Ռազմաքաղաքական
«The Washington Times» թերթի հավաստմամբ, Ռուսաստանը շուտով կստորագրի Տաջիկստանում ռուսական ռազմակայանների գտնվելու ժամկետը ևս 49 տարով երկարաձգելու պայմանագիրը: Մինչդեռ Տաջիկստանի իշխանությունները հույս ունեն, որ ՌԴ նոր նախագահ Վլադիմիր Պուտինը կմեղմացնի Մոսկվայի դիրքորոշումն ու ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարացման դիմաց էներգակիրների մատակարարմամբ կաջակցի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի վարչակարգին:
Մայիսի 12-ին ԱՄՆ է մեկնել ՌԴ օդադեսանտային զորքերի պատվիրակությունը` մասնակցելու Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ պատմության մեջ առաջին անգամ անցկացվելիք հակաահաբեկչական զորախաղերին, որոնք տեղի կունենան Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Կարսոն ռազմակայանում:
Ռուսաստանի ու Աբխազիայի հատուկ ծառայությունները օլիմպիական Սոչիում 2012-2014 թվականներին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են “Имарат Кавказ” միջազգային ահաբեկչական կազմակերպության աբխազական թևի երեք ղեկավարների:
Վլադիմիր Պուտինը, ստանձնելով Ռուսաստանի Դաշնության նախագահի ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները, երկրի պաշտպանության նախարարի ներկայությամբ, ինչն արդեն դարձել է ավանդույթ, ստացել է «միջուկային ճամպրուկը», որում գտնվում են երկրի միջուկային ուժերի կիրառման ծածկագրերը: Դրանց միջոցով է իրականացվում կապը ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հետ: Այն ռազմավարական նշանակության միջուկային ուժերի ավտոմատ կառավարման «Կազբեկ» համակարգի մի մասն է: Երկրորդ և երրորդ ճամպրուկները գտնվում են Ռուսաստանի պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մոտ:
ԵվրոՀՀՊՊ խնդիրներին նվիրված Մոսկովյան կոնֆերանսում ՌԴ օդատիեզերական զորքերի հակահրթիռային պաշտպանության դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Լյապորովը հայտարարել է, որ ՌԴ եվրոպական մասում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը կարող են հայտնաբերել ցանկացած ուղղությունից Եվրոպայի վրա արձակված բալիստիկ հրթիռները, իսկ թիրախների գերճշգրիտ նշանադրումները կիրականացնեն Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս գտնվող հակահրթիռային հարվածային համալիրները:
Ռազմավարական կայունության և հակահրթիռային պաշտպանության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլեն Տոշերը հայտարարել է, որ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին նվիրված Մոսկովյան կոնֆերանսի նման համաժողով կարելի է կազմակերպել նաև Միացյալ Նահանգներում, սակայն նման հանդիպումը դժվար թե նպաստի Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև երկխոսությանը: Նա առավել արդյունավետ է համարել փոխադարձ վստահության ամրապնդմանը միտված քայլերի մշակումն ու այն ասպարեզների հստակեցումը, որոնց շուրջ կողմերը համաձայն են միմյանց հետ կամ՝ ընդհակառակը:
Նման եզրակացության են եկել Ռուսաստանում գործող Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնում, պնդելով, որ Խորհրդային Միության փլուզումը և երկբևեռ աշխարհակարգի կայունարար դերակատարության վերացումը հանգեցրին բազմաթիվ զինված հակամարտությունների «ապասառեցման», ինչի հետևանքով «սառը պատերազմի» դարաշրջանի համեմատ աշխարհում էապես նվազել է գլոբալ անվտանգության ընդհանուր մակարդակը, ինչի հետագա շարունակմանը մեծապես նպաստում է Միացյալ Նահանգների լիակատար անպատժելիությունը այլ պետությունների նկատմամբ զինված ուժ կիրառելիս: