ՍԵՐԳԵՅ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Արցախյան 44-օրյա պատերազմին Հայրենիքի պաշտպանության համար մղվող թեժ մարտերում զոհված Սերգեյ Հայրապետյանի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Աբովյան քաղաքում:
Ընտանիքի բնակության վայրի մոտ տեղադրվել է խաչքար և ցայտաղբյուր, որը սերունդներին հիշեցնելու է մերօրյա հերոսների սխրանքների և քաջագործությունների մասին:
Հուշ-ցերեկույթին ներկա են եղել միջոցառման աջակից Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հարությունյանը, հարազատները:
Մինչ բացման արարողությունը մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են Սերգեյ Հայրապետյանի և բոլոր զոհված հայորդիների հիշատակը: Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյուններով մեկնարկել է Սերգեյ Հայրապետյանի հիշատակին նվիրված խաչքարի և մյուս անմահացած հերոսներին նվիրված ցայտաղբյուրի բացման արարողությունը, որի պատիվը վերապահված էր Սերգեյ Հայրապետյանի հորը՝ Արթուր Հայրապետյանին: Համայնքի ղեկավարը արարողությունից հետո ծաղիկներ է խոնարհել խաչքարի մոտ, որից հետո սկսվել է օրհնության կարգ Տեր Մաշտոց Քահանա Բաբայանի ձեռամբ:
Սերգեյ Հայրապետյանին նվիրված Փառքի անկյունում ներկաները ծանոթացել են հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդու քաջագործություններին, որոնց համար պետության կողմից հերոսն արժանացել է մեդալների, պատվոգրերի և շնորհակալագրերի: