Ռազմաքաղաքական
Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն Ասադի վարչակարգին մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը զենք մատակարարելու համար: Իսկ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան իրեն իրավունք է վերապահում Սիրիայի տարածքում հետապնդելու քրդական այս կազմակերպության զինյալներին, և որ Դամասկոսը տարածաշրջանում, այդ թվում նաև Թուրքիայում իրադրությունն ապակայունացնելու նպատակով միտումնավոր նրանց է հանձնել հինգ հյուսիսային շրջանների վերահսկողությունը:
Ըստ «New York Times»-ի, Միացյալ Նահանգներն իր արաբական դաշնակիցների հետ ծրագրում է իրանական հրթիռների չեզոքացման նպատակով հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել Պարսից ծոցում՝ մի քանի պետություններում տեղակայելով ռադարներ և կապի ու ղեկավարման համակարգեր, որոնք թույլ կտան տեղեկատվության փոխանակում իրականացնել տարբեր պետություններում գտնվող ռադարների ու կալանող հրթիռների միջև:
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը Տաջիկստանի բարձրագույն քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ հանդիպումներից հետո Դուշանբեում հանդիպելով լրագրողներին, որոնց գլխավորապես հետաքրքրում էր ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի ճակատագիրը, որևէ հստակ տեղեկություն չի հայտնել, այլ միայն ասել է, որ ռազմաբազան տարածաշրջանում և Տաջիկստանում կայունության պահպանման երաշխիք է, և երկրի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի ու պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում այդ հարցը քննարկվել է, գրանցվել է «էական առաջընթաց»:
ՌԴ պաշտպանության նախարարությունն «ակնհայտ սուտ» է որակել արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը Սիրիայում ռուսաստանյան գեներալ Վլադիմիր Կոժեւի սպանվելու մասին: Հայտարարությունում նշվում է, որ նման լուրերի տարածումը ոչ թե սենսացիոն լուր հրապարակելու ձգտումն է, այլ ռուսաստանյան զինծառայողների նկատմամբ թշնամական վերաբերմունքի սերմանումը, մինչդեռ 2010 թվականին զորացրված գեներալը ողջ-առողջ այժմ բնակվում է Մոսկվայում:
Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի չորրորդ տարեդարձի օրը Բաքվին ու Անկարային առաջարկել է համատեղ իրականացնել «TRACECA» ծրագրի մաս կազմող միասնական էներգետիկ ենթակառուցվածքների՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և կառուցվող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի անվտանգությունը:
Ուկրաինայի արտգործնախարարության մամլո քարտուղարը հայտնել է, որ սեպտեմբերի վերջին Կիևն ու Մոսկվան Ազովի և Սև ծովերում, ինչպես նաև Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական ծովային սահմանի ապառազմականացման պայմանագրի նախագծի վերաբերյալ կանցկացնեն խորհրդատվական քննարկումներ:
Եգիպտաիսրայելյան սահմանին գտնվող Քերեմ-Շալոմ հսկիչ անցագրային կետում երկուշաբթի օրը գրոհայինների հարձակման արդյունքում սպանված 16 զինվորների հուղարկավության հազարավոր մասնակիցները դատապարտող կոչեր են վանկարկել երկրի նախագահ Մուրսիի հասցեին, որը հուղարկավորությանը մասնակցելու փոխարեն այցելել էր հոսպիտալում գտնվող յոթ վիրավոր զինվորների: Մուրսիի այդ քայլը խիստ քննադատության են արժանացրել Եգիպտոսի բոլոր քաղաքական գործիչները: