Ռազմաքաղաքական
Իրանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել ինքնակամ Իսրայել այցելող իրանցի քաղաքացիների համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքում: Այս օրենքն ընդունվել է դեռ 1972թ., որում թվարկված են այն պետությունները, դեպի ուր երկրի բնակիչները կարող են մեկնել առանց սահմանափակումների, և այն երկրները, որտեղ շրջագայելու համար պահանջվում է իշխանությունների թույլտվությունը:
Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել են արտասահմանյան ագրեսիայի դեմ Իրանի և Սիրիայի համատեղ պայքարի պլանը, համաձայն որի հարվածներ պետք է հասցվեն Թուրքիային, Իսրայելին և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին:
Ըստ հրապարակումների ` կդառնան Իրանի և Սիրիայի դաշնակից քրդական խմբավորումները, զենք կստանան և տարբեր կողմերից կհարվածեն Թուրքիային: Կապստամբեն նաև Թուրքիայի հարավ-արևելքում ապրող քրդերը` թիրախ ընտրելով ամերիկյան ռազմաբազան:
Իրանի Աբադան քաղաքում Քուվեյթի երկու քաղաքացի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով: Նրանցից առգրավվել են լրտեսական բնույթի սարքավորումներ:
Այս միջադեպը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև որոշակի լարվածությունը պահպանվում է մարտ ամսին տեղի ունեցած լրտեսական սկանդալից հետո: Այդ ժամանակ Քուվեյթի դատարանը մի խումբ անձանց մեղավոր ճանաչեց Իրանի օգտին լրտեսելու համար և երեք մեղադրյալի դատապարտեց մահապատժի, ևս մեկին` ցմահ բանտարկության:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Չինաստանին կոչ է արել ներգործել Իրանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք պարզաբանեն իրենց ազգային միջուկային ծրագրի բնույթը: Նրա կարծիքով կարևոր է, որ ՉԺՀ-ն հրապարակայնորեն ու նաև մասնավոր հանդիպումների ընթացքում Իրանին հայտնի իր երկրի համար վտանգավոր ուղու մասին:
Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը նաև առաջարկել է համագործակցել ԿԺԴՀ միջուկային ծրագիրը դադարեցնելու նպատակով` անհրաժեշտ համարելով համատեղ քայլերի ձեռնարկել Սիրիայում բռնությունները կանգնեցնելու համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իտալական IVECO ընկերությունից կգնի 1,5-1,7 հազար LMV M65 Lynx զրահամեքենա: Յուրաքանչյուր զրահամեքենայի գինը կկազմի 300-500 հազար դոլար` կախված մոդիֆիկացիայի առանձնահատկություններից: Ռուսական կողմը կստանա նաև շարժիչների և մի քանի բաղադրամասերի արտադրության տեխնոլոգիաները:
Defense News գործակալությունը հայտնել է, որ Հնդկաստանը բողոք է ներկայացրել Ռուսաստանին նախկինում մատակարարված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների որակի, մասնավորապես կրակի կառավարման համակարգերում առկա անսարքությունների վերաբերյալ: Բացի այդ, հնդկական կողմը դժվարություններ է ունեցել ռուսական արտադրության սպառազինության համար պահեստամասեր ձեռք բերելու հարցում:
Նոյեմբերի վերջին Բալթյան պետություններում կանցկացվեն Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաօդային ուժերի թվով տասներորդ վարժանքները, որոնց կմասնակցեն Դանիայի, Լիտվայի, ԱՄՆ-ի ու Լեհաստանի ռազմաօդային ուժերի ինը կործանիչ, մեկական գրոհային ու լիցքավորող ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ:
Լիտվայի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ վարժանքները հերթական անգամ կցուցադրեն Բալթյան պետությունների ու Դաշինքի իրենց գործընկերների միասնականությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից հավաքական անվտանգության ապահովման ասպարեզում ստանձնած պարտականությունների կատարումը։