Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԼԻԲԻԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս մասին Աբու-Դաբիում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հստակեցնելով, որ Մոսկվան պաշտպանում է ոչ թե այս կամ այն վարչակարգը, այլ միջազգային իրավունքի դրույթները և պնդում Սիրիայում իշխանությունների և ընդիմության միջև շուտափույթ երկխոսության անհրաժեշտությունը: Մոսկվան իրադարձությունների նույնպիսի զարգացում է ակնկալում նաև Եմենում:

ԼԻԲԻԱՅԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ` «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԱ՞ՐԴ»

Ռուսական լրատվամիջոցներն այսպես էին անվանարկել Միացյալ Նահանգներում կրթություն ստացած ու այնտեղ երկար տարիներ ապրած գիտնական Աբդուլ ալ-Ռահիմ ալ-Կիբին, որին երկրի ժամանակավոր կառավարության նախագահի պաշտոնը վստահելու օգտին է քվեարկել ազգային անցումային խորհրդի 51 անդամից ընդամենը 26-ը:
Էլեկտրոնիկայի բնագավառի նախկին գիտաշխատողն ու դասախոսը կյանքի մեծ մասն ապրել է Արևմուտքում, կրթություն ստացել ԱՄՆ-ում, ապա Կատարում ու Արաբական Միացյալ Էմիրություններում զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ:

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՈՒ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈՒ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ

Համաձայն բրիտանական «The Guardian» պարբերականի տվյալների, որոնք քաղված են սպառազինության հարցերով բրիտանական անկախ հանձնաժողովի հաշվետվությունից, Իսրայելը նախատեսում է մեծացնել «երկիր-երկիր» դասի «Իերիհոն» հրթիռների հեռահարությունը` դրանք դարձնելով միջմայրցամաքային խոցման հրթիռներ: Համաձայն գործող դասակարգման, այդպիսիք են համարվում 5.000 կիլոմետրից ավելի հեռահարություն ունեցող հրթիռները: Բացի այդ, Թել-Ավիվը մտադիր է արդիականացնել նաև իր սպառազինությունում եղած թևավոր հրթիռները և դրանք հարմարեցնել սուզանավերից արձակելու համար: Իսրայելն այսօր ունի երեք ռազմական սուզանավ, ևս երկուսը կառուցվում են Գերմանիայի նավաշինարաններում, իսկ վեցերորդի կառուցման վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են լեռնային պայմաններում պաշտպանական մարտական գործողությունների վարման ընթացքում համատեղ խնդիրների մշակման նպատակով Հայաստանում գտնվող «Ալագյազ» զորավարժարանում հոկտեմբերի 27-ից 31-ն անցկացված համատեղ զորախաղերին:
Նշվում է, որ զորախաղերի ընթացքում մշակվել են բանակային և ինժեներասակրավորական հետախուզության անելիքները, կատարելագործվել է հրետանային, տանկային, մոտոհրաձգային և հակաօդդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը:

ԵՄԵՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայնին հարող «Էդ-Դալայմի» ավիաբազայում գիշերը որոտացած չորս ուժգին պայթյունների հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել: Երեք կործանիչներ պայթեցվել են, իսկ երեքը՝ մասնակիորեն տուժել: Բոլոր ինքնաթիռներն առավոտյան պետք է մեկնեին մարտական առաջադրանքի: Ավիաբազան բերվել է մարտական պատրաստության բարձր վիճակի, ողջ տարածքում խուզարկություններ են իրականացվում: Դիվերսիայի հետևանքով երկու ժամով փակվել է նաև Սանայի միջազգային օդանավակայանը:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՄԵԾԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ

Իրաքից ամերիկյան զորախմբի դուրսբերումից հետո Օբամայի վարչակարգը մտադիր է Իրաքում իրավիճակի սրման և կամ Իրանի հետ դիմակայության խորացման դեպքում արագ արձագանքելու համար լրացուցիչ ուժեր տեղակայել Քուվեյթում, տարածաշրջանի միջազգային ջրեր ուղարկել նորանոր ռազմանավեր, ինչպես նաև առավել ընդլայնել առանց այն էլ սերտ ռազմական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի, Օմարի ու Արաբական Միացյալ Էմիրաթների հետ:

ՄԱԿ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԿՈՐԱԾ ԴՅՈՒՐԱԿԻՐ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ

Ամենայն հավանականությամբ արդեն այսօր ՄԱԿ անվտանգության խորհուրդը կքննարկի Ռուսաստանի մշակած որոշման նախագիծը, որի նպատական է թույլ չտալ Քադաֆիի վարչակարգի օրոք գնված շուրջ 20.000 այսօրինակ համալիրների հայտնվելն իսլամ ահաբեկիչների մոտ: Փաստաթղթում Լիբիայի և հարևան պետությունների իշխանություններից պահանջվում է գործուն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, իսկ ՄԱԿ անդամ պետություններին և միջազգային հակահաբեկչական կազմակերպություններին կոչ է արվում ըստ ամենայնի աջակցել այդ ջանքերին: