ՍԻՐԻԱՅԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԴՐՎԻ ՄԱՐՏԻ ՍԿԶԲԻՆ
Դամասկոսի համալսարանում ունեցած ծրագրային ելույթում այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ենթադրվում է, որ սահմանադրական հանձնախումբը երկրի նոր հիմնական օրենքի մշակման աշխատանքները կավարտի հունվարի կեսերին: Նա նաև վստահեցրել է, որ ինքը կողմնակից է երկրի բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներից կազմված «մեծ կառավարության» ձևավորմանը, որը կնպաստի Սիրիայում հասարակական երկխոսության սկսմանը:
2011 թվականի հունիսից ի վեր սա Սիրիայում ու տարածաշրջանում ստեղծված իրադրության մասին Ասադի առաջին ծրագրային ելույթն է, որով նա վերստին պատրաստակամություն է հայտնել շարունակելու զիջումները ընդիմությանը, սակայն կրկին հրաժարվել է հեռանալ նախագահի պաշտոնից:
Ասադը պնդել է, որ երկրում տասը ամիս չդադարող հուզումներն իրականում օտարերկրյա դավադրության արդյունք են, իսկ հարյուրավոր լրատվական գործակալություններ, ամեն ինչ խեղաթյուրված ներկայացնելով, ավելի են սրում իրավիճակը, և խոստացել է «երկաթե ձեռքով» պատասխանել ահաբեկիչներին ու վերականգնել կարգուկանոնը: Ըստ նրա, հուզումների սկզբից ի վեր ահաբեկիչների զոհ է դարձել երկրի անվտանգության ուժերի շուրջ 2.000 աշխատակից:
Նա խիստ քննադատության է ենթարկել Արաբական պետությունների լիգայի դիրքորոշումը, նշելով, որ գոյության 60 տարիների ընթացքում Լիգային երբևէ չի հաջողվել պաշտպանել արաբական աշխարհի շահերը, և զարմանալի չէ, որ դա չի հաջողվում նաև այժմ:
Խորագիր՝ Նորություններ