Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի զինծառայող Մուրադ Դավուդովը մահացել է հակատանկային ականի պայթյունից: Ըստ պաշտոնական վարկածի` նա խախտել է անվտանգության կանոնները (apa.az, 20.09.2011):

Ադրբեջանի Բեյլագանի շրջանի զորամասերից մեկում 18-ամյա Ռասուլ Յուսիֆովը սպանվել է իր իսկ զենքից արձակված փամփուշտից: Ըստ պաշտոնական հաղորդագրության` պատճառը եղել է զենքի հետ անզգույշ վարվելը (apa.az, 22.09.2011)։

Նախիջևանի զորամասերից մեկում զինվոր Սարվան Հուսեյնովը ծառայողական զենքով կրակել է իր դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Բալաբեկ Վեյսալովի վրա: Վերջինս հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ: Կատարվում է հետաքննություն (apa.az, 24.09.2011)

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սեպտեմբերի 28-ին վրաց-աբխազական սահմանին բացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության 10-րդ սահմանապահ ուղեկալը: Վրաց-աբխազական սահմանի ամրացումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության միջև «Աբխազիայի Հանրապետության պետական սահմանի պահպանության համատեղ ջանքերի մասին» 2009 թվականի ապրիլի 30-ին կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ԿԳՈՐԾԵՆ ՔՐԴԵՐԻ ԴԵՄ

Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Հյուսիսային Իրաքում քրդերի զինված խմբավորումների դեմ համատեղ ռազմական լայնամասշտաբ օպերացիա սկսելու մասին:
Անկարան և Թեհրանը ծրագրում են համատեղ հարվածով վերջ տալ Քրդական աշխատավորական կուսակցության և դրա հետ կապված Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության ռազմական թևերին:
Քրդերի դեմ գործելու սկզբունքային որոշումն ընդունվել է նախորդ շաբաթ Նյու Յորքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջև կայացած հանդիպման ժամանակ:

ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱՆԱՎԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՄՆ ԱՓԵՐԻ ՄՈՏ

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար գերծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է ռազմական ներկայություն ապահովել ԱՄՆ ափերի մոտ: Նա նշել է, որ եթե ամերիկյան նավերը գտնվում են Իրանի ծովային սահմանների մոտ, ապա իրանական նավերն էլ կարող են հզոր ռազմական ներկայություն ապահովել ԱՄՆ սահմանների մոտ:
Օրեր առաջ Սայարին ասել էր, որ Պարսից ծոցում Արևմուտքի զինված ուժերի ներկայությունը միայն նպաստում է տարածաշրջանում անկայունության առաջացմանը, և որ Պարսից ծոցի երկրները ի վիճակի են ապահովել իրենց անվտանգությունը:
Գերծովակալը նաև ասել է, որ իրանական ռազմանավերը Պարսից ծոցից բացի նավարկում են նաև Ադենի ծոցում և Կարմիր ծովում և առաջիկայում ուժեղացնելու են իրենց ազդեցությունը միջազգային ազատ ջրերում:

ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն հայտարարել է, որ Իրանի դեմ կարող է ռազմական օպերացիա անցկացվել, եթե Թեհրանը չդադարեցնի զարգացնել իր ատոմային ծրագիրը:
Միևնույն ժամանակ Ժերար Արոն նշել է, որ Իրանին հարվածներ հասցնելը անհավանական դժվար խնդիր կլինի, որը աղետալի հետևանքների կհանգեցնի ողջ տարածաշրջանի համար:
Դեսպանը փաստորեն կրկնել է ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հնչեցրած տեսակետը, որը հավանական էր համարել Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելը որոշակի հանգամանքների դեպքում: Իրանը պաշտոնապես դատապարտել է այդ մոտեցումը` հավելելով, որ հարձակման դեպքում անպայման համարժեք պատասխան կտա: