Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան, հանդիպեց դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժորժ Սմեսոֆը: Ողջունելով նախարարին` համալսարանի ռեկտոր տիկին Ժոել Լը Մորզելեկը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել մի մարդու, ով կռվել է հանուն հայրենիքի:

ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի գլխավորությամբ եւ նախաձեռնությամբ վարչական շրջանի տասնյակ բնակիչներ հունվարի 29-ին այցելեցին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը՝ տեսնելու եւ բանակի 20-ամյակի կապակցությամբ շնորհավորելու իրենց զինվոր որդիներին: Նրանց էին միացել նաեւ Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսար գնդապետ Մաթեւոսյանը, ԶՈՒ վետերանների կոմիտեի եւ միավորման անդամ, ռազմահայրենասիրական դաստիարակության հանձնաժողովի նախագահ գնդապետ Ռ. Բախշյանը, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱՇԱԿԵՐՏ՝ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԶԻՆՎՈՐ

Հայոց ազգային բանակը 20 տարեկան է։ Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների շքահանդես է ողջ հանրապետությունում։ Երեւանի N 77 դպրոցում բաց դաս է. բանակային թեմաներով երգն ու ասմունքը հաջորդում են միմյանց։ Աշակերտները սիրով եւ ոգեշնչված ներկայացնում են հայկական բանակի անցած դժվարին, կորուստներով լի, բայց պատվաբեր ճանապարհը. «Իրոք, հրաշքի էր նման բանակի ծնունդը («Բանակի ամեն օրը ծնունդ է, մեր բանակը մշտարթուն, ձեռքբերումներով լի, երբեք չհոգնող, չհանգստացող կառույց է»-Վազգեն Սարգսյան)։ Սկզբում, ամենասկզբում սովորական, պարզունակ հրացաններով զինված կամավորական ջոկատներ էին, այսօր արդեն կայացած, հզոր, ռազմական տեխնիկայով հագեցած բանակ, որն ամուր պատվար է մեր անկախության պաշտպանության գործում…»։

Անդրանիկ Օզանյանի անվան զորամասը ՀՀ բանակի 20-րդ տարեդարձն սկսել է նշել հունվարի 26 – ից, տարեդարձի առթիվ զորամասի սպաներն ու սերժանտներն արժանացել են ՀՀ ՊՆ հոբելյանական հուշամեդալների: Տոնի առթիվ զորամաս են այցելում հյուրեր` այդ թվում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ծնողներ, զորամասի նախկին զինծառայողներ: Սպասվում է «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ի, ԵԿՄ անդամների այցելությունը:

Արարատ քաղաքում տոնական օրն սկսվեց դրան համահունչ միջոցառմամբ: Հինավուրց քաղաքի Երկաթուղայինների փողոցը վերանվանվեց ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվամբ: Միջոցառմանը ներկա էին հերոսի տիկին Ռուզաննա Գորգիսյանը, որը նաև «Մ. Գորգիսյան» հիմնադրամի ղեկավարն է, ինչպես նաև նրա անունը կրող դպրոցի և Արարատի մանկապարտեզի սաները, երաժշտական և հանրակրթական դպրոցների կոլեկտիվները:

ԹՈՂ ՀԱՎԵՐԺԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Ես ծնվել եմ զինվորականի ընտանիքում։ Աչք եմ բացել ու զինվորականներ տեսել։ Հայրս՝ Մաթեւոս Ղազարյանը մասնակցել է Սարիղամիշի, Սարդարապատի ճակատամարտերին։ Նոր Բայազետում, Էջմիածնում, Երեւանում որպես զինկոմ է աշխատել։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբնական շրջանում Երեւանի քաղաքային պաշտպանության շտաբի պետն էր, աշխարհազորային առաջին գումարտակի հրամանատարը։ Հետո մեկնեց ռազմաճակատ, կռվեց Կերչում։ Ես էլ էի որոշել զինվորական դառնալ եւ հենց այդ ժամանակ սովորում էի Կրասնոդարի ականանետային գնդացրային ուսումնարանում, որտեղից էլ կամավոր մեկնեցի ճակատ։ Կռվել եմ Դոնբասում։

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՏՂԱՆ

Շուտ մեծանամ,
Զինվոր դառնամ,
Լավ ծառայեմ,
Հայրենիքս ես պաշտպանեմ։