Ռազմաքաղաքական
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ վերականգնել իր ռազմական ներկայությունը Կուբայում, իսկ երկրի արտաքին քաղաքական շահերի ապահովման համար բավարար է ռուսաստանյան ռազմանավերի ժամանակավոր կանգառն արտասահմանյան, այդ թվում նաև Կուբայի նավահանգստներում, հիշեցնելով, որ ՌԴ ռազմածովային նավատորմն այժմ խնդիրներ է իրականացնում ողջ համաշխարհային օվկիանոսում:
Ծանր մարտեր են ընթանում Կոնգոյի հարավում գտնվող Հյուսիսային Նիվու գավառի վարչական կենտրոն Գոմա քաղաքի մատույցներում, որտեղ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի մարտական ուղղաթիռները գրոհում են ապստամբական «Մարտի 23-ի շարժման» խմբավորման դիրքերը, որին, ըստ ՄԱԿ-ի տվյալների, աջակցում է հարևան Ռուանդան: Արդեն հազարավոր մարդիկ լքել են քաղաքն ու հարակից բնակավայրերը:
Միացյալ Նահանգների վարչակազմն Իսրայելին թույլատրել է Սիրիայի քիմիական զենքը շիա արմատական «Հըզբոլլահ» խմբավորման ձեռքում հայտնվելու դեպքում ոչնչացնել այն Լիբանան տեղափոխող քարավանները: Համաձայն իսրայելական մամուլի հաղորդումների, վերջին օրերին ամենաբարձր մակարդակով խորհրդատվություններ են անցկացվում Թել Ավիվի ու Վաշինգտոնի միջև. ԱՄՆ-ն ու Իսրայելը զգուշանում են, որ քարավանների ռմբակոծումը՝ լինի Սիրիայի թե Լիբանանի տարածքում, կհանգեցնի պատերազմի, և փորձում են գտնել ավելի «լուռ և խելոք» եղանակներ:
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղարը հայտարարել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ի թիվս սիրիացիների, երկրից հեռացել է նաև ավելի քան 10.000 իրաքցի փախստական, որոնք հիմնականում տեղավորվել էին Դամասկոսին մերձակա Սեյդա Զեյնաբի և այլ շրջաններում:
Միաժամանակ, Թուրքիայի մաքսային գործերով նախարարը երեկ հայտարարել է, որ Անկարան փակում է թուրք-սիրիական սահմանի բոլոր հսկիչ անցագրային կետերը:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Քաբուլը լրացուցիչ ուժեր է մոտեցնում սահմանամերձ Խորոգի հատվածին, որտեղ զինված խմբավորումների դեմ հատուկ գործողություն է սկսվել: Երկու նախագահները պայմանավորվել են համատեղ միջոցառումներ իրականացնել տաջիկաաֆղանական սահմանին կայուն իրավիճակի պահպանման ու ահաբեկչական գործողությունների կանխման համար մշտական կապ պահպանել սահմանի պահպանության համար պատասխանատու կառույցների ղեկավարների միջև:
ՌԴ արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Տաջիկստանի իշխանությունները կապահովեն Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում կառավարական ուժերի կողմից իրականացվող հատուկ գործողության գոտում հայտնված ՌԴ քաղաքացիների անվտանգությունը:
Շուրջ 1,5 տարի շահարկվող Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը, ի վերջո, ստացավ իր լուծումը: Պաշտոնական Բաքուն հավաստիացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ուժ չի կիրառի քաղաքացիական օդանավերի հանդեպ: Ամփոփելով հունիսի 10-13-ը տարածաշրջան կատարած այցը` համանախագահները մասնավորապես ասել են. «Ստեփանակերտում օդանավակայանի բացման ծրագրի առթիվ մենք կողմերից հավաստիացումներ ենք ստացել, որ խնդրին անդրադարձ կկատարվի միայն դիվանագիտական քայլերի տեսքով, և հարցը չի քաղաքականացվի: