ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՄՆ
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում պաշտպանության նախարարը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։ Գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն տասնամյակներ շարունակ հանդիսանում է Կանզասի ավանդական գործընկերը և պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների և զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին։