Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՊԱԿԻՍՏԱՆԻ ՈՒ ԱՄՆ-Ի ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԸ

Պակիստանը Չինաստանին թույլատրել է ծանոթանալ Բեն Լադենի ոչնչացման օպերացիայի ժամանակ վթարված ամերիկյան գաղտնի ուղղաթիռի բեկորներին: Չինացի զինվորականները լուսանկարել են ուղղաթիռի բեկորները, անտեսանելիությունն ապահովող հատուկ ծածկույթի նմուշներ վերցրել:
Այս տեղեկությունը կարող է ավելի բարդացնել ԱՄՆ և Պակիստանի միջև հարաբերությունները, որոնք սրվել էին Բեն Լադենի ոչնչացումից հետո: Պակիստանը դժգոհում է, որ օպերացիան անցկացվել է առանց իր գիտության, իսկ ամերիկացիները այդ երկրի հետախուզական ծառայություններին մեղադրում են ահաբեկչության դեմ պայքարելու ցանկություն չունենալու մեջ:

ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ԿՀԱՄԱԼՐՎԻ 130 «ՍՈՒ-34» ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐՈՎ

ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերն առաջիկայում կստանան 120 «ՍՈՒ-34» ռազմաճակատային ռմբակոծիչ: Կկազմավորվի 5 էսկադրիլիա` յուրաքանչյուրում 24 ինքնաթիռ:
2012թ. զորքեր կմատակարարվի 12 այդպիսի ինքնաթիռ:

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԳՆԻ ԾԱՆՐ ԲԵՌՆԱՏԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը CH-47F Chinook 6 տրանսպորտային ուղղաթիռ գնելու պայմանագիր է ստորագրել ամերիկյան Boeing ընկերության հետ: Գործարքի արժեքը կազմել է 400 միլիոն դոլար:
Թուրքիան նախատեսում էր գնել 14 այդպիսի ուղղաթիռ, սակայն ստիպված էր նվազեցնել պատվերի քանակը` ռազմական բյուջեի դեֆիցիտի պատճառով: Chinook-ները կլինեն Թուրքիայի զինված ուժերի կազմում ծանր բեռնատարողության առաջին տրանսպորտային ուղղաթիռները:

ՌԱԶՄԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՉԵՆ ԼԻՆԻ

Հատուկ շինարարության դաշնային գործակալությունը մինչև տարեվերջ կառանձնացվի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից` դառնալով ինքնուրույն շինարարական կազմակերպություն` 130 միլիարդ ռուբլի տարեկան բյուջեով:
Գործակալության կազմում ծառայող ավելի քան 3000 զինվորական շինարարների մի մասը կզորացրվի, մի մասն էլ կնշանակվի քաղաքացիական հաստիքների:

ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄ Է ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

Սլովակիայի Անվտանգության խորհուրդը որոշել է կազմալուծել երկրի զինված ուժերի տանկային ստորաբաժանումները:
Որոշման պատճառը երկրի ռազմական գերատեսչության տարեցտարի նվազող բյուջեն է, որի միջոցներով զինվորականները չեն կարողանում լուծել բոլոր անհրաժեշտ խնդիրները:
Չեխոսլովակիայի բաժանումից հետո Սլովակիան ստացել է շուրջ 1000 տանկ: Այժմ շարքում են միայն 30-ը, սակայն նույնիսկ դրանց շահագործման ծախսերը նախարարության «գրպանին» համապատասխան չեն:

ԻՍՐԱՅԵԼԸ ԿԳՆԻ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐԱԾ ՏԵԽՆԻԿԱՆ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը բանակցում է Պենտագոնի հետ` Իրաքից ամերիկյան զորքերը հանելուց հետո դուրս գրման ենթակա տեխնիկան գնելու հնարավորության վերաբերյալ:
Իսրայելը նախատեսում է գնել նաև ազատված զենքն ու զինամթերքը:
Այդպիսով երկիրը զգալիորեն ցածր գնով ձեռք կբերի տարատեսակ տեխնիկա, հատկապես HMMWV զրահափոխադրիչներ:
Գործող պայմանավորվածության համաձայն` ամերիկյան զորքերը պետք է հեռանան Իրաքից 2011թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ:

«ԿԱՄԱԶ»-Ը ԻՏԱԼԱԿԱՆ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆԵՐ ՉԻ ԱՐՏԱԴՐԻ

Ռուսական «Կամազ» ընկերությունը չի մասնակցի իտալական IVECO LMV M65 զրահամեքենաները Ռուսաստանում հավաքելու ծրագրին: Մասնագետների կարծիքով, դա կապված է արտասահմանյան պահեստամասերի արտադրության արտոնագիր չունենալու հետ:
Իտալական զրահամեքենայի հիմնական մասերը այլ երկրների արտադրության են` կերամիկական զրահը գերմանական է` հոլանդական հումքով, շարժիչը ամերիկյան է: