Ռազմաքաղաքական
Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի 66-րդ նստաշրջանի քննարկմանն է ներկայացրել «Միջազգային պաշտպանվածության ներքո գտնվող անձանց վրա կատարվող ահաբեկչական հարձակումները» բանաձևի նախագիծը: Բանաձևը պաշտպանող ԱՄՆ-ը նախատեսում է այն քվեարկության դնել արդեն այսօր ՄԱԿ-ի հակաահաբեկչական ռազմավարության քաղաքականության վերաբերյալ օրակարգի շրջանակներում:
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը նշել է, որ այդ նախագծով իրենց երկիրը հաստատում է` ահաբեկչության դեմ պայքարը միշտ եղել է թագավորության հիմնական առաջնահերթություններից մեկը:
Իսրայելի բանակի հրամանատարությունը Իրանին կասկածում է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» շարժումների գրոհայինների մարտական պատրաստությանը աջակցելու համար: Իսրայելցի մասնագետների գնահատմամբ վերջին երեք տարիների ընթացքում պաղեստինցի գրոհայինները ոչ միայն հարստացրել են իրենց զինանոցը (օրինակ` ավելացել է հակատանկային հրթիռային համալիրների թիվը), այլև բարձրացրել են բարդ ռազմական տեխնիկան շահագործելու իրենց կարողությունները:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հակաբունկերային նոր ռումբ են սպառազինության վերցրել` 13,6 տոննա ընդհանուր քաշով: Ռումբը պարունակում է շուրջ 2,5 տոննա պայթուցիկ նյութեր և առաջին հերթին նախատեսված է մասսայական ոչնչացման զենքի ստորգետնյա ամրացված պահեստները ոչնչացնելու համար:
Նոր ռումբի երկարությունը 6 մետր է, երկաթբետոնե շերտի մեջ ներթափանցման խորությունը 60.9 մետր է, ինչը 10 անգամ գերազանցում է այսօր նույն նպատակներով կիրառվող GBU-28 ռումբերի ցուցանիշները:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Թեհրանի մերձակայքում գտնվող ռազմաբազայում պայթյունը տեղի է ունեցել նոր զինատեսակի փորձարկումների ժամանակ: Այդ զենքով Իրանը պատրաստվում է անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել Իսրայելին:
Ֆիրուզաբադին նոր զենքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ փորձարկումների արդյունքները Իսրայելի համար շատ տխուր հետևանքների կարող են հանգեցնել: Միևնույն ժամանակ նա կրկին բացառել է ԱՄՆ կամ Իսրայելի դիվերսիոն ուժերի կողմից պայթյունն իրականացնելու վարկածը:
Բազմաթիվ փորձագետներ միանգամայն իրական են համարում լիբիական հեղափոխությունն Ալժիր արտահանելու վերաբերյալ սպառնալիքները, որ հնչեցնում են Լիբիայում փաստացի տեր ու տնօրինություն անող իսլամական զինված խմբավորումները: Վերջիններս պնդում են, որ Ալժիրի զինված ուժերի հրամանատարությունը կամովին չի հանձնի իշխանությունը, իսկ երկրի նախագահ Բուտեֆլիկան լոկ խաղալիք է նրանց ձեռքում: Լիբիական որոշ զինված կազմավորումների ղեկավարներ համոզված են, որ հարևան երկրում ընթանում են հեղափոխական խմորումներ, և դրանց աջակցելու նպատակով հրապարակայնորեն անգամ խոսում են արդեն նոյեմբերին հարձակում սկսելու մասին:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ Սիրիայում արյունահեղությունը չդադարեցնելու դեպքում Անկարան ստիպված կլինի դիմել այդ քայլին, իսկ մինչ այդ սառեցնում է Սիրիայում նավթահանքերի յուրացման խոշոր ծրագիրը:
Փորձագետների պնդմամբ, Անկարայի նման որոշումը իրագործվելու դեպքում լուրջ ազդեցություն չի ունենա Սիրիայի էներգաապահովման վրա, քանի որ բացի սեփական էլեկտրակայանների արտադրանքից, Սիրիան էլեկտրաէներգիա է ստանում նաև Հորդանանից ու Լիբանանից:
Նոյեմբերի 5-ին` Հետախույզի օրը, զորատեսակի մասնագիտական տոնի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, բազմաթիվ հյուրեր: Սկզբում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները նախարարին և բոլոր հյուրերին ներկայացրին հետախույզների զինանոցում առկա զենքերը` միջին և մեծ հեռահարության դիպուկահար հրացաններ, տարատեսակ սառը զենք և այլն, ապա նաև` օգտագործվող հանդերձանքը, կապի և դիտարկման մասնագիտական միջոցները, հետախուզական և հատուկ նշանակության խմբերի արագ տեղաշարժման համար նախատեսված բարձր անցանելիության տրանսպորտային միջոցները: