Ռազմաքաղաքական
Միջոցների խնայողությունը վտանգի առաջ է կանգնեցրել Գերմանիայի զինված ուժերի մարտունակությունը և սպառնում է զիծառայողների անվտանգությանը: Այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի` զինված ուժերի հարցերով լիազոր ներկայացուցիչ Հելմուտ Կենիգսհաուսը:
Նրա կարծիքով, առավել մտահոգիչ է ուսումնական և մարտական զինամթերքի պակասը, ինչպես նաև Աֆղանստանում գերմանական ստորաբաժանումների թույլ սպառազինումը խոշոր տրամաչափի զինատեսակներով: Զինամթերքի պակասի պատճառով զինվորները պատշաճ կերպով չեն տիրապետում հրաձգային զենքին:
Լրագրողները Լիբիայում հայտնաբերել են գերմանական Heckler & Koch ընկերության արտադրած զենքեր, որոնք, հնարավոր է, այդ երկիր են մատակարարվել` շրջանցելով Գերմանիայի կառավարության սահմանած արգելքները:
Ապստամբների կողմից մայրաքաղաք Տրիպոլին գրավելուց հետո նրանց ձեռքում են հայտնվել HK G-36 ինքնաձիգներ: Որոշ տվյալներով նրանց բաժին է հասել ինքնաձիգի HK G-36 KV (հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված, կարճեցված փողով տարբերակ) մոդիֆիկացիայի մի ամբողջ պահեստ: Բոլոր միավորների վրա առկա են գործարանային դրոշմներ:
Ռուսաստանը մինչև 2020 թվականը 134 մլրդ ռուբլի կհատկացնի` իր սահմանապահ ենթակառուցվածքների արդիականացման համար: Հատկապես լուրջ ուշադրություն կդարձվի Արկտիկայի և Հյուսիսային Կովկասի սահմաններին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և հավելել, որ այդքան մեծ գումարը հարկ է հնարավորինս արդյունավետ օգտագործել:
Ենթակառուցվածքների համակարգի արդիականացման նպատակն է ահաբեկչության, մաքսանենգության և անօրինական ներգաղթի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև օրինապահ քաղաքացիներին սահմանը հատելիս ավելորդ քաշքշուկից ազատելը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մինսկում օգոստոսի 30-ին քննարկել են պայմանագրի անդամ պետություններում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը միայն կոլեկտիվ համաձայնության դեպքում թույլ տալուն, ՀԱՊԿ-ի և նրա անդամ հանդիսացող պետությունների ներքին գործերին այլ պետությունների միջամտությունը բացառելուն, ինչպես նաև օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերը պետական հեղաշրջումների փորձերն արգելելու համար օգտագործելուն առնչվող հարցեր:
Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհի «ամենափակ», միևնույն ժամանակ` Մերձավոր և Միջին Արևելքի ամենահզոր երկրներից մեկը: Փորձագետների համար միշտ էլ դժվար է եղել գնահատել Իրանի ռազմական ներուժը. տեղեկությունները կցկտուր են, ոչ հստակ: Բայցեւայնպես, որոշակի ընդհանրացումը թույլ է տալիս պնդել, որ Իրանի հզորությունը բազմաշերտ է: Երկիրն ունի մեծ տարածք, օգտակար հանածոներով հարուստ ընդերք, արագ աճող բնակչություն, հարուստ և փայլուն պատմական անցյալ` իր զարգացած ազգային մշակութային հիմքով:
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլապպերի վարչակազմը սկսում է հետազոտական նոր ծրագիր, որի նպատակը հեղափոխությունների, հումանիտար և տնտեսական ճգնաժամերի, համաճարակների կանխատեսումն է:
Այդ նպատակով ուսումնասիրվելու է նորությունների թողարկումներում, անհատական բլոգերում և սոցիալական ցանցերում տեղադրվող տեղեկատվությունը: Համակարգչային հատուկ ծրագրի միջոցով տեղեկատվության այդ վիթխարի հոսքից առանձնացվելու են այն նորությունները, որոնք վկայում են մարդկանց վարքագծում ակնկալվող փոփոխությունների մասին:
Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում հակակառավարական ընդվզումների սկսվելուց հետո Մեծ Բրիտանիան մեկ երրորդով ավելացրել է զենքի արտահանումը այդ երկրներ: Մասնավորապես, այս տարվա փետրվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում արտահանվել է 30.5 մլն ֆունտի զենք` անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվածից 8.3 մլն-ով ավելի: Ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելք է արտահանվում 1.45 մլրդ ֆունտի բրիտանական զենք: