Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Ի ՇԱՀ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

Ակնհայտորեն վերջին ժամանակներս մեծացել է հասարակության ուշադրությունը նախարարներին կից գործող հանրային խորհուրդների նկատմամբ: Հանրային խորհուրդները պետք է կարևոր դերակատարում ստանձնեն հասարակության և իշխանության մեջ երկխոսության ծավալման, հասարակական կարծիքի և պահանջների, մտահոգությունների ներկայացման, քաղաքականության մշակման գործում հասարակության ներգրավվածության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում£ Ներկայումս ՀՀ կառավարությունում մշակվում է հանրային խորհուրդների օրինակելի աշխատակարգը:

ՍԵՐԻԱԼ... ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ

Մոտ ժամանակներս «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստադիտողներին ներկայացնելու է նոր նախագիծ՝ «Սահմանին» հեռուստասերիալը, որը վերջին շրջանում, հատկապես համացանցում, լայն քննարկումների տեղիք է տվել: Ֆիլմը զգայուն թեմայի է անդրադառնալու՝ երկրի սահմանների պաշտպանությանը, պատմելու է սահմանապահ զինվորականների ամենօրյա դժվարին ու վտանգավոր ծառայության մասին: Ուստի, հետաքրքրությունը «Շանթ»-ի եթերում ֆիլմի ծանուցումը դիտող հեռուստադիտողների շրջանում մեծ է, իսկ սպասումներն ու տրամադրությունները՝ հակասական: Շատերն այն բյուրեղացած կարծիքին են, որ եթե սերիալ է, ուրեմն կարող են լուրջ ակնկալիք չունենալ: Եվ մեղադրել չի կարելի՝ վկան մեր հեռուստաեթերը հեղեղած ցածրաճաշակ, առանց ասելիքի սերիալներն են: Շատերն էլ հակառակը՝ անհամբեր սպասում են ֆիլմի ցուցադրմանը:

ԲԵՐԴԱՎԱՆԻ ՔԱՂՑՐ ԽԱՂՈՂԸ

Զինվորական մեքենան կանգ է առնում Բերդավանի խաղողի այգիներից մեկում: Հայացքս թափառում է փոքրիկ այգում, նայում եմ կանոնավոր շարքեր կազմած վազերին, իրար վրա դարսված արկղերին, որ պռնկեպռունկ լցված են արևի գույն ունեցող խաղողով, բերքը խնամքով քաղող երիտասարդ կնոջը, մեքենայի թափքում հերթական դույլը դատարկող տղամարդուն, և վտանգը մի տեսակ անիրական է թվում…

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԱՓՍԵԻՑ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ամուր հիմքերի վրա է Ռազմական ինստիտուտ-դպրոց համագործակցությունը: Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու համար Ռազմական ինստիտուտում հաճախակի կազմակերպվում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրով նախատեսված պարապմունքներ, մրցումներ, օլիմպիադաներ և այլ միջոցառումներ: Միջոցառումների անբաժանելի մասն են էքսկուրսիաները, որոնց ընթացքում աշակերտները ծանոթանում են կուրսանտների առօրյային ու կենցաղին, վարժասարքերին ու ուսումնական զենքերին, Ռազմական ինստիտուտում անցկացրած մի քանի ժամվա ընթացքում պատկերացում կազմում, թե ինչպես է կոփվում ու մասնագիտանում հայոց բանակի ապագա սպան:

Այս տարվա սեպտեմբեր ամսից մեկնարկել է «Հայ Ասպետ» կրթամշակութային խաղի համաբանակային մրցույթը: Մեր զորամասի թիմը նախապատրաստվելուց հետո մասնակցեց առաջին փուլի խաղին, որտեղ մրցում էին բանակային 2-րդ զորամիավորման կազմի մեջ մտնող թիմերը: Բավականին բարձր միավորներ հավաքելով` մեր թիմը փայլուն հաղթանակ տարավ, բացարձակ առավելության հասավ մրցակից թիմերի նկատմամբ: Իրենց գերազանց գիտելիքներով հատկապես աչքի ընկան շարքային Ռազմիկ Ղազարյանը և թիմի ավագ, կրտսեր սերժանտ Արման Մամյանը:

ՀԱՅՐԵՆՅԱՑ ՄԻ ՇԱՌԱՎԻՂ

Թովմաս ու Պետրոս եղբայրները փրկվեցին Վարդանյան մեծ գերդաստանից ու բնակություն հաստատեցին Թալինի Դավթաշեն գյուղում: Երկու եղբայրներն էլ հայտնի հեքիաթասացներ, հրաշալի բանասացներ էին: Լինում էին ձմռան գիշերներ, երբ նրանց պատմությունները մնում էին անավարտ, ու հարևան -դրկիցները հաջորդ օրը դեռ մութը չընկած նրանց տանն էին: Ու նորից ծայր էին առնում պատմությունները: Չնայած բոլոր հեքիաթների ավարտը բարի էր, սակայն Թումոն (Թովմասին ու Պետրոսին գյուղացիները կարճ Թումո ու Պետո էին ասում) ամեն հեքիաթի ու պատմության ավարտին ձեռքը ախով խփում էր ծնկներին ու անլսելի շշնջում. «Ախ, իմ անուշ էրգիր»: Ու բոլորը գիտեին, որ նորից հիշել է Սասունի Ախունդ գյուղն ու այնտեղ մնացած սուրբ մասունքները:

...ԻՆՁ ԷԼ ԵՔ ՍՐՍԿԵԼՈ՞Ւ

2014 թվականի ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարների համատեղ հրամանով` զորակոչիկների նախնական պատվաստումներն իրականացվում են ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հիմնարկներում: Համաձայն հրամանի` հաստատվել է զինակոչիկների եւ նախազորակոչիկների շրջանում պատվաստումների կատարման կարգը:
Պատվաստումները կատարվում են ՀՀ զինկոմիսարիատներում 15 տարեկանների կցագրումից անմիջապես հետո եւ ավարտվում են 16 տարեկանում` ապահովելով հեպատիտ Ա, մենինգակոկային, պնեւմակոկային, ԿԿԽ, ԱԴՓ-Մ, տուլարեմիա պատվաստանյութերի մեկական դեղաչափ: Բացառության կարգով նշված ժամկետներում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք պատվաստվում են հնարավորինս շուտ` մինչեւ ՀՀ զինված ուժեր զորակոչվելը: