Ճակատագրեր
Սամվելը հզոր էր, խիզախ, առնական, նա զերծ էր կենցաղային խորամանկությունից։ Սամվելին անհնար էր չսիրել։ Նրա ընկերներին, ծանոթներին թիվ ու սահման չկար։ Սամվելի բնավորության ամենավառ գիծը մարդասիրությունն էր։ Երբ նրանից օգնություն էին խնդրում, երբ նրան դիմում էին զանազան հարցերով, ու Սամվելը ամեն գնով փորձում էր օգնել, զարմացած հարցնում էի՝ ո՞վ է՝ ընկե՞ր է, բարեկա՞մ է… (որովհետեւ միայն ամենահարազատ, ամենամտերիմ մարդու համար կարելի էր այդքան չարչարվել)։ Այդպիսին էր Սամվելը։ Որտեղ մի կարիքավոր կար, Սամվելը կողքին էր։ Այնքան շռայլ էր, այնքան վեր էր նյութապաշտությունից, մանրախնդրությունից։
Շուտով լույս կտեսնի Սերժ Առաքելյանի «Հրեղեն ոգու կանչը» գեղարվեստական վավերագրական ակնարկների գիրքը, որը պատմում է արցախյան ռազմաճակատներում «Զորավար Անդրանիկ» ինքնապաշտպանական կամավորական ջոկատի մարտիկների ցուցաբերած արիության ու տոկունության, նրանց մարտական սխրանքների մասին։ Գրքի հերոսներն անձնուրացաբար կռվելով զավթիչների դեմ, իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հանրապետության սահմաններն ու Արցախը։ Հայրենիքի հանդեպ նվիրական սերն է, որ ոգեշնչում, մարտնչելու եւ հաղթելու ուժ էր տալիս նրանց։
«Փափրավենդ գյուղում էինք: Ես նկատեցի թշնամու հարձակման ուղղությունը: Տանկերով առաջ էին մղվում: Միակ հակատանկային զենքը ինձ մոտ էր: Բարձրացա, որ խփեմ: Մեկ էլ գլուխս զնգաց. թշնամու փամփուշտը աջ կողմից մտավ ուղիղ գլխիս մեջ»: Դրանից հետո ոչինչ չի հիշում: Միայն հասցրել էր ընկերներին տեղեկացնել, որ թեւին բժշկական փաթեթ ունի:
«Փաթեթը արագ-արագ բացեցինք, գլուխը կապեցինք: Այդ պահին նկատեցի, որ գլխի ոսկրածուծից մի քանի կաթիլ ընկավ ոտքիս. մտածեցի՝ ուղեղն է, վերջ՝ Գեղամը զոհվեց, այլեւս ոչինչ հնարավոր չէ անել:
Ես ու Ռուդիկը համադասարանցիներ ենք։ Առաջին դասարանից միեւնույն նստարանին ենք նստել ու շատ մտերիմ ենք եղել։ Ռուդիկն ինձ եղբոր պես էր վերաբերվում, շատ հոգատար էր, ուշադիր, նրբանկատ։ Նա ինքնատիպ տղա էր։ Առաջին հայացքից կարող էր թվալ անմիջական, շփվող, կենսուրախ, բայց իրականում շատ նրբազգաց էր, խոցելի, ներամփոփ։ Նրա ապրումները, զգացմունքները հոգու խորքում էին։ Ռուդիկը նուրբ ու գեղեցիկ ներաշխարհ ուներ (իր արտաքինի պես)։ Նրա դպրոցական տետրերի բոլոր անկյուններում ինչ-որ պատկերներ էին նկարված։ Քանդակագործություն էր սովորում։ Ավելի բարձր դասարաններում սկսեց սպորտով զբաղվել, բոքս էր պարապում։ Բոքս եւ քանդակագործություն՝ այս երկու նախասիրությունները շատ բնութագրական էին Ռուդիկի համար, բնորոշում էին նրա հոգու ուժն ու գեղեցկությունը։
Արցախյան պատերազմը ալեկոծեց հայ հասարակությանը, և հենց այդ պահին էր, երբ առաջ եկան մարդիկ, որոնք իրենց ուսերի վրա վերցրին Շարժում-Ազատամարտը` հատկապես առաջին գծում, որտեղ որոշվում էր Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Այդպիսի մարդկանցից էր նաև Արմենակ Արմենակյանը:
Կյանքի մեծ ճանապարհ անցած մարդու անունը որոշակի գործի հետ է կապվում: Արմենակի կյանքի գործը երկու բառերի մեջ կարելի է ամփոփել` Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ: Երկուսի մեջ էլ հսկայական իմաստ կա: Մեկում մեր ժողովրդի պատմության ու հոգևորի հանդեպ նրա ունեցած խոր հավատը, խոնարհումն ու սերն է, մյուսում` իր ժողովրդին ոսոխից պաշտպանելու, նրան պարտության մատնելու անսասան կամքը:
Ես գիտեմ, որ տղամարդկանց հետ ճակատ մեկնած, կռված կնոջ կերպարը (այն էլ հայուհու) միանշանակ չի ընկալվում։ Ֆիդայի կնոջ կերպարը չի համապատասխանում հայ կնոջ մասին մեր պատկերացումներին։ Ես նույնիսկ քամահրական վերաբերմունք եմ տեսել, քննադատություն եմ լսել։ Ու չեմ նեղանում։ Իրոք, կինը չպետք է զենք վերցնի, չպետք է կրակի, չպետք է մարդ սպանի։ Կինը ի բնե փխրուն, զգացմունքային, բարի արարած է, այդպիսին էլ պետք է մնա։ Նա պետք է կյանք տա, ոչ թե կյանք խլի։ Իսկ պատերազմը աղավաղում է կնոջ էությունը, սպանում է նրա հոգին։ Հիշում եմ՝ երբ առաջին անգամ դեմառդեմ հանդիպեցի թշնամուն ու կրակեցի։ Կրակեցի մոտ տարածությունից։ Երիտասարդ տղամարդ էր։ Հնարավոր է՝ որդուս տարիքին։ Եթե ես չկրակեի, ինքն էր կրակելու (ձեռքն ավտոմատին էր)։