Ռազմաքաղաքական
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 26-ին ժամանել է Սեուլ` մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին: Սեուլ են ժամանել նաեւ գագաթնաժողովին մասնակից` ավելի քան հինգ տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելին են վաճառելու թվով վեցերորդ «Դելֆին» սուզանավը, բայց և միաժամանակ զգուշացրել է Թել-Ավիվին, որ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումն ու Իրանի նկատմամբ ուժի կիրառումը կապված են հսկայական ռիսկերի հետ:
Իսրայելն իր ստորրջրյա նավատորմը համարում է Իրանին ռազմական հարված հասցնելու կարևոր գործոններից մեկը:
Եվրամիության արրտգործնախարար Քեթրին Էշթոնը Ռուսաստանին վերստին կոչ է արել դադարեցնելու Սիրիային զենքի մատակարարումները, ինչը նպաստում է հակամարտության քաղաքականացմանը: Ավելի վաղ նման պահանջով հանդես էր եկել նաև Բելգիայի նախկին վարչապետը, որն այժմ գլխավորում է Եվրախորհրդարանի՝ մեծությամբ երրորդ խմբակցությունը: Նա պնդում է, որ ՄԱԿ-ն անմիջապես ստուգի Սիրիային ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարման փաստը, և եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա Ռուսաստանը մեղսակիցն է դառնում Սիրիայում մարդկության դեմ կատարվող հանցագործություններին:
Մոսկվան «անիրական ու անօգուտ» է որակել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրիչների մասին Վաշինգտոնի, որպես բարի կամքի դրսևորում, իրեն փոխանցված գաղտնի տեղեկատվությունը և մտադիր է մայիսի 3-4-ին աշխարհի բազմաթիվ երկրների զինվորականների ու փորձագետների մասնակցությամբ Մոսկվայում կայանալիք միջազգային կոնֆերանսում ներկայացնել ՌԴ միջուկային ուժերի նկատմամբ ԵՎՐՈՀՀՊ-ի ներկայացրած իրական վտանգի մասին իր ապացույցները:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական երեկ հայտարարել է, որ իր երկիրը, ի պատասխան ապրիլին Հյուսիսային Կորեայի ծրագրած հրթիռի փորձարկման պատրաստ է, տեղակայել որսացող հրթիռներ: Նա հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է հրթիռի փորձարկման դեպքում առաջանալիք հնարավոր չնախատեսված հետևանքների պատասխան քայլերը, և երկրի զինված ուժերը հրթիռի թռիչքի հավանական հետագծի երկայնքով հակամիջոցներ են տեղակայում:
ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պատասխանելու հավանական սպառնալիքներին, սակայն աստիճանաբար մեծանում է Ռուսաստանի` տարբեր զինված բախումներում ներքաշվելու վտանգը:
Զարմանալի է, որ մարտի սկզբին ադրբեջանական Գուբա քաղաքում բռնկված խռովությունը միանգամայն անսպասելի էր Ալիևի իշխանության համար: Փորձագետներն իրավացիորեն նկատում են, որ միանգամից 10000 մարդու իշխանության դեմ հանելը այսօրվա Ադրբեջանում անպատկերացնելի է: Դժվար է ընկալել նաև բացատրությունը, թե մարդիկ վիրավորվել են վարչական շրջանի այժմ արդեն նախկին ղեկավար Հաբիբովի ասածից, թե՝ «տեղացիներն իրենց վաճառել են»: Մի՞թե այդ խոսքի պատճառով շրջկենտրոնում տարերայնորեն կհավաքվեին հազարավոր մարդիկ: Ավելի տրամաբանական չէ՞ ենթադրել, որ գործի են դրվել տեղի բնակչության՝ լեռնային հրեաներին բնորոշ կազմակերպչական ներքին լծակները, որոնց արդյունավետությունը փորձարկված է դարերի ընթացքում: