Ռազմաքաղաքական
Ամերիկյան փորձագետների պնդմամբ, Հիմգեն-Պուկտո նահանգում կառուցվող հրապարակը նախատեսված է “Мусудан-ри” միջմայրցաքային հրթիռների արձակման համար, որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգների տարածք: Ենթադրվում է, որ հրթիռարձակման հրապարակը պատրաստ կլինի 2016-2017 թվականներին:
Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի զենք ու մարտական տեխնիկա մատակարարել աֆղանական բանակին, աջակցել սպառազինության արտադրմանը, ինչպես նաև օգնել սպայակազմի պատրաստման հարցերում: Օգնության ուղղություններն առավել կհստակեցվեն Քաբուլի հետ ուղիղ քննարկումների ընթացքում:
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե իր երկիրը «մտադիր չէ» իրականացնել միջուկային փորձարկումներ:
Արևմտյան լրատվամիջոցները, տարեսկզբին վկայակոչելով տարբեր աղբյուրներ, այդ թվում նաև հարավկորեական հատուկ ծառայություններին, հայտնել էին, որ Փխենյանը նախապատրաստվում է հերթական ստորգետնյա միջուկային փորձարկմանը: Այդ էին վկայում նաև հյուսիսկորեական զինափորձարանի` տիեզերքից կատարված լուսանկարները:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտից հետո հայտարարել է, որ իր երկիրը 2014 թվականին պատրաստ կլինի մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը:
Նրա պնդմամբ, ՆԱՏՕ-ն երկար ժամանակ չուներ Վրաստանի հանդեպ գործողությունների քաղաքականություն, սակայն Չիկագոյում նկատելի առաջընթաց արձանագրվեց և Վրաստանը ստացավ ՆԱՏՕ-ին անդամակցելու ազդանշան, ինչին սպասում էր կազմակերպության բուխարեստյան գագաթաժողովից հետո. «ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ հաջորդ գագաթաժողովը կլինի կազմակերպության ընդլայնման գագաթաժողով, և ես ես վստահ եմ, որ Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները անդամակցելու Դաշինքին: Ես երբեք այսքան վստահ ու համոզված չեմ եղել»:
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ընդունած հռչակագրում ասվում է, որ կազմակերպությունը ցավում է հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ծավալմանը հակազդելու նպատակով հակաքայերի դիմելու մասին Ռուսաստանից պարբերաբար հնչող հայտարարությունների համար, սակայն պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ և համատեղ որոնել խնդրի լուծման ուղիները, որոնք ՆԱՏՕ-ին պատկերանում են հակահրթիռային պաշտպանության եվրոպական ու ռուսաստանյան համակարգերի պատրաստության վիճակի մասին տեղեկատվության պարբերական փոխանակման տեսքով:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում է ընդունվել Մերձբալթիկայի երկնքում օդային պարեկման առաքելությունն անժամկետ դարձնելու մասին: Մերձբալթյան պետությունների զինված ուժերի սպառազինությունում չկան օդային պարեկման համար պիտանի ինքնաթիռներ, և 2004 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո կազմակերպության անդամ պետությունները հերթով իրականացնում են Եվրոպայի այս հատվածի օդային սահմանների պարեկությունը:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Կվան Չժինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է Չինաստանի հետ կնքել ռազմական սարքավորումների նյութատեխնիկական ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր, իսկ Ճապոնիայի հետ կշարունակի ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրելու բանակցությունները:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Պեկինը ևս փորձում է Հյուսիսային Կորեային ետ պահել միջուկային փորձարկումների շարունակումից, զգուշանալով սահմանամերձ Չանբայշան լեռան շրջանում բնության աղտոտումից և ճառագայթման տարածումից: