ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՈՍՔՈՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ…
Ծնողների հպարտությունը, հույսն ու ապավենը իրենց զավակներն են:
Երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր զավակներ են մեծացնում:
Ճաղարյանների ընտանիքն իրապես հպարտանալու տեղ ունի՝ կիրթ, առաքինի, մեծի հարգն իմացող, հայրենապաշտ որդիներ են դաստիարակել:
Ճաղարյանների ավագ որդին՝ Կիմը, որ 44- օրյա պատերազմի թոհուբոհով է անցել, օրերս զորացրվեց, իսկ կրտսեր որդին՝ Էրիկը, դեռ մեկ տարի ունի ծառայելու, արձակուրդ էր եկել:
Դրկից, ծանոթ-բարեկամ հավաքվել էին դիմավորելու հերոս եղբայրներին:
-Դժվար է զինվորի ծնողի համար ու կրկնակի դժվար, երբ երկու որդիներդ են բանակում,- ասում է մայրը՝ Արմինեն,- սիրտդ տեղը չի գտնում, կարոտդ կրկնապատկվում է, հիմա երջանկությունս է կրկնապատկվել…
Բնավորությամբ տարբեր են եղբայրները, Կիմն ավելի հանդարտ է, հանդուրժող, Էրիկն ավելի տաքարյուն, շուտ բռնկվող, բայց եղբայրների մեջ ընդհանուր գծերն էլ քիչ չեն՝ ազնիվ են, պարզ, շիտակ ու ամենակարեւորը՝ իրենց ծնողների նման նվիրված հայրենի հող ու ջրին:
Տղաների հայրը՝ Գրիգոր Ճաղարյանը , արմատներով սահմանամերձ-սահմանապահ Վահան գյուղից է, 90- ականներին 17-ամյա երիտասարդն արդեն կռիվների կիզակետում էր՝ մասնակցում էր գյուղի ինքնապաշտպանական մարտերին.
-Որդիներիս հաճախ էի պատմում այդ օրերից, ազատամարտում հերոսացած քաջերից, բայց մտքովս չէր էլ անցնում, որ մի օր մեր զավակներն էլ կհայտնվեն պատերազմի դաշտում ու իրենց սխրանքներով կլրացնեն մեր պատմության հերոսական էջերը…Ու եթե ուժերն այսչափ անհավասար չլինեին, համոզված եմ՝ պատերազմի ելքը հաստատ մեր օգտին կլիներ…
-Մեկ ամսվա ծառայող էի, երբ կռիվը սկսվեց,-վերհիշում է Կիմը,-շատերը վառոդի հոտը դեռ չէին էլ հասցրել մի կարգին շնչել, բայց կռվում էին մարտերում թրծվածի խիզախությամբ: Սպաներ ունեինք՝ իրենց երրորդ պատերազմն էր, ոգեւորում էին մեզ, քաջալերում: Կամավորականների, ՄՈԲ-ի տղաների նվիրումը եւս անսահման էր…Երեք զավակ ունեցող կամավորական կար, ասում էինք՝ դու հետ մնա, երեխեքդ չորբանան, ինքն էլ հակառակն էր պնդում՝ ես գոնե հասցրել եմ ժառանգներ ունենալ, դուք հետ մնացեք, որ հասցնեք ընտանիք ստեղծել, շարունակություն ունենալ…
Կռվում էին անձնուրաց, մեկը մյուսի կյանքը սեփականից վեր դասելով:
Պատմում է Կիմի բանակային ընկերը՝ Սամվել Սարգսյանը.
-Հիշում եմ՝ մի անգամ ես ու Կիմը գնում էինք սնունդ բերելու, ուժգին հրետակոծություն սկսվեց։ Ես բաց տարածությունում էի, իսկ Կիմի աջ կողմում փոս կար, ինքը առանց հապաղելու կարող էր թաքնվել այդտեղ, սակայն նետվեց իմ կողմն ու մարմնով ծածկեց ինձ։ Փառք Աստծո, չվիրավորվեցինք: Ինքն այդ պահը չի էլ հիշում, բայց ես երբեք չեմ մոռանա… Ու վստահ եմ, որ խաղաղ կյանքում էլ միշտ իրար կողքի ենք լինելու, աջակցելու-սատարելու ենք իրար՝ հիմա էլ խաղաղ օրերի մարտական ընկերներ ենք…
***
Երկնքից կրակե հեղեղ էր թափվում, բայց տղերքը կռվում էին ոգեղենացած, կռվում էին երգելով… Կռվում էին հումոր անելով…
Կիմը ժպտում է՝ պատերազմական օրերի վառոդաբույր, բայց եւ հումորով լի պատմություն է հիշել.
-Կամավոր եղբայրներ կային, իրենց հայրն էլ Ջրականում էր մարտնչում, երբ մայրը զանգում էր ու խոսելիս լաց լինում, որ իրեն մենակ են թողել, եղբայրները կատակով կարճում էին. «Մամ ջան, ամբողջ ընտանիքդ այստեղ է, դու էլ արի միացիր»:
-Ինձ էլ մի օր զանգեցին ձեր կամավորական եղբայրները ու քիչ էր մնում հիվանդանոցի դռները հասցնեին.- հիմա արդեն ժպիտով է վերհիշում այդ դրվագը Գրիգորը,-զանգեցին ու միանգամից ասում են.«Բարեւ, հայրիկ, հերոս որդի ունեք, շնորհակալ ենք, խոնարհվում ենք…», ու էլ բառերը չէի լսում, հազար բան անցավ մտքովս, համարյա գնացի էն աշխարհ ու հետ եկա, երեւի հեռախոսի մյուս կողմում արագ գլխի ընկան, որ սխալ նոտայից են խոսքը սկսել, միանգամից շարեցին իրար հետեւից, որ կռվի դաշտում Կիմիս հերոսությունն են տեսել ու հիմա էլ զանգել են պարզապես իրենց երախտագիտությունը հայտնելու ու մատաղի հրավիրելու, որովհետեւ Կիմի շնորհիվ փրկվել էին…
Իսկ Կիմը կռվի դաշտից տուն զանգելիս տնեցիներին խաղաղեցնում էր, ասում էր՝ մի անհանգստացեք, ես նորակոչիկ եմ, մենք հեռու ենք առաջին գծից, բունկերում նստած թիկունքից եկած նամակներն ենք կարդում, բայց դե, ազատամարտիկ հայրը վաղուց գլխի էր ընկել՝ կարճ հեռախոսազրույցների ընթացքում արկերի պայթյունների ձայները հասցրել էր լսել…
Կիմն ինքն էլ վնասվածք է ստացել արկի պայթյունից: Պատերազմի ամբողջ մղձավանջն անցած երիտասարդը խոստովանում է, որ այդ օրերից ավելի ծանր էր, երբ զորամաս էին գալիս զոհված, անհետ կորած ընկերների ծնողները, հարազատները ու խնդրում էին հիշողություններ պատմել իրենց զավակներից.«Անասելի դժվար էր նայել ծնողների աչքերին ու անցյալ ժամանակով պատմել մարտական ընկերների մասին…»:
***
Պատերազմից որոշ ժամանակ անց Ճաղարյանների կրտսեր որդին՝ Էրիկն էլ զորակոչվեց բանակ: Մինչ կռիվը սկսվելն էլ նախօրոք որոշել էր ավագ եղբոր մոտ ծառայել, պատերազմը չփոխեց նրա պլանները: Ավելին՝ մեկ-մեկ նույնիսկ բողոքում էր, թե ոնց ինքն էլ պատերազմին չմասնակցեց:
Սակայն ճակատագիրը եղբայրների համար նոր անակնկալ էր պահել. Խրամորթ, Փառուխ, Քարագլուխ. թշնամին այդ ուղղությամբ խախտել էր շփման գիծը։ Երկու եղբայր իրար չէին էլ հանդիպում, մեկը դիրքեր էր բարձրանում, մյուսը՝ իջնում…
Նվիրված ծառայության համար Կիմն էլ, Էրիկն էլ հրամկազմի կողմից բազմիցս խրախուսվել են:
– Ծանոթներս մեկ-մեկ կատակում են՝ երկու հերոս զինվորի մամա ես, այդ մեդալները դու պետք է կրես,- հպարտություն, հուզմունք իրար խառնած ՝ասում է Արմինեն,-Պատերազմ անցած որդիս տուն եկավ, երեւի նրա ծնվելուց այդչափ չէի ուրախացել… Շնորհակալ եմ, Տեր, թող ամեն զինվորի ծնող ճաշակի այդ զգացողությունը…Սպասում ենք մեր մյուս զինվոր որդու վերադարձին, որ մեր երջանկությունը լիակատար լինի…
Կիմը կշարունակի կիսատ մնացած ուսումը, սերժանտ Էրիկն էլ ՝ ծառայությունը: Երկուսն էլ հազար նպատակ ունեն, հազար երազանք, ու բոլոր նպատակներն էլ, վստահեցնում են, իրագործելու են հայրենի եզերքում։
-Հայրենիքը խոսքով չեն սիրում, այլ գործերով ու նվիրումով,- ասում են Ճաղարյանները։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
եւ ՃԱՂԱՐՅԱՆՆԵՐԻ անձնական արխիվի
Խորագիր՝ #27 (1449) 14.09.2022 - 20.09.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում