ՀՈՂԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՏԻՐՈՋ ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅԱՄԲ
Վիրավոր, հազար անգամ բզկտված, մի սրտի չափ մնացած հայրենի հողի համար անընդհատ պատերազմ է…
Օջախ չկա, տուն չկա, որ կռվի մասնակից հարազատ-բարեկամ չունենա։
Զովունեցի Պետրոսյանների ընտանիքից հայր ու որդի, պապ առաջնագծում էին։
Էդգարը երեք ամսվա ժամկետային ծառայող էր, երբ սկսվեց 44 -օրյա պատերազմը.
-Առավոտյան շարային ստուգատեսի ժամանակ ուժգին պայթյունների ձայներ լսեցինք, մտածեցինք՝ ՀՕՊ-ը ուսումնական վարժություններ է անում, բայց քիչ անց տագնապ հայտարարվեց։ Հրետակոծության ձայները գնալով ավելի ու ավելի մոտիկից էին հնչում՝ առավել ուժգին, առավել ինտենսիվ:
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով թշնամին լայնածավալ հարձակման էր անցել՝ գործի դնելով իր ամբողջ զինանոցը։
Պատերազմից մեկ-երկու օր անց Էդգարի հայրը՝ Հրաչ Պետրոսյանը, արդեն տարածքային զինկոմիսարիատում էր, շտապում էր կամավորագրվել, միակ որդու կողքին կանգնել։
90-ականներին ինքն էլ ճիշտ զինվոր որդու տարիքին էր, ընդամենը մեկ ամսվա ժամկետային ծառայող, երբ Ջրականում մասնակցեց մարտական գործողությունների:
Քանի տարի է անցել այդ օրերից, ոչինչ չի փոխվել, նույն նենգ թշնամին է, նույն նենգ ձեռագրով…
Զինկոմիսարիատում Հրաչի տվյալները գրանցեցին, ասացին՝ սպասի՛ր, կկանչե՛նք:
Երկու օր էլ չհամբերեց, նորից շտապեց զինկոմիսարիատ։ Բակում խմբված կամավորականներ կային, որ պատրաստվում էին առաջնագիծ մեկնելու, նրանց մեջ ծանոթ տղաների հանդիպեց, խնդրեց իրեն էլ ընդգրկեն խմբում…
***
Հայր ու որդի սահմանագծի տարբեր հատվածներում էին:
Որդուց լուր չուներ Հրաչը, ու սիրտն անորոշությունից ծվատվում էր:
Տասն օր անց վերջապես հնչեց երկար սպասված զանգը. որդու հետ երկար խոսեց, կարոտել էր, հետո տուն զանգեց, որ կնոջն ավետիս տա՝ Էդգարից վերջապես լուր կա: Կինը հուզմունքը հազիվ էր զսպում, չդիմացավ, լաց եղավ, ասաց՝ տղես ճակատում է, դու՝ ճակատում, այսօր էլ հայրս գնաց…
Բարեբախտաբար, պապը հենց թոռան՝ Էդգարի կողքին հայտնվեց, երկուսն էլ վարորդ էին ու հաճախ էին միասին զենք-զինամթերք հասցնում դիրքեր: Ոլորապտույտ ճանապարհներին, մութ գիշերվա մեջ, լույսերն անջատած, որ ավելորդ թիրախ չդառնան, սուրում էր նրանց մեքենան…
Ատոմ պապն այսօր էլ հիացմունքով է խոսում թոռան ու նրա ընկերների խենթության հասնող խիզախությունից.
-Էս ինչ սերունդ է՝ արյունը եռում է երակներում, ահ չունեն, ասես՝ առյուծի սիրտ են կերել… Իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր, ցանկացած բարդության, անվարան ու արագ, անթերի կատարում էին:
Էդգարին կտեսնեիք մեկ դիրքերում՝ զինակից ընկերների կողքին կրակելիս, մեկ շտապօգնության մեքենայով վիրավորների տեղափոխելիս, մեկ հսկա «Կամազով» խավար գիշերվա մեջ խելահեղ արագությամբ դիրքեր զենք հասցնելիս…
-Ոնց որ՝ կինո լիներ, իսկը «Ֆորսաժ» ֆիլմի պես, աջ ու ձախ պայթում էին արկերը, բայց դու առաջ էիր սլանում։ Մեկ-մեկ մտածում էի՝ տեսնես՝ տուն կհասնեմ, կարոտած մորս կփարվեմ, թե… Մահից չէինք վախենում, չէ, բայց ուզում էինք ողջ մնալ, որ մեր զոհված ընկերների վրեժը լուծեինք…
Կամիկաձեների չարագույժ ոռնոցը, հրետանու որոտը չէր դադարում, ու թե մի պահ լռություն էր տիրում, պահը որսալով, Էդգարը զանգում էր տուն, ձայնին անհոգ ու զվարթ երանգ տալով՝ խոսում մոր հետ, ու հենց այդ պահին, հակառակի պես, նորից աշխուժանում էր թշնամու կրակատարափը: Հնարամիտ ընկերներն ինչ սուտ ասես չէին հորինում, որ տնեցիների տագնապներն ու անհանգստությունը ցրեին, ու երբ արկի հերթական դղրդյունն էր թնդում, տղերքը բարձր ձայնով, որ հեռախոսի մյուս կողմում լսելի լինի, ասում էին՝ Էդգար ջան, ներող, կոնսերվի բանկան պայթեց…
Ամբողջ պատերազմի ընթացքում Էդգարը մորն ու քրոջը հավատացրեց, որ իրենց հատվածում համեմատաբար խաղաղ է, որ ինքը շատ հեռու է մարտերի կիզակետից…
Մարտի դաշտում ցուցաբերած խիզախության համար Էդգարը Արցախի նախագահի կողմից խրախուսվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
***
Հայր ու որդի, պապ պատերազմից տուն են վերադարձել չավարտված պատերազմը հոգիներում…
-Հայրենիքը մեր մեծ տունն է, ու ամեն մեկս մեր գործով, մեր նվիրումով պիտի ամրացնենք,- ասում է Ատոմ պապը։
-Մենք տիրոջ սրտացավությամբ պիտի պահենք մեր սրբությունները, մեր խաչը ու խաչին հավասար սուրն էլ պաշտենք, որ այլեւս չհայրենազրկվենք,- լրացնում են Հրաչն ու Էդգարը։
Օրերս զորացրված Էդգարը որոշել է ծառայությունը շարունակել սահմանապահ զորքերում:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
եւ Պետրոսյանների անձնական արխիվի
Խորագիր՝ #29 (1451) 28.09.2022 - 04.10.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում