Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Եվրամիության անդամ 27 պետությունները պաշտպանության կարիքների համար տարեկան ծախսում են 200 միլիոն եվրո: Այդ մասին Չիկագոյում սկսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Նա միաժամանակ մատնացույց է արել եվրոպական պաշտպանության արդյունաբերական-տեխնոլոգիական բազայի, ինչպես նաև Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ռազմավարական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

ԵՎՐՈՀՀՊ-Ի ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄՈՍԿՎԱՅԻ ԸՄԲՌՆՈՒՄԸ

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինեն հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի` Ռուսաստանի դեմ ուղղված չլինելու վերաբերյալ իրավական երաշխիքները:
Դրանք պետք է լինեն գրավոր որոնցում, հստակ պետք է նշվի, որ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի միջուկային զսպման ուժերի դեմ, և տրամադրվի ռազմատեխնիկական բավարար տեղեկատվություն հակահրթիռների քանակության, արագության, նրանց տեղադրության վայրերի, տեղեկատվական համակարգերի և մնացյալ տեխնիկական խնդիրների մասին:
Միաժամանակ նա վերստին հաստատել է, որ Ռուսաստանը դեմ է համակարգը տիեզերքում տեղակայելուն:

ՈՐՈՆՔ ԵՆ ԱՌԱՋԻԿԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԱՄՆ հատուկ ծառայությունների հրապարակած զեկույցի համաձայն, առաջիկա տասը տարիներին բռնկվելիք պատերազմների պատճառները կլինեն երաշտները, ջրհեղեղները, խմելու ջրի պակասը, որոնք կհանգեցնեն գլոբալ անկայունությունների և բախումների:
Համաձայն զեկույցի, առավել կտուժեն զարգացող երկրները, որտեղ անընդհատ առկա է բնակչության պահանջմունքների աճ: Կլիմայի փոփոխությունները ծանր հետևանքներ կունենան գլոբալ աշխարհաքաղաքականության համար, ինչը վերջին հաշվով կհանգեցնի մարդկության համար նոր տիպի` ռեսուրսների համար տարածաշրջանային պատերազմների:

ԵՎՐՈՀՀՊ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Է

Պենտագոնի և ԱՄՆ հաշվիչ պալատի փորձագետները կեստարյա աշխատանքի արդյունքում կազմած գաղտնի զեկույցում հայտարարել են, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգը ոչ թե ռազմական, այլ քաղաքական նախագիծ է և ի զորու չէ կատարել իր առջև դրված ռազմական խնդիրները: Գաղտնի զեկույցի հրապարակման ենթակա մասն օրերս հանձնվել է ԱՄՆ կոնգրեսին:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշխատանքները վերսկսվել են Յոնեբենե ռեակտորում, որը կարող է օգտագործվել նաև միջուկային նյութերի արտադրության համար:
Տիեզերքից կատարված լուսանկարներում պարզ երևում է, որ ներկայում ավարտվում են ռեակտորի պաշտպանիչ շերտի տեղադրման աշխատանքները: Սակայն, մասնագետների պնդմամբ, օբյեկտը կարող է գործել առնվազն մեկ-երկու տարի անց:

ԱՌԱՋԸՆԹԱՑ ԻՐԱՆ-ՄԱԳԱՏԷ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Թեհրանը գոհ է Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ երկօրյա բանակցությունների արդյունքներից: Այս կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրների քննարկման ընթացքում առաջընթաց է արձանագրվել:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐ ԿԳՏՆՎԻ՞

Ռուս զինվորական փորձագետ, պահեստի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկու կարծիքով, հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև փոխզիջում հնարավոր է միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները վերանայի ՀՀՊ համակարգերի տեղակայման շրջանները, իսկ եթե այդպիսիք շարունակեն մնալ Լեհաստանի տարածքն ու Բալթիկ ծովում գտնվող ռազմանավերը, ապա փոխզիջման մասին խոսք անգամ չի կարող լինել: