Ռազմաքաղաքական
Ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 Lightning II հեռանկարային կործանիչի մշակման և արտադրման ժամկետների պարբերական հետաձգումից սկսել են օգտվել ավիաշինական այլ ընկերություններ, մասնավորապես Boeing-ը:
Շատ պետություններ, որոնց սպառազինության մեջ են ամերիկյան մարտական օդանավեր, հետաձգում են իրենց ռազմական գնումները` հույս ունենալով ստանալ F-35 նորագույն կործանիչներ: Սակայն ինքնաթիռի մատակարարման ժամկետները մշտապես հետաձգվում են, իսկ մարտական տեխնիկան հնանում է. այն հարկավոր է կամ նորոգել ու արդիականացնել, կամ դուրս գրել և ձեռք բերել նորը: Որոշ երկրներում սպասվում է կործանիչների պակասուրդ:
ԱՄՆ-ում անհանգստացած են այն փաստից, որ Չինաստանը ցանկանում է ձեռք բերել ռուսական արտադրության «Կլաբ» թևավոր հրթիռներ` սուզանավերի վրա տեղակայելու համար:
Ռուսաստանը արտահանում է այս հրթիռների արձակման կոնտեյներանման համալիրներ` «Կլաբ-Կ» անվանումով: Կոնտեյներում տեղավորվում է 4 հրթիռ: Կայանը սպասարկում են 2 օպերատորներ, որոնք արբանյակային կապի միջոցով ուղղորդում են հրթիռները: ՆԱՏՕ-ի դասակարգմամբ հրթիռն ունի SS-N-27 Sizzler անվանումը:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ դեսպան Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները չի կարելի հաջողված համարել: Նրա կարծիքով պատասխանատուները պետք է մտահոգվեն դաշինքի ներսում առկա խնդիրներով, որոնք ի հայտ են եկել ռազմական օպերացիայի ընթացքում:
Նա խոսել է տարբեր խնդիրների մասին` առաքելության սահմանումից մինչև գործողությունների համաձայնեցում:
Սեպտեմբերի 16-23-ը ՌԴ «Գորոխովեցկի» և «Աշուլուկ» հրաձգարաններում կանցկացվի «Միության վահան-2011» ռուս-բելառուսական համատեղ օպերատիվ զորավարժությունը:
Երկու կողմից զորավարժությանը կմասնակցի 12 000 զինծառայող, 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 200 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում` 100 տանկ:
Զորավարժության օպերատիվ միացյալ իրավիճակի սցենարով նախատեսվում է իրագործել պաշտպանական բնույթի միջոցառումներ:
Ուկրաինայի արտգործնախարարությունը ստուգում է ամերիկյան ՙChannel 4 News Сара Корп՚ հեռուստաընկերության հաղորդած այն լուրը, թե Տրիպոլիի անկումից հետո գերվել են Քադաֆիի վարչախմբի կողմից կռվող ուկրաինացի վարձկաններ: Հեռուստալրագրողը հայտարարել է, որ Նավթային ազգային ընկերության հրապարակում անձամբ է տեսել գերված տասնմեկ զինվորների և պահակախմբի հրամանատարից տեղեկացել, որ նրանք ուրաինացի վարձկաններ են:
Չինաստանի պետական CCTV-7 հեռուստաընկերությունը ցուցադրել է մի տեսանյութ, որում կան չին զինվորականների կողմից կիբեռ- հարձակում իրականացնելու դրվագներ:
20 րոպե տևողությամբ հաղորդման ամբողջ ընթացքում մասնագետները քննարկել են կիբեռ- հարձակումների իրականացման ձևերն ու եղանակները, թեև պաշտոնական Պեկինը միշտ ժխտել է իր մասնակցությունը հաքերային գործունեությանը:
Այս մասին ասվում է Պենտագոնի` ԱՄՆ կոնգրեսին ուղղված զեկույցում և մտահոգություն հայտնվում, որ դա կխախտի ռազմական հավասարակշռությունը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Զեկույցում նշվում է, որ թեպետ Չինաստանն ունի մեծ քանակությամբ հին սպառազինություն և մարտական գործողությունների վարման աղքատիկ փորձ, այդուհանդերձ, մեծ արագությամբ կրճատում է ժամանակակից բանակների համեմատ իր տեխնոլոգիական հետամնացությունը, ինչի վկայություններից են ավիակիրների կառուցումը և հինգերորդ սերնդի J-20 ՙանտեսանելի՚ կործանիչի ստեղծումը: