Ռազմաքաղաքական
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի զգալի միջոցներ հատկացնել զինված ուժերի համար ռազմական նոր տեխնիկա գնելու նպատակով: Ձեռք են բերվելու նաև արտասահմանյան նմուշներ, սակայն փոքր թվաքանակով:
Մեդվեդևը նշել է, որ արտասահմանյան ռազմական տեխնիկա իրենք կգնեն սահմանափակ ծավալներով` նպատակ ունենալով միայն հասկանալ, թե ինչով են համալրվում օտարերկրյա բանակները: Նրա կարծիքով դա կօգնի նաև հայրենական արտադրողներին «չքնել» և թողարկել ավելի լավ նմուշներ:
ԱՄՆ-ը այլևս տեղեկատվություն չի տրամադրի Ռուսաստանին Եվրոպայում սովորական սպառազինության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Որոշումն ընդունվել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը վերակնքելու շուրջ անհաջող բանակցություններից հետո:
Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների հետաքրքրիր բացատրություն է առաջարկում ուկրաինացի վերլուծաբան Ալեքսանդր Լևչենկոն: Նրա առաջ քաշած վարկածի համաձայն՝ արաբական երկրներում սկիզբ առած հեղափոխությունները հրահրել է ԱՄՆ-ը, որպեսզի հնարավոր լինի պահպանել Իսրայելը՝ որպես հրեական պետություն:
Խնդիրը հետևյալն է: Իսրայելում ապրում են և՛ արաբներ, և՛ հրեաներ: Արաբների ծնելիության ցուցանիշն ավելի բարձր է, քան հրեաներինը: Սա նկատի ունենալով՝ դեռ 1950-ականներին որոշ գիտնականներ անհեռանկար գործ էին համարում հրեական պետության ստեղծումը: Իսրայելի ղեկավարները ժամանակին փորձեցին այս խնդիրը լուծել՝ խթանելով հրեաների ներգաղթը և, միաժամանակ` արաբների արտագաղթը: Սակայն սա միայն ժամանակավոր արդյունք տվեց:
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինն անցյալ շաբաթ հայտարարեց, որ ԱՄՆ-ը ծրագրում է Հյուսիսային, Բալթիկ և, միգուցե, Բարենցի ծովերում տեղակայել «Իջիս» համակարգի կառավարելի հրթիռային զենք կրող նավատորմ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարի՝ սպառազինության և միջազգային անվտանգության վերահսկման հարցերով տեղակալ Էլեն Թոշերը՝ Ռոգոզինի գրավոր հարցմանը պատասխան նամակում: Ամերիկացիների խոսքով, նավատորմը տեղակայվելու է միայն «ժամանակավորապես», և նախատեսված է լինելու «Եվրոպայի հարավից բալիստիկ հրթիռների վտանգը չեզոքացնելու համար»:
Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության վերլուծաբանների կարծիքով, Հյուսիսային Կովկասի և Ուզբեկստանի մահմեդական շարժման (ՈՒՄՇ) զինյալները, ոգևորվելով Մերձավոր Արևելքում մահմեդական ուժերի իշխանության գալուց, կարող են միավորվել՝ հանուն մահմեդական խալիֆայություն ստեղծելու գաղափարի: Ուզբեկստանի ԱԱԾ վերլուծական բաժնի աշխատակից Ա.Տաշիրովի խոսքով, ապացուցված է, որ ՈՒՄՇ զինյալները համագործակցում են չեչեն անջատողական Դոկու Ումարովի ավազակախմբերի հետ՝ միասին մարտնչելով Աֆղանստանում: Մասնավորապես, 2010թ. ամռանը Վազիրիստանում սպանվեց ՈՒՄՇ երկու զինյալ, մեկը` Դաղստանի քաղաքացի, մյուսը՝ Ադրբեջանի:
ԱՄՆ ռազմածովային հրամանատարությունը նպատակ ունի Վրաստանի սևծովյան ափին ստեղծել թիկունքային ապահովման ենթակառուցվածք, մասնավորապես՝ հսկիչ ռազմանավերի նավահանգիստ-ռազմակայան: Խոսքը Սև ծովի ավազանում նավագնացության անվտանգությունն ապահովելու, թմրանյութերի և արգելված այլ բեռների տեղափոխումը կանխելու մասին է, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մտադիր են իրականացնել Վրաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ:
Ադրբեջանում հիվանդագին են արձագանքել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի` «Երրորդ ուժ» թերթին տված հարցազրույցին: Զարմանալի չէ. գեներալն ասել էր, որ «հայի ազգային մտածելակերպում կան որակներ, որոնք խիստ բնութագրական են հետախույզի համար», եւ մեջբերել էր գենետիկայով զբաղվող ռուս պրոֆեսորներից մեկի հետեւյալ միտքը. «Հայկական պետությունը հիմնված է ամենամեծ ու կարեւոր՝ գենետիկական ռեսուրսի վրա, որից զուրկ են բազմաթիվ ազգեր: Եւ նյութական ոչ մի ռեսուրս չի կարող փոխարինել այն»: