Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՄԱՀԱՓՈՐՁ ԻԼՀԱՄԻ ԴԵՄ

Ադրբեջանում ազդեցիկ Փաշաեւների` նախագահի տիկնոջ ազգակիցների կլանը օրերս խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է 2013թ. այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին հայտնում է «Հանուն մեր եւ ձեր իրավունքների» ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպության կայքը` նշելով, որ խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Մոսկվայում վտարանդիությունից վերջերս Բաքու վերադարձած Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը:

ՊԱՐՏՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԳԵՆԵՐԱ՞Լ

«Ազադլիգ» թերթը տեղեկացնում է, որ օրերս Ադրբեջանի ընդդիմադիր կառույցներին միավորող Հանրային պալատը քննարկել է ադրբեջանական բանակում տիրող իրավիճակը: Քննարկմանը մասնակցել են քաղաքական գործիչներ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ եւ փորձագետներ: Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին խորը անհանգստություն է հայտնել հրադադարի ժամանակաշրջանում ադրբեջանական բանակում մահացածների չափազանց մեծ թվով:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ զինված ուժերը բաղկացած են ցամաքային զորքերից, ռազմաօդային ուժերից, հակաօդային պաշտպանության զորքերից եւ սահմանապահ զորքերից: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Հայաստանի նախագահն է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին:
Հայաստանի պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն է:

Ադրբեջանական բանակում մահերի թվի աճն անհանգստացրել է իշխող վերնախավին: «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ նրա ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիեւը զրուցել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ եւ հանդիմանել նրան` բանակում առկա թերությունների համար: Աբիեւին ասվել է, որ ադրբեջանական բանակում զինծառայողների հաճախակի դարձած մահերը լուրջ վնաս են հասցնում քաղաքական իշխանության հեղինակությանը:

ՊԵՆՏԱԳՈՆԻ ՆՈՐ ՊԼԱՆԸ

Համաձայն «The Los Angeles Times» պարբերականի, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում մշակվել է սիրիական բանակի քիմիական զինանոցն անհրաժեշտության դեպքում շտապ կարգով ապստամբ գրոհայիններից պաշտպանելու մանրամասն ծրագրի երկու տարբերակ: Առաջինով նախատեսվում է քիմիական զինապահեստների վրա ահաբեկիչների հարձակման դեպքում նրանց ոչնչացնել ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով, իսկ երկրորդ տարբերակը ենթադրում է օդից հասցված ճշգրիտ հարվածներով ոչնչացնել ստորգետնյա զինապահեստները, միաժամանակ, հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով թույլ չտալով քիմիական նյութերի արտահոսք:

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Միացյալ Նահանգները նախատեսում են Ճապոնիայում ու Ֆիլիպիններում տեղակայել Չինաստանի տարածքի մի մասից և Հյուսիսային Կորեայի տարածքից հրթիռային արձակման վաղ ազդարարման ռադարներ` ընդլայնելով հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի գործողության սահմանները, ինչի մտադրության մասին Օբամայի վարչակարգը հայտարարել էր դեռ ընթացիկ տարվա գարնանը, նշելով, որ ասիական տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության բաղադրատարրերի տեղակայման հավանական վայրերն են Ավտրալիան, Ճանպոնիան և Հարավային Կորեան:

ՍԿՍՎԵՑԻՆ «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ-2012» ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ

Սև ծովում մեկնարկած երկօրյա զորախաղերին, որը ղեկավարում է Նովոռոսիյսկյան ռազմածովային բազայի հրամանատար, առաջին կարգի կապիտան Վյաչեսլավ Տրուխաչյովը, մասնակցում են Սևծովյան նավատորմի տաս ռազմանավեր ու օժանդակ նավեր: Նովոռոսիյսկին հարող ջրերում անցկացվող զորախաղերի ընթացքում անձնակազմն ու հրամանատարությունը կմշակեն ջրային սահմանները խախտած նավի ձերբակալման, ահաբեկչության դեմ պայքարում հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողությունների և փրկարար գործողության իրականացման հմտություններ: