Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԱՄՆ-Ը ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂՆԻ «ՔԱՐ-ԼՐՏԵՍՆԵՐ»

2014 թվականի ավարտին զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո Պենտագոնն այդ երկրում կթողնի բռաչափ քարի մեծությամբ դիտարկող սարքեր, որոնք ամենաանհավական տեղերում կլրտեսեն աֆղանական զինված կազմավորումներին:
Ամերիկյան «Lockheed Martin» ընկերության մշակած «քար-լրտեսները», իրականացնելով շրջապատի մշտական դիտարկում, կասկածելի ակտիվության յուրաքանչյուր դրսևորման մասին իսկույն կհայտնեն կենտրոն: «Lockheed Martin»-ի մասնագետների հավաստմամբ, հանգամանքների բարեհաջող զուգորդման դեպքում այս սարքերի որոշ մոդելներ կարող են աշխատել մինչև 20 տարի:

ՊԱԿԻՍՏԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

Պակիստանում հաջողությամբ է ավարտվել միջուկային մարտագլխիկ կրելու ունակ, անտեսանելիության «սթելս» տեխնոլոգիաներով կառուցված օդային բազավորման «Hatf-VIII» հրթիռի փորձարկումը: Նոր հրթիռը կարող է խոցել 350 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը:

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐ ԲԱԼԹԻԿ ԾՈՎՈՒՄ

Այսօր «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բալթիկ ծովում կմեկնարկեն Հյուսիսատլանտյան դաշինքի «Балтопс-2012» 40-րդ ռազմածովային խոշոր զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 16-ը: Զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ 11 պետություն, ինչպես նաև՝ Ռուսաստանը, որի ռազմածովային ուժերը կներկայացնեն «Կալինինգրադ» մեծ դեսանտային նավը և ծովային հետևակի մեկ ստորաբաժանում, իսկ ընդհանուր առմամբ, զորախաղերում ներգրավված են 20 վերջրյա նավեր և նույնքան ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:

ԻՐԱՆԸ «Flame»-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ

Թեհրանն Իսրայելին մեղադրում է համակարգչային բարդագույն «Flame» վիրուսի ստեղծման ու դրանով Իրանի գաղտնի տեղեկություններին մեծ վնաս հասցնելու համար: Վիրուսը վերջերս բացահայտել են ռուսաստանյան մասնագետները:
Փորձագետների պնդմամբ, համակարգչային վիրուսն արդեն հինգ տարի գտնվում է Մերձավոր Արևելքի համակարգչային ցանցերում և կազմակերպված կիբեռնետիկ լրտեսության մի մասն է: Նրա թիրախներ են դարձել Իրանի 189, Արևմտյան ափի 100 և Սիրիայի 30 համակարգչային ցանցեր:

ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ

Իսրայելյան «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանին մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին:
Ենթադրվում է, որ այս գործարքի արժեքն ավելին է, քան Թուրքիայի հետ պայմանագրինը, որը գնահատվում է 300 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն հետո պարզվեց, որ Թել-Ավիվն Անկարային էր վաճառել ամենևին էլ ոչ ամենավերջին մշակման ԱԹՍ-ներ:

ԿԺԴՀ-Ն ԻՐԵՆ ՀՌՉԱԿԵՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային Կորեայի գերագույն ժողովրդական հավաքը երկրի սահմանադրությունում մտցրել է մի ուղղում, համաձայն որի ԿԺԴՀ-ն պաշտոնապես հռչակվում է միջուկային տերություն: Երկրի հիմնական օրենքը, որը կոչվում էր Կիմ Իր Սենի անունով, այժմ անվանվում է «Կիմ Իր Սենի-Կիմ Չեն Իրի սահմանադրություն»:

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ

ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Ֆորտ Կարսոն ռազմաբազայում սկսվել են պատմության մեջ հակահաբեկչական ռուս-ամերիկյան առաջին համատեղ զորախաղերը, որին մասնակցում են ՌԴ օդադեսանտային զորքերի մեկ ստորաբաժանում և ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ստորաբաժանումները: