Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏ

Օրերս ՀՀ վետերանների միավորումում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Բացելով նիստը և շնորհավորելով բոլորին` վետերանների խորհրդի նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը խոսեց անկախության հռչակման առանձնահատկությունների, պատմական նշանակության, պետական կառույցների կայացման դժվարությունների մասին, անդրադարձավ անցած քսան տարիների ընթացքում վետերանական կազմակերպությունների գործունեությանը:
Նա ընդգծեց, որ անկախության հռչակումից հետո առաջնահերթ նշանակություն ստացավ այն պահպանելու հարցը: Անհրաժեշտ էր կազմակերպել ուժեղ և մարտունակ բանակ, որը կփոխարիներ կամավորական ջոկատներին: Տեղի կադրերի, ինչպես նաև հայրենիքի կանչով Հայաստան վերադարձած հարյուրավոր հայազգի սպաների ջանքերով հայկական կանոնավոր բանակի ձևավորումը իրականություն դարձավ:

ԴՐՈՇ` ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության դրոշի օրհնության արարողությունը, որին ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ՊՆ բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներ` գլխավորությամբ Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Դրոշի օրհնության կանոնի կատարումից հետո, Գարեգին Բ կաթողիկոսը և ներկաները համբուրել են սրբագործված դրոշը:
Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն» գրությամբ, մյուս երեսին ԶՈՒ զինանշանն է` «Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված մեզ հետ է» գրությամբ:

ՓԱՌՔ ՔԵԶ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐ ԳԻՏԵՍ ՀԵՐՈՍՆԵՐ ԾՆԵԼ

Պատերազմից առաջ ես նույնիսկ Արցախի տեղը չգիտեի։ Բայց ինձ ասացին, որ քո հայրենիքը, քո հայրենակիցները վտանգի մեջ են։ Որ ադրբեջանցիները խորհրդային իշխանության հետ դաշնակցած` հարձակվել են քո հողի ու քո հայրենակիցների վրա, փորձում են հայրենազրկել նրանց ու խլել Արցախը։ Ես զգացի իմ արյան թրթիռը։ Ինչ-որ քնած զգացում խլրտաց հոգուս մեջ. կուզես հայրենասիրություն ասա, ազգային արժանապատվություն, գենի կանչ… Երբ Վազգեն Սարգսյանը հեռուստացույցով ասաց, որ ամենավտանգավոր տարածքներում կռվելու համար մահապարտներ են հարկավոր, ես առանց տատանվելու գնացի ճակատ՝ կյանքի գնով փակելու թշնամու ճանապարհը։

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում երդման արարողություն է։ Բազմամարդ է կրթահամալիրի տարածքը։ Եկել են Հայաստանի տարբեր վայրերից։ Շնորհավորում են մեկմեկու ե՛ւ երդման, ե՛ւ Հայաստանի անկախության տարեդարձի առիթներով։ Տարբեր բարբառների գեղեցիկ խճանկար է։ Տատիկ-պապիկները, ծնողները, հարազատները զրույցի են բռնվում ռազմամարզական վարժարանի ղեկավար Կ. Ղումաշյանի հետ։ Վերջինս գոհունակությամբ է արձանագրում այն փաստը, որ վարժարանի մասին հոգ է տանում անձամբ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը։
…Ժամը 11-ն է։ Հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Ե՛վ հարազատների, ե՛ւ վարժարանի սաների դեմքին հուզմունք կա, հպարտություն։ Յուրաքանչյուրը փորձում է միանման հագնված տղաների մեջ գտնել իր որդուն, թոռանը, հարազատին…

ԱՌԱՆՑ ՔԵԶ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼՐԻՎ ՉԷ

Ծուռ պատը միշտ էլ փլվում է։ Եթե նույնիսկ ոչ տանիքի, ապա ժամանակի բեռան ծանրությունից։ Բայց… ի՞նչ կլիներ, եթե Ղարաբաղյան շարժումն ուշանար։ Հայկական Ղարաբաղը գոյություն չէր ունենա։ Կիրականանար Ղարաբաղը, Ամասիան, Մեղրին, Վարդենիսը, Մասիսը, Նոյեմբերյանը, Ղափանը ադրբեջանականացնելու՝ դեռեւս դարասկզբից եկող թուրքական ծրագիրը։ Պատահական չէր, որ Թուրքիայի նախագահ Օզալը սկսեց որոտ ու շանթ արձակել, երբ Շուշիից, Կիրովաբադից, Բաքվից հայերի տեղահանմանը Հայաստանի հայերը պատասխանեցին համարժեք գործողություններով։ Ժամանակներն ուրիշ էին, ու «Չկա հայկական հարց, որովհետեւ չկան հայեր» Թալեաթի բանաձեւը պետք էր իրականացնել յաթաղանից ոչ պակաս արդյունավետ ժողովրդագրությամբ։

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Սյունիքի մարզի «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական կազմակերպությունը սեպտեմբերի 17-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում նախաձեռնել էր միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ եւ բանակի 19-րդ տարեդարձներին: Միջոցառման ընթացքում տեսաֆիլմի միջոցով ներկայացվեցին Սյունյաց աշխարհի հերոսական անցյալն ու մերօրյա երիտասարդության անելիքներն ու ձգտումները: Երիտասարդներին ողջունելու եւ իրենց շնորհավորական խոսքն ուղղելու էին եկել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

ԶՈՀՎԵՑ ԳՆԴԱՑԻՐՆ ԱՄՈՒՐ ԳՐԿԱԾ...

Հայաստանի քսանամյա հանրապետության առաջին զինվորներից էր Վարդան Հովհաննիսյանը` քսանամյա մի պատանի, որ վճռել էր իր ճակատագիրը տնօրինել, ինչպես վայել է հասուն տղամարդուն:
Սեպտեմբերի 15-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի լսարանում, որը կրում է նրա անունը, տեղի ունեցավ հիշատակի օր: Ներկա էին Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, աշակերտներ Երեւանի թիվ 142 միջնակարգ դպրոցից, որտեղ սովորել եւ գերազանցությամբ ուսումը ավարտել էր ազատամարտիկը, ուսանողներ: