Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ «ԱՐԵՎԵԼՔ–2022» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ



ԱՎԱՐՏՎԵՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ «ԱՐԵՎԵԼՔ--2022» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ«Արևելք-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության երկրորդ շաբաթը մեկնարկեց կոալիցիոն շտաբում օպերատիվ խմբերի ինտենսիվ աշխատանքով։ Նախքան կրակային փուլի մեկնարկը, ճշգրտվեցին ենթակա ստորաբաժանումներին տրվող մարտական կարգադրությունները, մշակվեց գործողությունների հաջորդականությունը, և զորավարժության ղեկավար կազմի հետ քննարկվեցին ու կայացվեցին համապատասխան որոշումներ՝ հաշվի առնվելով նաեւ տեղանքի առանձնահատկությունները՝ ճահճուտների ու սողանքային հատվածների առկայությունը։

– Հայկական զորախմբին, որը հանդես է գալիս գումարտակային մարտավարական խմբի կազմով, տրվել է մարտական առաջադրանք, համաձայն որի՝ օպերատիվ խումբը մշակել է ՀՀ ԶՈՒ մարտավարական խմբի կիրառման հարցերը, որոնց վերաբերյալ տրվել են առաջարկներ կոալիցիոն խմբավորմանը, և կայացվել է որոշում։ Քանի որ վարժադաշտի տեղանքը բավականին տարբերվում է Հայաստանի տեղանքից, մենք որոշակի փոփոխություններ ենք մտցրել հայկական ստրաբաժանումների գրոհի անցման բնագծերում և աջակցող հրետանային ուժերի կրակային դիրքերում,- մեզ հետ զրույցում ասաց հայկական զորախմբի օպերատիվ խմբի ղեկավար Սարգիս Ավագյանը:

-Անձնակազմն ունի մարտական գործողությունների մասնակցության փորձ, մասնագիտական գիտելիքներին տիրապետում է գերազանց, և յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է ՀՀ զինված ուժերը բարձր մակարդակով ներկայացնելը՝ մեր գործողություններով ապացուցելով, որ հայկական զորախումբը առավելագույնս տիրապետում է իր խնդրին,- վստահեցրեց մարտկոցի հրամանատար Սարգիս Գրիգորյանը:

ԱՎԱՐՏՎԵՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ «ԱՐԵՎԵԼՔ--2022» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸԵվ այսպես, այն, ինչ օրեր շարունակ քննարկվում էր մանրակերտի վրա, փոփոխվում ու լրացվում, այժմ գործողության մեջ էր վարժադաշտում։

Միացյալ զորքերի խմբավորումները զբաղեցրին նպաստավոր բնագծեր, հրետանու և օդադեսանտային ուժերի աջակցությամբ հրթիռային հարվածներ հասցրին պայմանական հակառակորդին։ Մարտի հաջող ընթացքն էին փորձում ապահովել համակցված ստորաբաժանումները՝ հակատանկային պահեստային ուժերով։ Հակառակորդի կենդանի ուժը, ռազմական տեխնիկան ու զինատեսակները ոչնչացնելու, կրակային գերակայություն ձեռքբերելու նպատակով թիրախների ուղղությամբ արձակվեցին զանգվածային, ծանր հրթիռահրետանային և օդային հարվածներ։ Նույն ժամանակահատվածում մարտնչող ստորաբաժանումները ամրացած բնագծերից կրակային հարվածներ էին հասցնում հայտնաբերված նոր թիրախների ուղղությամբ և անցնում հարձակման։

Պայմանական մարտն ընթացավ մի քանի փուլերով ու զարգացումներով, տարբեր զորատեսակների՝ բազմահազար նորագույն սպառազինության ու ռազմատեխնիկական միջոցների կիրառմամբ, ցամաքային ու օդային ուժերի ներդաշնակ գործողություններով։

Վարժադաշտում ակտիվ էին նաև հայ հրետանավորները, հակատանկիստները, մոտոհրաձիգներն ու ՀՕՊ ստորաբաժանումները։ Վերադասի հրամանը ընդունելուն պես նրանք առավելագույն ճշգրտությամբ կատարեցին  առաջադրված խնդիրները՝ փորձելով դիպուկ խոցել թիրախները։ Իսկ նրանց գործողություններին հրամանատարական ու ղեկավարման կետերից ուշի-ուշով հետևում էին զորավարժության ղեկավար կազմի ներկայացուցիչները։

ԱՎԱՐՏՎԵՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ «ԱՐԵՎԵԼՔ--2022» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ-Հայկական զորախումբը զորավարժության մասնակից պետությունների կազմում խնդիր ուներ կենտրոնացված կրակով ամուր պահելու զբաղեցրած պաշտպանական շրջանը և հակագրոհով վերականգնելու դրությունը առաջնագծում, ինչն էլ կատարեց հավուր պատշաճի,- ասաց մարտավարական խմբի հրամանատար Ահարոն Հայրապետյանը:

Մարտական գործողությունների դրվագները պայմանական էին, սակայն ամեն ինչ ծրագրված էր ժամանակակից հակամարտությունների հավանական զարգացումները հաշվի առնելով։ Զորավարժությունում ներգրավված էին շուրջ 50000 զինվորական, 5000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։

– Տրամադրվածությունը միանշանակ մարտական էր, բոլորս արեցինք առավելագույնը առաջադրված խնդիրները կատարելու համար,-ասաց ժամկետային զինծառայող Կառլեն Գալստյանը:

– Ես զորավարժությանը մասնակցեցի որպես մոտոհրաձգային ջոկի հրամանատար։ Առաջին անգամ էի մասնակցում այսպիսի լայնամասշտաբ զորավարժության։ Ամեն ինչ շատ հետաքրքիր ու դրամատիկ անցավ։ Բոլորս  գիտակցում էինք այս ամենի կարևորությունն ու լրջությունը և մեր մասնագիտական հմտություններով և գիտելիքներով, կարծում եմ, պատվով դուրս եկանք այս փորձությունից,- ընկերոջ խոսքը շարունակեց ժամկետային զինծառայող Թաթոս Ներսիսյանը:

…Մարտական հրաձգության գլխավոր փորձն ավարտվեց։ Մեր զինծառայողների կրակային խոցման արդյունքներն ամփոփեց հայկական զորախմբի ղեկավար կազմի ներկայացուցիչ, գնդապետ Վիգեն Սիմոնյանը.

ԱՎԱՐՏՎԵՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ «ԱՐԵՎԵԼՔ--2022» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ-Անձնակազմը ցուցաբերեց բարձր պատրաստվածություն և մասնագիտական ունակություններ։ Կրակային խոցման արդյունքները գոհացուցիչ են, հիմնականում՝ գերազանց։

Զորավարժության գլխավոր փորձի վերջնական արդյունքներն ի մի բերելու, դրանց հիման նկատված բացթողումները շտկելու վերջին հնարավորությունն էլ ստուգատեսի մարտական հրաձգության եզրափակիչ փուլն էր, և գլխավոր փորձից երեք օր անց կրկնվող սցենարով նորից սկսվեց պայմանական մարտը։ Սակայն այս անգամ մեկ տարբերությամբ. կրակային խնդիրների կատարումն ընթացավ  եղանակային խիստ անբարենպաստ և ցածր տեսանելիության պայմաններում, մառախուղի, հորդառատ ու տեղատարափ անձրևի ուղեկցությամբ։

Զորավարժության մասնակիցների գործողություններին հետևում էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ։

-Չնայած եղանակային բարդ պայմաններին, զորավարժության մասնակից երկրների ԶՈՒ ստորաբաժանումները կարողացան ամբողջ ծավալով և արժանապատվորեն կատարել ուսումնամարտական բոլոր առաջադրանքները։ Այս զորավարժությունների հիմնական առանձնահատկությունը կոալիցիոն խմբավորման ստեղծումն էր, որը նախատեսված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով համատեղ հատուկ գործողություններ նախապատրաստելու և իրականացնելու համար: Այս առումով ուզում եմ շեշտել, առանց բացառության, բոլոր երկրների օպերատիվ խմբերի, ռազմական ղեկավարման օղակների միջև փոխգործակցության բարձր մակարդակը,- ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն ավարտվեց։ Փակման հանդիսավոր արարողությունից առաջ հայ զինծառայողներին ակտիվ մասնակցության համար իր շնորհակալությունը հայտնեց մեր զորախմբի հրամանատարը՝ հպարտությամբ մատնանշելով նրանց պատրաստության բարձր աստիճանը, որը նկատվեց և բարձր է գնահատվեց նաեւ ՌԴ ռազմական ղեկավարության կողմից։

ԱՎԱՐՏՎԵՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ «ԱՐԵՎԵԼՔ--2022» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը և այս զորավարժության ղեկավարը, որպես լավագույններից մեկը, մի քանի անգամ շեշտեցին հայկական զորախմբի մարտավարական գործողությունները, կրակի կառավարման և կրակային խոցման արդյունքները,- ասաց հայկական զորախմբի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը:

«Արևելք-2022»-ի մասնակիցներին զորավարժության հաջող ավարտի կապակցությամբ շնորհավորեց ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովը, նա մասնավորապես ասաց.

-Այս զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ պետք է անենք այսօր և ինչին ձգտենք վաղը՝ մեր պետությունների ռազմական անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար։ Կարծում եմ՝ զորավարժությունների նպատակներն ամբողջությամբ իրականացվել են։

Ավանդույթի համաձայն՝ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ավարտին խրախուսվեցին լավագույն կազմակերպիչ և մասնակից զինծառայողները։ Միջազգային ստուգատեսի մասնակից երկրների ԶՈՒ ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթով էլ եզրափակվեց «Արևելք-2022»-ը։

…Մինչ Հայաստան վերադառնալը հայկական զորախումբը այցելեց Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ եկեղեցի, մասնակցեց պատարագի և մոմավառության։ Հայ հոգևոր առաջնորդը և տեղի հայերի միությունը զինծառայողների այցը պատմական որակեցին։

-Այսպիսի մեծաքանակ կազմով հայոց բանակայիններ ՌԴ հեռավորարևելյան շրջանում առաջին անգամ ենք տեսնում,- ասացին նրանք։

Օրվա ջերմ ու անմիջական շփման ակնթարթներն էլ ամբողջացրին հյուրասիրությունն ու հայ զինծառայողներին ուղղված բարի և խաղաղ ծառայության մաղթանքները։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Վլադիվոստոկ-Երևան

Խորագիր՝ #27 (1449) 14.09.2022 - 20.09.2022, Ռազմաքաղաքական


19/09/2022