Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԼԻԲԻԱ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Տրիպոլիում նա հայտարարել է, որ Լիբիա կժամանեն ՄԱԳԱՏԵ-ի ու Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետները, ովքերն ըստ ամենայնի կաջակցեն Քադաֆիի վարչակարգից ժառանգված քիմիական ու միջուկային զենքի պահպանմանը:
Լիբիայի ազգային անցումային խորհրդի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Պան Գի Մունը կոչ է արել ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի երկրում տիրող անիշխանության պատճառով հսկողությունից դուրս մնացած քիմիական ու միջուկային զենքն ու դյուրակիր զենիթահրթիռային կայանքները չհայտնվեն ահաբեկչական կազմավորւմների ձեռքում և ստացել համապատասխան հավաստիացումներ:

ՓՈԽՎԵԼ Է ՀՈՒՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՄԲՈՂՋ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունաստանի պաշտպանության նախարարի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ուժերի հրամանատարը, ինչպես նաև Ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները:
Ընդիմադիր բոլոր կուսակցությունները խստորեն քննադատել են երկիրը ճարակած տնտեսական ու քաղաքական ծանրագույն ճգնաժամի պայմաններում զինված ուժերի ողջ բարձրագույն հրամակազմն առանց որևէ բացատրության փոխելու գործելակերպը:

ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Այդ մասին երկրի պաշտպանության նախարարությունը տարածել է սեղմ տեղեկատվություն, նշելով միայն, որ ռազմաօդային ուժերի «Պալմախիմ» բազայից հաջողությամբ իրականացվել է բալիստիկ հրթիռի ուժային սարքավորման հաջող փորձարկում և այլ մանրամասներ չի հայտնել:
Հատկանշական է, որ այս փորձարկումը համընկավ Թեհրանի միջուկային ծրագիրը վիժեցնելու նպատակով Իսրայելի կողմից Իրանին հասցվելիք հրթիռային հարվածի հավանականության՝ ակտիվացած քննարկումների համապատկերին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՎԻԱԿԻՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԸՆԴԼԱՅՆԻ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը ավիակիր խմբավորումներ ձևավորելու մասին որոշում է ընդունել: Դա թույլ կտա ընդլայնել ռուսական ռազմական նավատորմի ազդեցության գոտին Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում:
Այժմ ռուս զինվորականները կազմում են նոր ավիակրի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները: Նախատեսվում է, որ 2027թ. երկու օվկիանոսներում արդեն կգործեն առանձին ավիակիր խմբավորումներ: Նոր ռազմանավը ամենայն հավանականությամբ կօգտագործի ատոմային էներգիա:

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՓԱԿԻ ՄԱՆԱՍԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ

Ղրղզստանի նոր ընտրված նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ չի ցանկանում ներգրավված լինել իրանա-ամերիկյան հնարավոր հակամարտությանը: Նա նշել է, որ 2014թ., երբ կլրանա Մանաս օդանավակայանը ամերիկացիներին վարձակալությամբ հանձնելու ժամկետը, ինքն այլևս չի երկարաձգի պայմանագրի գործողության ժամկետը:
Նրա խոսքով, Մանասը քաղաքացիական նշանակության օդանավակայան է, որը չի կարելի օգտագործել որպես ռազմական բազա: Սակայն Վաշինգտոնի հետ կնքվել է պայմանագիր, և կողմերը պարտավոր են հարգել և կատարել պայմանագրի պահանջները:

ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ԼԻԲԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Լիբիայում զենքի տարածումն արգելելու վերաբերյալ: Ռուսաստանի ներկայացրած բանաձևի օգտին միաձայն քվեարկել են Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:
Փաստաթղթում Լիբիայի նոր իշխանություններին կոչ է արվում ոչնչացնել երկրի տարածքում պահվող քիմիական զենքի բոլոր պաշարները, ինչպես նաև թույլ չտալ սովորական սպառազինության, հատկապես դյուրակիր զենիթահրթիռային համալիրների տարածումը հարևան պետություններ:

ԱՄՆ-Ը ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԻՐԱՆԻ ՎՐԱ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել, է որ Վաշինգտոնին մտահոգում է միջուկային հետազոտությունների ասպարեզում Իրանի առաջընթացը հաստատող ՄԱԳԱՏԷ-ի հերթական նոյեմբերին հրապարակվելիք զեկույցից՝ հետո Թել Ավիվի` Միացյալ Նահանգների հետ չհամաձայնեցված գործողությունների դիմելու հավանականությունը, որի կանխման նպատակով ԱՄՆ-ը փորձում է հասնել ՄԱԿ անվտանգության խորհրդի` Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելուն, ինչն Իսրայելին ետ կպահի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, ինչն էլ իր հերթին անխուսափելիորեն կհանգեցնի ողջ Մերձավորարևելյան տարածաշրջանում մեծ պատերազմի: