը…

Թադեւոսի հայրն Արցախյան ազատամարտի մասնակից է, ու  ինքը դեռ մանկուց լսել է ազատամարտիկ հայրիկի պատմությունները հայրենիքի, հայրենասիրության ու անձնազոհության մասին:

-Աշխարհի գրեթե բոլոր քարտեզները գծվում են տպարաններում գույնզգույն ներկերով, իսկ մեր քարտեզը գծվել է ու շարունակում է գծվել հայրենիքի նվիրյալների սուրբ արյունով…

Թադեւոսն ինքն էլ ժամկետային ծառայող էր, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, հրետանային դիվիզիոնի ղեկավարման դասակի հրամանատար էր, զորացրմանը  մնացել էր ընդամենը 97 օր, արդեն  պատկերացնում էր հարազատների հետ մոտալուտ հանդիպումը, մեկը մյուսից ինքնատիպ անակնկալներ էր ծրագրել, բայց…

«Պատերազմող երկրում երազանքներ չեն լինում…»՝ իր բանաստեղծություններից մեկի տողերն են…

 

***

 

-Առավոտյան մարմնամարզությունը ժամանակից շուտ ավարտեցինք, մոտեցա հրետանային դիվիզիոնի հերթապահին, նրա լարված դեմքից արդեն իսկ զգացվում էր իրավիճակի անկայուն ու անխաղաղ լինելու իրողությունը։ Երկու ժամվա ընթացքում արդեն մեր մշտական տեղակայման վայրում էինք ՝ Ջրականում:

Քառօրյայի ապրումներն ու զգացողությունները հետագայում կարտացոլվեն Թադեւոս Ծպնեցյանի անդրանիկ՝ «Մեռնող սլաքներ» գրքում:

-Առաջին գիրքս փաստավավերագրություն է բանակային կյանքի ու Ապրիլյան պատերազմի մասին, բոլոր հերոսներն իրական են: Գիրքը, ինչպես բանակային կյանքը զինվորի համար, բաղկացած է չորս փուլերից՝ գլուխներից, իսկ չորրորդ՝ «Արդարության փամփուշտներ» գլուխը ներառում է հենց պատերազմական օրերը։

 

***

 

ՄԵՐ ՈԳԻՆ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԻԱպրիլյանից չորս տարի անց կրկին վտանգված էր  հող հայրենին, ու Թադեւոսն այս անգամ որպես կամավոր հայտնվեց մարտերի կիզակետում:

Քառասունչորսօրյա պատերազմի առաջին  օրերին ապագա բժիշկը արյան դոնոր էր՝ առաջին կարգի բացասական արյունն ամենապահանջվածն էր այդ ժամանակահատվածում:

-Դոնորության պատճառով առաջնագիծ մեկնելուս օրը հետաձգվեց, միացա թիկունքային աշխատանքներին՝ դեղորայք ու բուժական նյութեր էինք հավաքագրում, համակարգում ու առաջնագիծ ճանապարհում, պարբերաբար այցելում էինք նաեւ հիվանդանոցներ, վիրավորների տեղափոխում շտապօգնության մեքենաներով…

Սակայն թիկունքային ծառայությունն իր սրտով չէր. զինկոմիսարիատում երկար բանակցելու ու կռիվ տալու արդյունքում, երկու շաբաթվա մեջ երկրորդ անգամ արյան դոնոր լինելու փաստը գաղտնի պահելով,  վերջապես հասավ նպատակին՝ մեկնեց առաջնագիծ:

-Զորակոչվեցի որպես զինվոր, բայց կարճ ժամանակ անց ներառվեցի նաև որպես բժիշկ։  Բժշկական պարագաներ, առաջին բուժօգնության համար անհրաժեշտ ամեն ինչ կար ձեռքիս տակ: Երկնքից կարկուտի նման բեկորները թափվում էին, կրակի հեղեղ էր՝ հակառակորդն ինչ զինատեսակից ասես չէր կրակում, վիրավորումները տարաբնույթ էին ու տարբեր խորությունների: Աննկարագրելի էր մեր սպաների քաջությունը, ժամկետային զինվորների խիզախությունը ֆանտաստիկ էր,  պետք է տեսնեիք վիրավոր  տղերքի աչքերի ցասումն ու ընդվզումը, երբ ասում էիր՝ պիտի առողջանաս, ապաքինվես, նոր գնաս հասնես ընկերներիդ, իրենց թե մնար, դիրքից դուրս էլ չէին գա, կշարունակեին կռվել, որքան հնարավոր էր։

Ու կռվում էին խենթ մի նվիրումով, կռվում մինչեւ սրտի վերջին զարկը…

Պատերազմն անջնջելի ցավ ու հետք է թողել հիշողությանս մեջ։ Կուրսեցի ու հրաշալի բժիշկ Դավիթ Հակոբյանի մահն ինձ շոկի մեջ էր գցել, երկար ճանապարհ էինք անցել միասին… Ընկերներիցս մեկը Ջրականում զոհվեց հոկտեմբերի 14-ին, հետո Պռոշյանի ջոկատի հետ Վարանգաթաղ բարձունքն ազատագրող բանակային ընկերս՝ Վիգենը…  Կորուստներս անհաշվելի են…

Մահը վայում էր շուրջբոլորը, զոհված ընկերների կորստի ցավը մի պահ  թեւաթափ էր անում մարտնչող տղերքին, հետո համակում անհուն վրեժով,  ցասումով:

Ցավոք, ուժերն անարդարացիորեն անհավասար էին, փաստացի՝ հայկական զինուժը միայնակ կռվում էր մի քանի երկրից աջակցություն ստացող թշնամու դեմ:

– Հարավային թևի կորուստն ինձ համար աննկարագրելի հարված  էր. ապրիլյան պատերազմում պահած մեր  հողը այլևս մերը չէր…Պատերազմի ավարտի լուրը հոգեցունց էր… ապրումներս, հոգուս փոթորիկը նկարագրել պարզապես անկարող  եմ…

 

***

 

ՄԵՐ ՈԳԻՆ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԻ-Հիմա կյանքս բաժանվել է  երկու մասի՝ մինչ 44-օրյա պատերազմ և պատերազմից հետո,-ասում է Թադեւոսը:- Այս պատերազմը ինքնաբացահայտման յուրովի  մեկնարկ դարձավ, կյանքին սկսեցի նայել այլ տեսանկյունից, խնդիրներն այլևս անլուծելի չեն ինձ համար։ Պատերազմն ինձ հազարումի տեսանելի եւ անտեսանելի թելերով առավել կապեց մեր հող ու ջրին, անվիճարկելի է՝ իմ բոլոր երազանքները  իրեղենանալու են  մեր հողի վրա, զոհված ընկերներիս երազանքներն էլ են մեզ  վերապահված…

Ապագա բժիշկը շարունակում է ուսումը բժշկական համալսարանում, բավականին ժամանակ աշխատել է վերակենդանացման բաժանմունքում, կռիվ մղել անտեսանելի թշնամու՝ քովիդի դեմ:

Ուսմանն ու աշխատանքին զուգահեռ շարունակում է նաեւ ստեղծագործել՝ երկրորդ գիրքն արդեն հրատարակել է,  շուտով երրորդ գիրքը կհանձնի ընթերցողի դատին:

Մեղվի նման ժրաջան երիտասարդը  նաեւ մեղվապահությամբ է զբաղվում.

– «Բժիշկ Մեղուն – Dr.Bee»-ն՝ էկոլոգիապես մաքուր մեր մեղրը այս տարի կհայտնվի շուկայում։ Նպատակներս բազմազան են. ծննդավայրիս ու գյուղական կոլորիտի հետ կապված նախագիծ եմ մշակում, դրա ծնունդին էլ քիչ է մնացել: Ոչինչ չեմ խնայում ինքնակրթվելու ու երկիրս շենացնելու համար: Մեզնից յուրաքանչյուրը պիտի լինի իր տեղում ու ուժերի ներածին չափով շենացնի, հզորացնի, ամրացնի մեր երկիրը…

Զինակից ընկերներով հաճախ ենք հավաքվում, զրուցում, հիշում, տխրում ու ժպտում, երգում ենք, բաժակ զարկում ու բարձրաձայնում՝ մենք  հաղթանակի սերունդ  ենք, ու մեր ոգին պարտվել չգիտի։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

Պատառիկներ Թադեւոս Ծպնեցյանի բանաստեղծություններից

 

ՏՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԻՑ

 

***

 

Ես չշոշափեցի խաղաղությունն

ու բիբերումս սուր ցավ զգացի՝

սրբացած հողը շնչում ու արտաշնչում էր դեմքիս՝

ինչպես վիրավոր զինվորը…

Կներես ինձ հող` քեզ այսօր փրկել չեմ կարող…

Ես մաշկիս վրա ապրեցի էլի մի պատերազմ

ու ընկերներիս հետ էլի հողին հանձնեցի հոգուցս կտորներ…

Ես մի կռվի ավարտ էլ տեսա,

բայց մի պահ շունչս պահեցի

ու երանի տվի նրանց,

ովքեր հաղթանակի հավատը սրտում

խոնարհեցին աչքերը կյանքով լի…

 

***

 

Երբ կշեռքի նժարներից մեկին

դնում ես մի բուռ հող` Եռաբլուրից,

իսկ մյուսին խաղաղությունը,

երջանկությունը ցավից նվվում է…

Ու Սրբացած հողն այս հաղթանակ է

պարտադրում՝

այսօր, վաղը և այսուհետ…

Խորագիր՝ #14 (1436) 15.06.2022 - 21.06.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/06/2022