ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ՀՈՂԸ ԿՐԿԻՆ ԾԻԼԵՐ ԿՏԱ…
Լուսանկարից ժպտացող գեղեցկադեմ երիտասարդը Դավիթ Համբարյանն է՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին, որի սխրանքների և անձնուրացության մասին հայրը` Մամիկոն Համբարյանն է պատմում:
Դավիթը ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 16-ին Գյումրիում` Մամիկոն և Քնարիկ Համբարյանների ընտանիքում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Օսիա: Դավիթն այնտեղ է հասակ առել, զբաղվել է ըմբշամարտով, եղել առաջատար բազմաթիվ մրցումներում, նվաճել մեդալներ:
…2019 թ. ընտանիքը հստակ որոշում է կայացրել. և Դավիթն ավագ եղբոր` ապրիլյան քառօրյայի մասնակից Հովհաննեսի օրինակով վերադարձել է Հայաստան և դեկտեմբերին զորակոչվել բանակ: Սկզբում ծառայել է ուսումնական զորամասում, այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով ծառայությունը շարունակել է Մատաղիսում:
…Կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանը սեպտեմբերի 26-ին արդեն մարտական դիրքում է եղել: Թուրք-ազերիների հարձակման առաջին հարվածը նաեւ Դավիթենց ջոկն է ընդունել իր վրա: 7 հոգուց բաղկացած ջոկը՝ գնդացրորդ Համբարյանի ղեկավարությամբ, անձնուրաց կռվել է թշնամու տասնյակ անգամ գերազանցող ելուզակների և զինտեխնիկայի դեմ: Այս անհավասար մարտում էլ Դավիթն ու իր ընկերներն ընկել են քաջի մահով:
Ամիսներ շարունակ Դավիթի ու նրա ընկերների ճակատագիրն անհայտ էր: Հայրը թաքուն սրտի մի անկյունում հույս էր փայփայում, որ միգուցե որդին ողջ է և մի օր կվերադառնա: Սակայն ապրիլին հաստատվում է Դավիթի զոհվելու փաստը…
Դավիթ Համբարյանի հուղարկավորությունից ամիսներ անց Գյումրիի Մուշ-2 թաղամասի` նրա մանկության ողջ պատմությունն իր մեջ պահ տված բակերից մեկում, հարազատների և ընկերների օգնությամբ, Մամիկոն Համբարյանը կանգնեցրել է իր որդու և նրա ընկերների հավերժությունը խորհրդանշող խաչքար-հուշարձան՝ Դավոյի աղբյուրով։ Մամիկոն Համբարյանը վստահ է՝ մի օր հայ ազգը կրկին Տիգրան Մեծ կծնի, և մեր որդիների արյունով ներծծված հողը կրկին ծիլեր կտա, կկանաչի և նաեւ ներծծված անջնջելի հիշողությամբ կպատմի նորօրյա մեր քաջերի հերոսապատումը…
Եվ թող Դավոյի սուրբ աղբյուրից բխող ջրի շիթերն իրենց ծարավը հագեցնողներին պատմեն նրա և զինակից ընկերների մասին: Թող այդ պատմությունը փոխանցվի յուրաքանչյուրի շուրթերից սերնդեսերունդ, եւ բոլորը ճանաչեն Թալիշի 156 մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Դավիթ Մամիկոնի Համբարյանին և նրա հերոս ընկերներին։
2021 թ. սեպտեմբերի 16-ին՝ Դավիթ Համբարյանի 20-ամյակի օրը, Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է հերոս հայորդու անունով։ Կրտսեր սերժանտ Դավիթ Մամիկոնի Համբարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» և «ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով։
ՍՎԵՏԼԱՆՆԱ ՍԱՀԻՆՅԱՆ
Խորագիր՝ #24 (1446) 24.08.2022 - 30.08.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում