Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԵՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

Զինվորների մայրերը հպարտ, հուզված, ոգեւորված եւ խանդավառ պատմում են իրենց որդիներից։ Ճոխ ու գեղեցիկ բառագանձ ունի հայերենը, սակայն զինվորների մայրերին չի բավարարում անգամ մեր շքեղ, ոսկեղենիկ հայոց լեզուն. բառերը խամրում են, անգունանում՝ անկարող լինելով արտահայտել այն, ինչ մոր սիրտն է ուզում։
«Օ՜, եթե աշխարհը մոր սրտով գնար»,- ասում է մայրապաշտ բանաստեղծը՝ Հովհաննես Շիրազը։ Երանի հենց այդպես էլ լիներ. եթե աշխարհը մոր սրտով գնար, ապա ողջ տիեզերքը պռնկեպռունկ լցված կլիներ միայն լույսով, ջերմությամբ, սիրով, առատությամբ, բարությամբ ու խինդով, այսինքն՝ խաղաղությամբ…

Ինձ համար կանանց տոնը ամենագեղեցիկ, ամենանուրբ, ամենահզոր ու ամենասիրելի տոներից մեկն է, որովհետեւ շատ գեղեցիկ, նուրբ, հզոր ու սիրելի են հայ կանայք՝ մեր մայրերն ու քույրերը, կանայք ու աղջիկները, ընկերուհիներն ու բարեկամուհիները։ Ես ազատամարտիկ եմ ու իմ սիրելի, ինձ շրջապատող կանանց շարքում պիտի նշեմ նաեւ ճակատային ընկերուհիներիս՝ այն հրաշալի խիզախ կանանց, որոնք հայրենիքի համար կռվող ռազմիկի կողքին էին, դարմանում էին մեր ցավերը, կապում էին մեր վերքերը, իրենց սիրով ու ջերմությամբ հուսադրում էին մեզ։ Ես պատերազմի դաշտում կորցրի տեսողությունս ու դրանից հետո ավելի խորն զգացի կին արարածի սիրո, աջակցության, նվիրվածության ուժը։ Իմ ընտանիքում ես միակ տղամարդն եմ, ապրում եմ կնոջս ու աղջկաս հետ։ Ամեն քայլափոխի զգում եմ նրանց սիրո եւ քաջալերանքի կարիքը։ Իսկ երբ հերթական բուժումն եմ ստանում պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալում, դարձյալ մեր հրաշալի բժշկուհիներն են իրենց հոգատարությամբ, բարի վերաբերմունքով բարձրացնում տրամադրությունս, մոռացության տալիս ցավերս, հոգսերս։

ԵՍ ԲԺԻՇԿ ԵՄ

Ինձ համար ընտանիքի կատարելատիպը հորս ընտանիքն է՝ իմ ընտանիքը մանկության ու պատանեկության տարիներին։ Ես բժիշկների ընտանիքում եմ ծնվել։ Ցավով եմ ասում՝ հիմա փոխվել են չափանիշները, արժեքները, փոխվել է բժշկի հավաքական նկարագիրը։ Իմ մանկության տարիներին բժիշկը գթասրտության, անձնվիրության, ազնվության խորհրդանիշ էր։ Մեր տանը մի փոքրիկ առանձնասենյակ կար, որտեղ հայրս եւ մայրս հիվանդներ էին ընդունում։ Աշխատանքից հետո սեփական նախաձեռնությամբ շարունակում էին օգնել իրենց կարիքն զգացող մարդկանց՝ փոքրիկ հիվանդասենյակ բացելով տանը։ Հիվանդները մեր տուն էին գալիս ամենատարբեր գանգատներով, ամենատարբեր ժամերին։ Մեր դուռը միշտ բաց էր նրանց առաջ։ Երբ հորս խնդրում էին, որ մի քիչ խնայի իրեն, ասում էր՝ ես բժիշկ եմ։ Ասում էր հպարտությամբ ու այնքան մեծ իմաստ ու բովանդակություն էր դնում բժիշկ բառի մեջ։ Ավելորդ է ասել, որ հայրս ու մայրս հիվանդներին օգնում էին առանց որեւէ նյութական ակնկալիքի։ Նրանք այնքան վեր էին նյութապաշտությունից, այնքան բարձր էին գնահատում իրենց կոչումը, պատիվը, հեղինակությունը, նրանց հոգսերը, ձգտումները այնքան անանձնական էին ու բարձր։

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ

Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր պանթեոն այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ եւ զինծառայողներ: Նրանք ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաեւ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներն ու պարզապես քաղաքացիներ, դպրոցականներ: Թիվ 84 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ փոխգնդապետ Հ. Սարգսյանը նշեց, որ դպրոցականները մեծ հետաքրքրասիրությամբ են լսում Վազգեն Սարգսյանի մասին իր պատմածները. «Սպարապետի շիրիմին մեր այցելությունը երիտասարդներին հայրենասիրության դասեր տալու հրաշալի հնարավորություն է»:

ՆԺԴԵՀԻ ՈԳՈՎ՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ

Այս տարի լրանում է Գարեգին Նժդեհի ծննդյան 125 ամյակը: Մի մարդ, անհատականություն, որի ամեն մի քայլը, կյանքի յուրաքանչյուր դրվագը հայրենասիրության, անձնազոհության դրսևորում է՝ միտված սերունդներին: Մարտի 14-ին Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցում ցեղակրոն զորավարի հիշատակին կազմակերպված միջոցառման հերոսները երեխաներ էին՝ հայրենիքի մերօրյա պաշտպանները, որոնք իրենց բոցաշունչ ելույթներով ներկայացրին մեծ հայի կենսագրությունը, ռազմական ոլորտում նրա նվաճումները, հայրենիքի ու հայ ազգի ապագայի վերաբերյալ մտորումներն ու ապրումները` նրա տարբեր գրվածքներից մեջբերելով ինչպես քաջ հայտնի, այնպես էլ շատերին անծանոթ արտահայտություններ:

Օրերս զորամիավորման հրամանատար Հ.Օհանյանը և Գեղարքունիքի մարզպետ Ն.Պողոսյանը պարգևատրել են Գեղարքունիքի մարզի 9-11-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպված` “Հավատում եմ քեզ, զինվոր” թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներին: Մրցույթի մասնակիցներից 10-ը արժանացել են պատվոգրի, 20-ը` շնորհակալագրի: Լավագույն շարադրություններն ուղարկվելու են զորամասեր, որտեղ դրանք կընթերցվեն զինվորների համար, իսկ հեղինակներին հրապարակավ կհանձնվի մրցանակը:

Օրերս գնդապետ Հ.Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ղեկավարությունն այցելել է Գավառի պետական համալսարան (ԳՊՀ), հանդիպել համալսարանի ղեկավարության, ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպման նպատակն էր ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ուսանողներին ներկայացնել զորամիավորման ստեղծման պատմությունը և ծանոթացնել զինծառայությանը: Զինվորականները պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին: