Ռազմաքաղաքական
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին և Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդն անձամբ են ստորագրել հարևան Սիրիայից փախստականների հոսքի առջև սահմանները բացելու հրամանագրերը:
Մինչ այժմ սիրիացի փախստականները հիմնականում ապաստան էին գտնում Լիբանանում ու Թուրքիայում, իսկ Իրաքի ու Հորդանանի տարածք էին թափանցում անլեգալ ճանապարհներով, քանի որ այս երկու պետությունների իշխանությունները, մատնացույց անելով «ներքին դժվարությունները», նկատելի անբարյացակամ էին սիրիացի փախստականներին ընդունելու հարցում:
Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ արտաքին ագրեսիայի դեպքում Սիրիան կարող է քիմիական զենք օգտագործել: Նա միաժամանակ հստակեցրել է, որ զանգվածային ոչնչացման զենքի բոլոր պահեստները գտնվում են կառավարական զորքերի խստագույն հսկողության ներքո:
Ընդիմադիր խմբավորումները մի քանի ուղղությամբ վճռական հարձակման են անցել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի` Հալեպի վրա, որը նաև համարվում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը: Որոշ աղբյուրներ հաղորդում են անգամ փողոցային մարտերի մասին: Ընդիմության առաջնորներից Աբդուլ-Ջաբբար Ակիդին հայտարարել է, որ իրեն հավատարիմ մարտիկները երդվել են կառավարական զորքերից ազատագրել Հալեպը:
Խմբավորման ղեկավարությունը մտադիր է Գազայի հատվածը հռչակել Պաղեստինի ինքնավարությունից անկախ առանձին տարածքային կազմավորում, որը 1967 թվականից ի վեր առաջինն է լրիվ ազատագրվել իսրայելական բռնազավթումից: Գազայի հատվածի վարչակազմը նաև մտադիր է Իսրայելի հետ խզել տնտեսական ու քաղաքական բոլոր հարաբերությունները:
ՌԴ զինված ուժերի բարձրագույն հրամկազմի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհում լարվածության մեծացումը պարտադրում է կատարելագործել Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն անմիջականորեն ՌԴ սահմանների մոտ, այլև աշխարհի այլ տարածաշրջաններում, ամենից առաջ՝ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի «անկայունության առանցքում» ու աֆղանական ուղղությունում տեղի ունեցող իրավիճակի փոփոխությունները և Ռուսաստանի հուսալի պաշտպանությունը շարունակում է մնալ թիվ մեկ առաջնահերթությունը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանից պատասխան կպահանջի նավթի առևտրի գլխավոր զարկերակի` Հորմուզի նեղուցը փակելու յուրաքանչյուր փորձի համար, և թե Իրանը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրակցությունը Թեհրանին ու նրա հովանավորներին են համարելու նավագնացության յուրաքանչյուր խաթարման անմիջական պատասխանատու:
Պանետտան նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները հսկայական միջոցներ է ծախսել Պարսից ծոցում Իրանի ոտնձգություններից նավագնացության պաշտպանության համար և պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացման:
Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզական ծառայություններն ուժեղացրել են Ատլանտյան օվկիանոս ու Միջերկրական ծով արշավի դուրս եկած ՌԴ ռազմածովային նավատորմի նավերի նկատմամբ հսկողությունը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան աղբյուր: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի «Орион» հետախուզական ինքնաթիռները մի քանի անգամ մեծացրել են թռիչքների հաճախականությունը այն գոտիներում, որտեղ գտնվում են ռուսաստանյան ռազմանավերը, որոնց անձնակազմը ևս պարզ զգում է ռադիէլեկտրոնային հետախուզության ակտիվացումը: