Ռազմաքաղաքական
Թուրքիան ընդլայնում է Իրաքի տարածքում Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողությունները: Թուրքական զրահատեխնիկայի շարասյունը 20 կմ խորանում է Իրաքի տարածքում` ուղղվելով դեպի Զակհո քաղաքի մերձակայք: Այնտեղ հետախուզության տվյալներով տեղակայված են մինչև 400 քուրդ զինյալներ: Շարասյան կազմում են 20 տանկեր և 30 բեռնատարներ:
Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել էր, որ քրդերի դեմ ռազմական օպերացիային ներգրավված են մոտ 10 000 զինծառայողներ:
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը երկար տարիներ տեղեկատվություն է հավաքել Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության աշխատակիցների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Focus գործակալությունը` հենվելով Վաշինգտոնի ազգային արխիվում պահվող ԿՀՎ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների վրա:
Լրատվամիջոցին հայտնի են դարձել ընդհուպ մինչև 1990-ական թթ. կատարվող լրտեսության մանրամասները: Ամերիկացիներին հետաքրքրել են հատկապես անձնական բնույթի տեղեկությունները` ծննդյան ամսաթվերը, ամուսնությունների տարեթվերը, նույնիսկ կին աշխատակիցների` երեխա ունենալուց հետո ֆիզոլոգիական արձակուրդ գնալու ժամկետները:
Իսրայելի իշխանությունները համաձայնվել են Կահիրեի բանտերից մեկում պահվող իսրայելցի ենթադրյալ լրտես Իլան Գրապելին փոխանակել իսրայելական բանտերում պահվող 25 եգիպտացիների հետ: ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի հետ համաձայնության գալու փաստը հաստատել է նաև Եգիպտոսը: Փոխանակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ:
Իսրայելի պաշտպանության բանակի (Ցախալ) մի շարք գեներալներ առաջարկել են իսրայելական բանտերից ավելի մեծ թվով պաղեստինցիների ազատել «Համաս» ծայրահեղական շարժման դեմ պայքարում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին աջակցելու նպատակով:
Ինչպես գրում է իսրայելական «Հաարեց»-ը, գեներալները առաջարկել են Հիլադ Շալիթի հետ փոխանակելու նպատակով ազատ արձակվող 1027 պաղեստինցի բանտարկյալներից բացի բաց թողնել նաև Աբասի ղեկավարած ՖԱԹՀ կուսակցության անդամներին:
ԱՄՆ-ը և Իրաքը չեն կարողացել համաձայնության գալ, որը թույլ կտար ամերիկյան հիմնական զորախումբը դուրս բերելուց հետո Իրաքում թողնել մի քանի հազար ամերիկյան զինծառայողներ հատուկ օպերացիաների և վարժանքների մասնակցելու համար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ, սակայն որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Հայտնի է, որ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս կբերվեն մինչև այս տարվա վերջ, իսկ 2012թ. այնտեղ կմնան ամերիկյան 150 զինծառայողներ:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի հայտարարությունները նշել է, որ վերջինիս արտահայտություններում բանականությունը գնալով նվազում է:
Մաքքեյնը ասել էր, որ Մուամար Քադաֆիի մահը առիթ է, որ բռնապետերը սկսեն նյարդայնանալ: Նա բռնապետերի շարքին է դասել նաև Ռուսաստանի վարչապետին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչպես նաև Չինաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների` չնշելով նրանց անունները:
Լիբիական հեղափոխությունը թերևս ամենամեծ նվերը եղավ «Ալ Քաիդային», որը, արևմտյան մամուլի պնդմամբ, դեռ մարտ-ապրիլ ամիսներին, թալանելով անտերության մատնված զինապահեստները, սկսեց տիրանալ խորհրդային արտադրության մեծաքանակ դյուրակիր զենիթահրթիռային համալիրների, այդ թվում նաև «Игла-С» կայանքներին (կամ դրանց չինական նմանօրինակներին), որոնց առկայությունը Քադաֆիին հավատարիմ ուժերի մոտ ապշեցրել էր ամերիկացիներին: