Բանակ և հասարակություն
«Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Մարիամ Ստեփանյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի պատվիրակությունը եւս մասնակցեց Քաշաթաղի (Լաչինի) ազատագրման 19-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնակատարություններին։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Քաշաթաղի ազատագրմանը մասնակից «Հատուկ գնդի» վետերան ազատամարտիկներ, պահեստազորի սպաներ Յուրա Ապերյանը, Արթուր Հարությունյանն ու Լեւոն Սահակյանը, զոհված ազատամարտիկներ Գուրգեն Շահնազարյանի, Սպարտակ Սահակյանի, Զոհրապ Հովհաննիսյանի հարազատներն ու ժառանգները, «Գ. Նժդեհ» ջոկատի դիպուկահար, ազատամարտիկ Նունե Ալիխանյանը, «Վանաձոր» ջոկատի բուժքույր, ազատամարտիկ Աղավնի Փանոյանը, «Դեյվիդ» ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Ռուզաննա Ամիրխանյանը, ԵԿՄ Լոռու մարզի խորհրդի «Լոռին բերդ» պաշտոնաթերթի խմբագիր Աշոտ Միրզոյանը եւ այլք։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 15-ին Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ և Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին և մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ և ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից:
Յուրա Պողոսյանի մարտական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել հերոսի քույրը` Իրինա Առաքելյանը, մարտական ընկեր Մարտիկ Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Դժվար է հիշել մի զորակոչ, երբ Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարիատը պլանային առաջադրանքները կատարած չլինի։ Պարզապես սահմանամերձ այս շրջանում՝ բանակում, թե բանակից դուրս, զինծառայող, թե խաղողագործ, բոլորն են իրենց զինվոր, երկրի պաշտպան համարում։ Զորակոչը լուսաբանելու համար Եղեգնաձորի զինկոմիսարիատ մեր այցը հանկարծակի էր, որովհետեւ գործուղման ծրագրի մեջ չէր, եւ նույնիսկ չգիտեինք էլ՝ այդ օրն այնտեղ զորակոչ կա՞, թե՞ ոչ։ Իսկ երբ տեղ հասանք, պարզվեց, որ զորակոչային բաժանմունքի պետ կապիտան Գագիկ Գրիգորյանի ղեկավարությամբ զինակոչիկները գնացել են քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցի՝ զինծառայության մեկնելուց առաջ Աստծո օրհնությունը ստանալու։
Հունիսի 3-ին մեծ շուքով նշվեց «Փոքր Մհեր» կրթահամալիրի ստեղծման 10-ամյակը: Հարազատ կրթօջախում տեղի ունեցած հանդիսավոր տողանից հետո հայկազուններն այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի, Երվանդ Սաղումյանի, Սամվել Գեւորգյանի, Մուշեղ Մխոյանի եւ Էդիկ Մարկոսյանի հիշատակին։ Ապա երթը շարունակվեց դեպի Եռաբլուր, այստեղ նրանց դիմավորեցին Հայրենական մեծ պատերազմի, մեր նորօրյա ազատամարտի վետերանները, բարձրաստիճան սպաներ, եւ միասին ծաղկեպսակ դրեցին Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների, Անդրանիկ Զորավարի եւ Վազգեն Սպարապետի շիրիմներին։ Հաջորդ կանգառը հայոց մեծերի պանթեոնն էր։
«Վրաններում էինք պարապմունքներ անցկացնում. երեխաները մեկում դասերն էին պարապում, մյուսում՝ ճաշում, երրորդում՝ քնում։ Վառարան էինք վառում, ծուխը լցվում էր ներս։ Ընդամենը 40 սան ունեինք։ Ուսուցիչները գնահատում էին երեխաներին` մատյանները ծնկների վրա դրած։ Պայմաններ չկային, նորմալ գույք չկար։ Բայց կար մեծ սեր, կար նվիրում»,- հիշում են կրթահամալիրում առաջին օրից աշխատողները։
Զինվորական ծառայությունը համարում եմ իմ կյանքի ամենակարեւոր շրջանը, որն անցնում եմ գիտակցաբար եւ պատվով։ Ինչպես ցանկացած գործի սկիզբ, ծառայությանս սկիզբն էլ փոքր-ինչ դժվար ստացվեց (նկատի ունեմ նոր միջավայրին հարմարվելու դժվարությունը)։ Ծառայությանս մեկ տարին անցել է, եւ այսօր ուզում եմ անկեղծորեն խոստովանել՝ ամենեւին էլ չեմ զղջում, որ արտերկրում հաստատվելու եւ ուսումս շարունակելու հնարավորություն ունենալով, գերադասեցի մնալ հայրենիքում եւ զորակոչվել բանակ։
Ամռան առաջին օրը երեխաներինն է: 1950 թվականի հունիսի 1-ից ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Պաշտպանելով երեխաներին այսօր` մենք պաշտպանում ենք մեր ապագան, մեր վաղվա պետությունը: Մեր մոլորակի փոքրիկ բնակիչներն իրենց անմեղ հոգով, անկեղծ ժպիտներով, անմիջականությամբ, իրենց աչքերի փայլով ջերմացնում են բոլորիս սրտերը: Թող մանկության մոլորակում թեւածի խաղաղությունը, սերն ու բարությունը լինեն հարատեւ: Արժանին տանք երեխաներին` արժանին ստանալու համար: