Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ



Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության հավաք-խորհրդակցության շրջանակներում ամփոփվեցին զորքերի ծառայության տարեկան արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ռազմական ինստիտուտի պետի տեղակալը, բանակային կորպուսների շտաբների պետեր, նշված վարչության սպաներ, որոնք ներկայացրին զորքերի ծառայության կազմակերպման եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վերաբերյալ իրենց զեկույցները:

2011թ. ուսումնական տարվա ԶԾ արդյունքները ամփոփեց ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության պետ գնդապետ Հ.Կարապետյանը եւ անդրադարձավ իրենց աշխատանքների հիմնական ուղղություններին: Զեկույցի համաձայն, ուսումնական տարում պլանային եւ հանկարծակի ստուգումների ընթացքում մի շարք զորամասերում վերահսկվել է զորքերի ծառայության ճիշտ կազմակերպման, օրվա կարգացուցակով հաստատված միջոցառումների իրականացման, օրվա վերակարգի նախապատրաստման, օբյեկտների հուսալի պահպանության, սննդի ճիշտ կազմակերպման, համազգեստի կրման կանոնների գործընթացը. «Ներքին եւ պահակային ծառայությունների կազմակերպման վերաբերյալ հրահանգչամեթոդական եւ ցուցադրական պարապմունքներ են անցկացվել ուսումնական զորամասերում ապագա սերժանտների եւ ավագների հետ: Անցկացվել է նաեւ ստորաբաժանումների պետերի մեկօրյա հավաք, կազմակերպվել է ԶԾԱ կոնֆերանս, ինչպես նաեւ զորքերի ծառայության օրինակելի փորձի ուսումնասիրման եւ փոխանակման միջոցառում: Միջոցառումների նպատակն էր ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների կենսագործումն ուղղորդելը, զորային օղակում ձեռքբերումները վեր հանելը եւ լուսաբանելը, դեպքեր-պատահարների նվազեցման պրոֆիլակտիկայի արդյունավետությունը բարձրացնելը»,- ասաց վարչության պետը: Մեթոդական օգնություն է ցուցաբերվել ձմեռային ուսումնական փուլում ԶԾ ցածր ցուցանիշներ արձանագրած զորամասերին, ինչպես նշեց գնդապետ Կարապետյանը, օգնությունը նպատակային է դառնում, եթե հրամանատարությունը ընկալում է դրա անհրաժեշտությունը:

Ըստ զեկույցի, ԶՈՒ ռազմաբժշկական եւ թիկունքի վարչությունների հետ համատեղ սահմանվել է հսկողություն ճամբարներում սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման եւ ԶԾ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ: Հսկողությունը կանխարգելիչ բնույթ ուներ եւ թերություններ արձանագրելուց բացի հնարավորություն էր ստեղծում դրանց մի մասը վերացնել տեղում:

Ստուգումների ընթացքում արձանագրվել է, որ զորքերի ծառայության ճիշտ կազմակերպման գործընթացի վրա բացասաբար են ազդել մի շարք զորամասերում արձանագրված ընդհանուր բնույթի թերություններ. չեն իրականացվել արտահաստիքային հրշեջ խմբերի անձնակազմերի գործնական հմտությունների կատարելագործման մարզումներ, բավարար կերպով չեն իրականացվել սանիտարական օրը եւ բաղնիքում լողանալուց առաջ զինծառայողների մարմնազննություն անցկացնելու պահանջը եւ այլն:

«Զինվորական ծառայության անվտանգության ճիշտ կառավարման արդյունքում 2010-ի համեմատ 2011 թվականին հանցագործությունների եւ պատահարների արդյունքում դեկտեմբերի 5-ի դրությամբ զինծառայողների մահվան դեպքերի քանակը հաջողվել է նվազեցնել 35%-ով: Նախորդ տարվա համեմատ մարմնական վնասվածք ստացած զինծառայողների ընդհանուր թվաքանակը նվազել է: Կանոնադրությունների խախտումների հետեւանքով վնասվածքներ ստացած զինծառայողների քանակը մնացել է նույնը»,-նշեց Հ. Կարապետյանը:

Ամփոփելով զորքերի ծառայության կազմակերպման եւ ԶԾԱ ապահովման վիճակը` գնդապետ Կարապետյանը նշեց, որ զորքերում կանոնակարգվել է զորքերի ծառայության փաստաթղթային տնտեսությունը, գերատեսչական պահպանության ստորաբաժանումների կենսագործունեությունը, նոր շահագործման հանձնված օբյեկտներում ապահովվել է զորային կահավորման միատիպությունը, բարելավվել է հրդեհապայթյունավտանգ օբյեկտների հուսալիությունը, կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նվազեցվել են ԶԾԱ ռիսկերը զորամասերում: «Նոր ուսումնական տարվա ԶԾ խնդիրներից են զորամասերի հրամանատարներին մեթոդական օգնություն ցուցաբերելը, ԶԾ հանկարծակի ստուգումների պլանավորումն ու անցկացումը, պատահարների ընթացիկ վերլուծությունը, ԶԾ առաջավոր փորձի ընդհանրացումն ու տարածումը, ցուցադրական պարապմունքների կազմակերպումը, ԶՈՒ կանոնադրային պահանջների կիրառումը կենսակերպ դարձնելը»,- իր խոսքը եզրափակեց վարչության պետը, հորդորելով` 2012թ. պատրաստ լինել փոխգործակցության, փոխօգնության, փոխվստահության և փոխըմբռնման:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Ազգային բանակ


29/12/2011