Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՖԻՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ԱԿԱՆԱԶԵՐԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է հանել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղադրված հակահետևակային ականները, ինչը հարուցել է երկրի պատգամավորներից շատերի դժգոհությունը: Վերջիններիս կարծիքով ականների պաշտպանիչ գոտին վերացնելու դեպքում պետության անվտանգության ապահովումը զգալիորեն կթուլանա:
Այս տարվա օգոստոսին ֆիննական կառավարությունը հայտնել էր հակահետևակային ականների կիրառումը, արտադրությունը, այլ կողմի դրանց փոխանցումն արգելող կոնվենցիային 2012թ. միանալու մասին` ցանկանալով համալրել այն ընդունած ավելի քան 150 պետությունների շարքերը:

ՌԴ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ Է ՄՇԱԿՎԵԼ

Ռուսաստանի զինվորական ղեկավարությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում կորոշի արկտիկական նոր բրիգադների տեղակայման վայրը, կհստակեցնի դրանց տեխնիկական համալրման և նյութատեխնիկական ապահովման կարգը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը: Նա նշել է, որ գործնականում ավարտվել է հյուսիսային գոտիներում ծառայության առանձնահատկությունների հետ կապված խնդիրների վերլուծությունը, սահմանվել են զինծառայողների հանդերձանքի, ռազմական տեխնիկայի և սպառազինության անհրաժեշտ տեսակները, նույնիսկ մշակվել է հատուկ սննդակարգ:

ՄՈԼԴՈՎԱՆ ԼԻԲԻԱՅԻՆ ԶԵ՞ՆՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Բենգազիից օդ բարձրացած ԻԼ-76-ի վայրէջքը Մոլդովայում մի շարք լրատվամիջոցների հիմք է տվել կարծելու, թե սկսվել լատվիական մի ֆիրմայի կողմից Լիբիայի համար Մոլդովայից գնված զենքի փոխադրումը:
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ԻԼ-76»-ը Մոլդովայի օդային տարածքում թռել է երկրի իշխանությունների թույլտվության հիման վրա», և որ ինքնաթիռը զինվորական օդանավակայանում վայրէջք է կատարել տեղափոխելու համար երկրի պաշտպանության նախարարության և լատվիական ֆիրմայի միջև կնքված համաձայնագրով ձեռք բերված ռազմական բեռը:

ԱՄՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Թալին եւ Ներքին Սասնաշեն համայնքների հյուրերն էին ԱՄՆ 3-րդ օդուժի (Ռամշտեյնի oդային բազա) փոխհրամանատար գեներալ-լեյտենանտ Մարկ Զամզոուն, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչ գնդապետ Հելմինգերը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները: Առիթը 1958թ. ԽՍՀՄ օդային տարածքում խփված ամերիկյան ռազմական ինքնաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված միջոցառումն էր: Այն արդեն ավանդական է դարձել եւ նշվում է ամեն տարի` սեպտեմբերի 2-ին:

ԹՇՆԱՄՈՒ ՃԱՄԲԱՐՈՒՄ

ԱՄՆ կառավարությունը որոշել է 10 մլն դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել Ադրբեջանին: Գումարը ծախսվելու է Ադրբեջանի ռազմածովային ուժերը հզորացնելու և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա. Ամերիկան միշտ էլ օգնել է Ադրբեջանին: Բայց արի ու տես, որ այնտեղ զարմացել են: «Այն պահին, երբ երկկողմ հարաբերությունների մթնոլորտում սառնություն էր հաստատվել, ոչինչ չէր կանխորոշում իրադարձությունների նման շրջադարձը»,- գրում է «Զերկալոն»: Իհարկե, Ադրբեջանին «սիրաշահել» պետք է. նրա տարածքով ռազմական հանդերձանք է մատակարարվում Աֆղանստան, նրա օդային տարածքով իրականացվում են հազարավոր ռազմական ու կոմերցիոն չվերթներ:

ԻՍՐԱՅԵԼՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Իսրայելի պաշտպանության բանակի թիկունքի վարչության հրամանատար գեներալ-մայոր Էյալ Էյզենբերգը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունը գնալով աճում է, ընդ որում այդ պատերազմում կարող է կիրառվել մասսայական ոչնչացման զենք:
Քանի որ տարածաշրջանում նման զենք ունի միայն Իսրայելը, հայտարարությունը երևի թե որոշակի նախազգուշացում էր Թուրքիային:

ԿԱՀԻՐԵՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումից հետո: Դեսպանատան շենքը հսկում են զրահատեխնիկայով համալրված բանակային ստորաբաժանումները:
Կահիրեում հակաիսրայելական բողոքի ակցիաներն սկսվեցին այն բանից հետո, երբ օգոստոսի 18-ին Սինայի թերակղզում հակաահաբեկչական օպերացիա իրականացնող իսրայելցի զինվորականները սխալմամբ սպանեցին 5 եգիպտացիների: