ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ
…Զորակոչի ամենասպասված իրադարձությունն է. հարյուրավոր տղաների երդման հանդիսավոր արարողությունը եկեղեցու բակում է՝ բարձր սպայակազմի, ծնողների ներկայությամբ։ Քաղաքացիական կյանքից զինվորական դարձած տղաներին ծնողներն առաջին անգամ են տեսնում համազգեստով, զենքով, շարային քայլքով… Ողջույնին և հրամանին հաջորդում է նորակոչիկների խոսքը։ Հնչում է երկամյա ծառայության հիմնական ելույթը՝ երդումը՝ հայրենիքը պաշտպանելու և բարեխիղճ ծառայելու մասին։ Բոլորը հերթով մոտենում են ղեկավար կազմին, զեկուցում և ընթերցում երդման տեքստը։ Շարքում, զորամասում զինվորներ են Հայաստանի բոլոր մարզերից, մայրաքաղաք Երևանից։ Մեկ հարկի ներքո հայտնվելով են ծանոթացել, ընկերացել…
Հայրենասիրության մասին այժմ խոսում են սպաները, հրամանատարները, իսկ մինչ այդ, զորակոչիկների ծնողներն են պատմել մեր անվտանգության կարևորության, մեր հերոս տղաների գործած սխրանքների և մեր անմահների արժանի հետևորդները լինելու մասին։
Հանդիսավոր երդումն ավարտվում է գլխավոր ուղերձով. ծառայել բարձր պատրաստականությամբ, ոգևորությամբ և այն գիտակցմամբ, որ յուրաքանչյուրի ձեռքում է հայրենի հողի պաշտպանությունն ու թիկունքի խաղաղ կյանքը։
Հանդիսավոր երթից հետո զինծառայողներին բաժանվում են արձակման թերթիկները, և նրանք հնարավորություն են ստանում մի քանի ժամ անցկացնել ծնողների հետ:
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #20 (1442) 27.07.2022 - 02.08.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում