ԿՅԱՆՔԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՀՈԳԻՆ՝ ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՎԸ՝ ԻՐԵՆ
Կան մեծություններ, որոնք երբ կողքիդ են և նվիրումով, լուռ, առանց բարձրակոչերի շարունակում են իրենց գործունեությունը, դու մի տեսակ հանգիստ ես, ապահով, որ նրանք կան, ապրում են ու արարում: Բայց երբ մի օր հանկարծ հեռանում են, նոր ես զգում այն ծա՜նր, անդառնալի՜ և անչափելի՜ կորուստը, թիկունքիդ խոր անդունդը, որն այլևս չի լցվելու: Միայն այդժամ ես զգում, որ նրանց հեռանալով իմաստազրկվում ես նաև դու…
Մաղավուզցի Վերդյանների ընտանիքում մեկ տարվա դատարկությունն անուն ունի՝ Վահե Վերդյան. պատմական Արցախի ջրաբերդյան մելիքական գերդաստանից սերված ազնվատոհմիկ հայ, նժդեհյան գաղափարաբանությամբ թրծված զինվորական, բացառիկ կարողություններով օժտված հետազոտող-մտավորական, պարզապես բազմաշնորհ, տաղանդավոր երիտասարդ, որի անունը հավիտյան միաձուլվեց պատերազմին և մնաց մեր պատմության Ոսկե մատյանում։
1994 թվականի ամառն էր. հետպատերազմյան Արցախում կյանքը վերընձյուղվում էր՝ ապաստարաններից տեղափոխվելով բնակարաններ, իսկ հաղթանակը նորովի ուժ էր առնում, որպեսզի ազատագրված հողում նոր շիվեր ծլարձակեն, կորցրածի տեղը լրացնեն։
Աշոտ Վերդյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր, Մարտակերտի պաշտպանական շրջանի լեգենդար զորահրամանատար Նորիկ Դանիելյանի զինակից ընկերը, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի օգնականը, պատերազմն ապրած փորձառու սպա, իսկ Ցողերը՝ Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսներ և վարկեր բաժնի նորավարտ օրիորդ։ Նրանց ընտանիքի ծնունդը համընկավ համազգային երկունքին։ Նրանք պատերազմի գույների մեջ միության կնիք դրեցին և ուխտեցին հավատարիմ մնալ շարժման սերնդի պատգամներին։ Դեռ հաղթական մայիսի զանգերը նոր էին հնչել, երբ Ստեփանակերտի ծննդատանը լույս աշխարհ եկավ Ազատ ու Անկախ Արցախի հաղթանակի պտուղը։ Օգոստոսի 27-ը Գետաշեն գյուղից սերված Ռիկո պապի գերդաստանում լավագույն օրն էր։ Դրա համար որոշեցին նորածին զավակին կնքել Վահե անունով (պարսկերեն՝ լավագույն)։ Այսպես սկսվեց փոքրիկ արցախցու հերոսական ուղին, որը, չնայած իր կարճատևությանը, եղել է արգասաբեր և հստակ ընդգծված առաքելությամբ, մարդ, որ մանկուց փորձում էր բացահայտել Մեծ հայրենիքից մեզ հասած Հայաստան-Արցախի ոգեղեն ու նյութական գանձերը, լուսավորյալ միտքն ու սպարապետածին ուժը։
Հանգամանքների բերումով (մայրը վատառողջ էր և մասնագիտությամբ պայմանավորված՝ հաճախ էր բացակայում) փոքրիկ Վահեի մանկությունն անցել է Մարտակերտի շրջանի հնամենի Մաղավուզ գյուղում։ Արցախի այս գողտրիկ անկյունը շռայլված էր բնության շքեղությամբ։ Փարված լինելով Թարթառի հովտին՝ նրա մի դեմքը ուղղված էր Թուխկասարին, իսկ մյուսը՝ Երեք մանկունք վանքերին։ Այս աստվածաստեղծ ոգեղենությունն էլ փոխանցվել է Վահեին և ժամանակի ընթացքում իմաստավորվել նրա գաղափարական, իմաստասիրական հայացքներում։ Նա շրջապատված է եղել այդ ցեղի ազնվազարմ կանանց ջերմությամբ։ Տատիկները, մորաքույրը և իր անսահման սիրո աղբյուր քույրը՝ Անուշը, իրենց հոգատարությամբ հնարավորինս լրացնում էին մոր բացակայությունը։ Վաղ տարիքում Վահեի մոտ նկատվեցին մաթեմատիկական առանձնահատուկ կարողություններ և տրամաբանություն:
Նախադպրոցական տարիքում Վահեն անգիր գիտեր բազմապատկման աղյուսակը, հայերեն այբուբենը. անգամ իր անուն-ազգանունը գրել գիտեր՝ այն էլ մեծատառով։ Երբեմն էլ թղթի վրա խզբզում էր իր մտքին ծագածը և ուրախությամբ արտասանում իր գլխին եկած շուռ տված տողերը։ Հենց այդ պահից էլ ուրվագծվում է Վահեի անհատականությունը։ Նրա ամենակարևոր բարձունքը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ դառնալն էր, սակայն այդ չսահմանափակեց նրա աշխարհայացքը, չխանգարեց, որ փայլի այլ՝ տեխնիկական առարկաների հետ կապ չունեցող ոլորտներում։
2000 թվականին Վերդյանների ընտանիքը տեղափոխվում է քաղաքամայր Ստեփանակերտ, որտեղ 6 տարեկան Վահեն հաճախում է Աշոտ Ղուլյանի անվան 2-րդ միջնակարգ դպրոցը։ Մաթեմատիկական տրամաբանությունն ու ճկուն մտածողությունը Վահեի համար տեխնիկական գիտելիքները զարգացնելու նոր հորիզոններ բացահայտեցին։
2005-2006 ուստարուց նա կրթությունը շարունակում է ԵՊՀ-ին կից Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։
Տեխնիկական գիտելիքները խորացնելու մտադրությամբ՝ Վահեն 2008 թվականից ուսումը շարունակեց ԱրՊՀ վարժարանում։
Գերազանց առաջադիմությամբ կրթարանն ավարտելուց հետո՝ 2010 թվականին նա ընդունվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (այսուհետ՝ ՀՊՏՀ) Կառավարման տեղեկատվական համակարգեր բաժինը։ Գիտական այս կենտրոնը լայն հորիզոններ բացեց բազմաշնորհ և տաղանդավոր երիտասարդի առջև։ Բուհական ուսումնառության տարիներին Վահեն հետազոտություններ է կատարել արհեստական բանականության համակարգերում կիրառվող մաթեմատիկական գործիքակազմի, մասնավորապես՝ մեքենայական ուսուցման մեթոդների ուսումնասիրության և ֆինանսական կառույցներում դրանց գործնական կիրառման ոլորտներում։ Այդքանով հանդերձ՝ Վահեի տարերքը մնում էր պատմությունն ու քաղաքագիտությունը, որով սկսել էր հետաքրքրվել պատանեկության տարիներին՝ դպրոցական նստարանից։ Նրա համար հայրենասիրությունը ո՛չ վեհ գաղափար էր, ո՛չ էլ առավել ևս շոշափվող զգացողություն։ Այն Վահեի ապրելակերպն էր՝ դարձած էություն։ Յուրատեսակ մտքերի խտացում է Վահե-Հայի փիլիսոփայությունը։ Նրա հումանիստական մտածականում արժևորվում է մարդն ու մարդկայինը, գնահատվում է սերն ու հավատարմությունը։ Նա սիրում էր կյանքն իր բոլոր դրսևորումներով. առատաձեռն ու հյուրասեր էր, ընկերությունը գնահատող, հետաքրքիր ու խորիմաստ զրուցակից։ Վահեն առանձնակի պատկառանքով էր լցված ազգային-մշակութային արժեքների պահպանման նկատմամբ։ Արվեստը Վահեի ուղեկիցն էր ի սկզբանե. հրաշալի ասմունքում էր, լավ երգում։ Նրա համար ազգային տարազը, երգն ու պարը մշակութային ընդհանրության կարևորագույն բնութագրիչներ էին, որոնցում, ըստ նրա, ամրակայված էին մեր ազգային հոգեկերտվածքի խտացումներն ու ազգապահպան նկարագիրը։
Վահեի համար աներկբա էին երեք կարևորագույն արժեք՝ Հայրենիք, Ազգ, Պետություն, իսկ գերագույն արժեքը Հայաստանն էր ու նրա ճակատագրով ապրող մտահոգ հայը։ Նրա երակներով փոխանցվել էր միասնական հայրենիքի անժխտելի գաղափարը, ինչի համար ամենօրյա պայքարի մեջ էր դրան հակադարձողների և արհեստական բաժանարար գծեր դնողների հետ։ Նա համոզված էր, որ նման արհեստածին հատվածայնացումը հետագայում կստեղծի գաղափարական տարանջատումներ, ինչը վտանգում էր մեր անկախության գոյությունը։ Նրա գլխավոր հավատամքը եղել և շարունակում էր մնալ այդ հողի համար ծնված և այդ հողով սնվող ազնվական Հայ զինվորը, այն հողի, որի յուրաքանչյուր թիզը իմաստնանում է մայրական կաթով ներծծված հայրենապաշտությամբ, հավերժական գաղափարի ուժ է առնում, ապա սրբագործվում եկող-անցնող սերունդների թաթախված արյամբ, նրանց հայրենաճանաչումով, նրան արժանի դառնալու ձգտումով։
Երբ զինկոմիսարիատից բերեցին զորակոչի թերթիկը, Վահեն արդեն գաղափարապես թրծված և ֆիզիկապես կոփված երիտասարդ էր։ Տնեցիների՝ առավելապես մոր հուզմունքը անչափելի էր, երբ Վահեն մանրակրկիտ հավաքեց զինվորական ուսապարկը, կարգի բերեց փաստաթղթերը և դեկտեմբերի 12-ին մեկնեց զորակոչման վայր։ Ինչպիսի՜ խանդավառություն և ոգևորություն ապրեց, երբ ծառայության վայր ընտրվեց ՊԲ պաշտպանական շրջանի 23524 զորամասը։ Հենց ծառայության երկու տարիներն էլ Վահեի համար հարմար առիթ էին պատմական Արցախի Մյուս Հաբանդ գավառի պատմականությունն ու հայկականությունը բացահայտելու, նրա ռազմաանվտանգային կարևորությունը գնահատելու համար։ Նա կարծես նորովի սիրահարվեց իր հայրենի սահմաններին, առնականացավ խաչքարերով սրբագործված նրա խրամատներում, ոգեղենացավ հայրենատիրական ձգտումներով՝ հիմք ընդունելով 5-րդ դարի Քերթողահոր խոսքերը. «Սահմանք քաջաց` զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի»։ Իսկապես՝ Վահեի սահմանը իր թռիչքային միտքն էր, ռազմարվեստի գիտելիքները, նաև զենքը, որը կրում էր պատվով և մեծ պատասխանատվությամբ։ Ի դեպ, կարճ ժամանակահատվածում զորամասի հրամկազմի և զինվորականության շրջանում Վահեն դարձավ կարևոր դերակատար. նա օգնում էր ծառայակիցներին բարոյահոգեբանական հարցերում, իսկ բարձր հրամանատարությանը աջակցում տեղեկատվատեխնոլոգիական, մասնավորապես՝ կապի ապահովման հարցերում։
2014 թվականին զորացրվելուց հետո Վահե Վերդյանը ուսումը շարունակեց ՀՊՃՀ-ում և ավարտելով այն՝ ստացավ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարչի որակավորում։ Թվում էր՝ Վահեն ուներ այն ամենը, ինչն անհրաժեշտ էր լիարժեք կյանքով ապրելու համար. ապրում էր խաղաղ հայրենիքում՝ հարազատներով շրջապատված, զբաղվում էր սիրած գործով։ Սակայն պայթեց ապրիլյան պատերազմը։ Այդ ժամանակ Վահեն համալսարանի վերջին կուրսի ուսանող էր և աշխատում էր դիպլոմային աշխատանքի վրա։ Իր բնավորության համաձայն՝ Վահեն կանգ չառավ ոչնչի առջև։ Ուսապարկը վերցրեց և քրոջը հրաժեշտ տալով՝ մեկնեց Արցախ։ Իսկ Ստեփանակերտում ծնողների և տատիկի օրհնությունն ստանալուց հետո կամավոր անդամագրվեց հավաքագրված ջոկատների շարքերը եւ մեկնեց մերձճակատային պաշտպանական շրջան (Մատաղիս)։ Այստեղ էլ Վահեն ձեռք բերեց իր առաջին մարտական փորձառությունը, որը հետագայում պիտի կիրառեր աշնանային պատերազմի ահասարսուռ օրերին։ Հայրենիքը գնահատեց Վահեի պատկառելի ավանդը և 2019 թվականի սեպտեմբերի 2-ին նրան շնորհեց «Մարտական ծառայություն» մեդալ։ 2016 թվականի գարնանային դեպքերից հետո Վահեն վերջնականապես վճռեց մասնագիտանալ ռազմական գործում և խորացնել գիտելիքները կապի ծառայության ոլորտում։ Նույն տարում նա ընդունվեց ՀՊՏՀ մագիստրատուրայի Կառավարման տեղեկատվական համակարգեր բաժինը, ապա սեպտեմբերի 28-ից ծառայության անցավ կապի ստորաբաժանման դասակում և հայրենիքի պաշտպանության դիրքերում մնաց մինչև երկրային կյանքի ավարտը։ Ստանալով լեյտենանտի կոչում՝ Վահեն նշանակվում է դասակի հրամանատար, այնուհետև ռադիոկայանի պետ։ Այդ ընթացքում Վահե Վերդյանը հասցրել է մասնակցել ՊՆ կազմակերպած մրցույթին, որի արդյունքներով ընդունվել է Չինաստանի ռազմական ակադեմիայի Նանկինի պոլիտեխնիկական համալսարան և 2017 թ. սեպտեմբերի 1-ից, մեկ տարի ժամկետով, մեկնել ուսանելու։ Ռազմարվեստի հարուստ փորձ ունեցող երկրում նա ծանոթացավ հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի, նոր սերնդի դիտասարքերի (գիշերային և ցերեկային) և հետախուզական համակարգերի ստեղծման, ժամանակակից կապի միջոցների, ՀՕՊ-ի յուրահատուկ ռադիոտեղորոշումային համակարգերի արտադրության հետ: Վերջիններս այն ոլորտներն են, որոնցում մասնագիտանում էր ապագա գիտնական-սպան։ Զինված ուժերում իր մասնագիտության կարևորությունը նա բնութագրեց այսպես. «Կապը ԶՈՒ-ի նյարդային համակարգն է՝ զորքերի և զենքերի ղեկավարման հիմնական միջոցը»։ Զինվորական Վահեի հիշողություններում դեռ թարմ էին ապրիլյան պատերազմի աղետաբեր հետևանքները, և այդ ժամանակներից միտք հղացավ 6-րդ սերնդի որակյալ կապի ավտոմատացված համակարգերի ուսումնասիրման և գործնականում դրա կիրառման անհրաժեշտությունը։ Այդ գործում Վահեն տեսնում էր իր հաստատուն առաքելությունը և պատրաստ էր սկսած գործը դարձնել շարունակելի։
Չինաստանից վերադառնալուց հետո Վահե Վերդյանը կատարեց իր կյանքի բախտորոշ քայլերից ևս մեկը՝ սեփական նախաձեռնությամբ ծառայությունը շարունակեց ՊԲ մերձճակատային զորամասերից մեկում՝ Մարտունի 2-ում՝ որպես կապի վաշտի դասակի հրամանատար։ Այստեղ էլ առանձնացավ մասնագիտական և մարդկային որակներով։ Նախաձեռնողականության, սկզբունքայնության և ժամանակի կառավարման հմտությունների շնորհիվ ավագ լեյտենանտ Վահե Վերդյանը կարողացավ էական դեր ունենալ կառավարման մարտավարական օղակում։ Սակայն ժամանակակից բանակների առաջատարությունը պայմանավորված է ոչ միայն սպառազինության տեսակների առկայությամբ, այլև ռազմական գործողությունների պլանավորման արվեստի հմուտ կիրառմամբ։ Լեզուների իմացությունը (անգլերեն, ռուսերեն, չինարեն) Վահեին օգնեց ուսումնասիրել աշխարհի տարբեր բանակների մարտավարական և ռազմավարական առավելությունները և մեզ համար առանձնացնել առաջնայնություններ։ Երիտասարդ սպայի գիտական և մասնագիտական կարողությունն ու հմտությունները հաշվի առնելով՝ շուտով ԱՀ ՊԲ շտաբից նրան առաջարկեցին ծառայությունը շարունակել համանուն վայրում։ Սակայն 2020 թվականի աշնանային պատերազմը խառնեց բոլոր պլանները։ Վահեն հիմնավոր պատճառներ ուներ համեմատաբար ապահով ապաստարաններում կապային հաղորդակցման խնդիրներն ապահովելու։ Բայց դա արդեն Վահեն չէր լինի։ Նա ամենուր էր՝ Մարտունիից մինչև Ջրական, ապա Հադրութ և Վարանդա։ Կռվեց այնպես, ինչպես ապրել էր՝ նվիրումով, անմնացորդ։ Վերջին անգամ` հոկտեմբերի 6-ին, Վահեն գործնական հարցերով մայրաքաղաքում էր։ Բաց չթողնելով առիթը՝ նա հարազատներին տեսակցելու հնարավորություն ստեղծեց և այդ օրն էլ անձամբ առաջարկեց բոլորի հետ լուսանկարվել: Եվ ի՞նչ իմանար ցավից մրմռացող մոր սիրտը, որ դա կլինի վերջին հանդիպումը որդու հետ։
Վերջին անգամ Վահեն տուն զանգեց հոկտեմբերի 26-ին՝ մարտիրոսվելուց 2-3 ժամ առաջ։ Չար կանխազգացումներ ունեցող մորը անվերջ հանգստացնում էր, համոզում հավատալ, որ ամեն ինչ լավ է։ Բնավորությունն էր այդպիսին. անվախ, հանդուգն, վճռական…
Այդ օրերին ճակատային գիծը մնացել էր թիկունքում։ Թշնամին մխրճվել էր կարևորագույն դիրքային ուղղություններ և սպառնում էր Մարտունի քաղաքին։ Վահեն իր հրամանատարի հետ առաջնագծի այդ հատվածում էր։ Տեղեկություններ կային, որ Վարանդայից դեպի Մարտունի անկանոն նահանջ կա, և մեծաքանակ զոհեր ունենալու վտանգը շատ մեծ է։ Զինվորներին օգնության սլացող հրամանատարն ու սպան իսկապես ականատես եղան անկանոն նահանջող ժամկետայիններին, և քանի որ օդում լսելի էր ԱԹՍ-ի ձայնը՝ Վահեն միանգամից դուրս թռավ մեքենայից՝ զգուշացնելու զինվորներին վերահաս վտանգի մասին և հորդորեց դիրքավորվել մոտակա խրամատներում։ Հենց այդ պահին էլ անօդաչու թռչող սարքի հարվածներից ստացած բազմաբեկորային վնասվածքներից Վահեն անմահանում է։ 26 տարի հայրենիքն իր կրծքի տակ կրող Վահեն առհավետ դարձավ հայրենիքինը և պինդ բազուկներով ամուր գրկեց հայրենի հողը:
Հայրը լավ է գիտակցում Վահեի ընտրության կարևորությունը, բայց և եղածի հետ անկարող է հաշտվել. չէ՞ որ նա ընտանիքի միակ արու զավակն էր, իր ազգանվան շարունակողը։ «Վահեի հեռանալով՝ մահը կարծես ավելի է մոտեցել ինձ։ Երանի Վահեի կյանքը լիներ այնքան երկար, որքան մահինն է»,- այսպես է շշնջում որդեկորույս հայրը։
Այս հողի համար նահատակված որդին հավերժ հերոս է, իր ժողովրդի ծոցից ծնված անզուգական հերոս, որի հավերժական հաղթական դափնին «Եռաբլուրում» վեր խոյացող մահարձանն է՝ Վահե Վերդյան անուն-ազգանունով։
Հ.Գ. Վահե Աշոտի Վերդյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների և խիզախության համար պարգևատրվել է`
-ՀՀ նախագահի կողմից. 16.09.2021 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ
-ԱՀ նախագահի կողմից. 24.02.21 թ. «Արիության համար» մեդալ
-ԱՀ նախագահի կողմից. 11.10.2021 թ. հրամանով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
ԼՈՐԵՏՏԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #29 (1451) 28.09.2022 - 04.10.2022, Ճակատագրեր