Ռազմաքաղաքական
Եթե չես կարողանում մրցակցիդ հետեւից հասնել եւ սեփական պարտությունդ ընդունելու չափ ազնվություն էլ չունես, անելու այլ բան չի մնում, քան մրցակցիդ փեշից կախվելը: Այլ կերպ հնարավոր չէ որակել Ադրբեջանի ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ա.Ղարիբովի՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը, թե «Հայաստանն ատոմակայան ունի եւ Ռուսաստանի օգնությամբ 10-15 տարի հետո կարող է դառնալ միջուկային զենք ունեցող երկիր»: Ղարիբովը նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ միջուկային երկիրն է, եւ որ ատոմակայանի առկայությունը Հայաստանին հատուկ կարգավիճակ է տալիս:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 3-ին կայացավ «Ադրբեջանական կարպետներ. Իրեւանյան խումբ» գրքի ներկայացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցավ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը` հայտարարելով, որ «Ադրբեջանն այսօր ի վիճակի է վերականգնել իր պատմությունը` շնորհիվ իրեւանյան եւ ղարաբաղյան կարպետների, որոնք բացահայտում են հայկական կողմի կեղծիքները»:
Ռուսաստանը Հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի վերաբերյալ ԱՄՆ հետ բանակցությունների ձախողման դեպքում օպերատիվ-մարտավարական հրթիռային կայանքներ կտեղակայի Բելառուսում և Կալինինգրադի երկրամասում` այդպիսով ընդլայնելով հակաօդային պաշտպանության ռուսաստանյան համակարգի օպերատիվ-մարտավարական օղակի հնարավորությունները: Միաժամանակ կարագացնի օդատիեզերական պաշտպանության համակարգի մշակման աշխատանքները և կմեծացնի հրթիռային հարձակման վտանգի ազդարարման համակարգում տիեզերական բաղկացուցիչների տեսակարար կշիռը, ինչը կհավասարակշռի ՌԴ միջուկային զինանոցին սպառնացող վտանգները:
Արաբական լրատվամիջոցների պնդմամբ, սիրիական Տարտուս նավահանգստի մոտակայքում է գտնվում ՌԴ ռազմածովային նավատորմի երեք ռազմանավ, որոնք, սակայն, խարիսխ չեն նետել և զբաղված են հետախուզական ինֆորմացիայի հավաքմամբ: Իսկ Իրանի մամուլը կարծում է, որ Սիրիայի տարածքային ջրեր ռազմանավեր ուղարկելով Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքին պարզ հասկացնում է, որ թույլ չի տա մարդասիրական օգնության անվան ներքո Սիրիայում կրկնել լիբիական սցենարը:
Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հաստատմանն են ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է թռիչքների իրականացումը Սիրիայի օդային տարածքում: Այն կարող է քվերակության ներկայացվել արդեն եկող շաբաթ և ոչ միայն ԱՄՆ-ն ու Ճապոնիան, այլև մի շարք արաբական պետություններ ցանկանում են հանդես գալ որպես օրինագծի համահեղինակներ:
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը կարծում է, որ գործնականում իր սահմանի ողջ շրջագծի երկայնքով ընթացող զինված հակամարտությունները որոշակի հանգամանքների դեպքում կարող են վերաճել միջուկային զենքի կիրառմամբ ընթացող լուրջ պատերազմների, որի մեջ կներքաշվի նաև Ռուսաստանը: Դրա հիմնական վտանգներից մեկը համարվում է Վրաստանի և Ուկրաինայի ձգտումը՝ անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին: Այդ մասին, ՌԴ հանրային պալատում կայացած լսումների ժամանակ, հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:
Իրանի ատոմային օբյեկտներին հարվածելու շուրջ հավանական զարգացումնրը վերջին օրերին բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Արդյունքում մեծ ճանաչում է ստացել Persian Incursion խաղը, որը հնարավորություն է տալիս մոդելավորել երկու պետությունների միջև հավանական հակամարտության տարբեր սցենարներ:
Խաղը շուկայում հայտնվել է 2010թ., սակայն միայն այժմ է դուրս եկել ռազմական խաղերի սիրահարների նեղ շրջանակից: Հատկանշական է, որ խաղի տեսությունը հրապարակել է նաև Foreign Report հեղինակավոր հանդեսը, այն էլ` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հրապարակելու հաջորդ օրը: