Ռազմաքաղաքական
ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած հերթական զեկույցում հաստատվում է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման երրորդ համաձայնագրով նախատեսված շրջանակներում Միացյալ Նահանգները միջուկային սպառազինության քանակով դեռևս առաջ է Ռուսաստանից: Ներկայում Միացյալ Նահանգներն ունի 1.737 մարտագլխիկ կրող ցամաքային ու ծովային բազավորման 812 բալիստիկ հրթիռներ և ծանր ռմբակոծիչներ, այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնությունն ունի 494 միավոր այսօրինակ սպառազինություն, որոնց վրա տեղադրված է 1.492 մարտագլխիկ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի ղեկավարներն ընդունել են միջազգային անվտանգության առանցքային խնդիրների վերաբերյալ կազմակերպության հավաքական մոտեցումներն արտացոլող հռչակագիր: Այն նաև գնահատական է տալիս անցած ժամանակահատվածում ՀԱՊԿ իրականացրած գործունեությանը:
Մայիսի 3-4-ին Մոսկվայում կայացած «Հակահրթիռային պաշտպանության գործոնը և անվտանգության նոր միջավայրի ձևավորումը» միջազգային կոնֆերանսին մասնակցեց ավելի քան 200 պատվիրակ շուրջ 50 պետությունից, որոնցից 28-ը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ էին: Ներկա էին նաև ԱՊՀ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների, ինչպես նաև Չինաստանի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի պատվիրակությունները:
Մայիսի առաջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները, չխնայելով ոչ իրենց և ոչ էլ սեփական ընթերցողին, մեծ խանդավառությամբ աղաղակում էին երկրի զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքված դրամական միջոցների ռեկորդային քանակի մասին: Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է ավելի քան 25 մլն ադրբեջանական մանաթ (մոտ 32 մլն դոլար):
Էստոնիայի տարածքային ջրերում երեկ սկսվեցին Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմածովային ուժերի «Open Spirit 2012» միջազգային ռազմածովային զորախաղերը, որոնց նպատակն է հայտնաբերել ու վնասազերծել Առաջին և Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ստորջրյա ականները: Որոնումները կիրականացվեն Տալլինի ծոցում և Մուխու ու Վիրտսու նեղուցներում:
Իրանի ավիացիոն-տիեզերական տեխնոլոգիաների զարգացման կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ „Фаджр“ արբանյակի արձակումը տեղի կունենա մայիսի 23-ին:
Իսրայելյական մամուլն այս առնչությամբ վերստին հիշել է այն պնդումները, թե հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի փորձարկումն իրականում իրանական միջուկային ծրագրի մի մասն էր:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ Թբիլիսին իր դաշնակիցների հետ պատրաստ է քննարկել ուժի չկիրառման վերաբերյալ ռուսաստանյան կողմի առաջարկները: Նա նշել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը պարտավոր են ստորագրել նման համաձայնագիր, և այժմ համապատասխան քայլեր պետք է կատարի ռուսական կողմը, որոնք Վրաստանը կքննարկի իր դաշնակիցների հետ: