Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԻՐԱՆԸ ԵՌԱՊԱՏԿԵԼ Է ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՈՒՐԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն, որը նաև նշել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայության մասին և հայտնել, որ գործակալությունը նախկինի պես լուրջ կասկածներ ունի իրականում Իրանի միջուկային ծրագրի հետապնդած ռազմական նպատկների վերաբերյալ, քանի որ Թեհրանը չի ներկայացրել դա բացառող լուրջ երաշխիքներ և չի պատասխանել ՄԱԳԱՏԷ-ի առաջադրած և ոչ մի հարցի:

ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԹԲԻԼԻՍԻԻ՞Ն

Վրաստանի արտգործնախարարությունն իր երկրին ուղղված սպառնալիք է համարել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Շամանովի հայտարարությունը Նովոռոսիյսկում օդադեսանտային զորքերի առաջին ուղղաթիռային գնդի տեղակայման մասին: Գեներալն ուղղաթիռային գնդի տեղակայման վայրի ընտրությունը բացատրել էր Աբխազիայում և Հարավային Օսիայում իրավիճակի հաճախակի սրումներով և Հյուսիսային Կովկասում առկա խնդիրներով:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՆԽՈՂ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ

ԿԺԴՀ իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում դիտողի դերում լինել երկրի սահմանների մոտ ԱՄՆ և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նկատմամբ, և «երկրի զինված ուժերը պատրաստ են հզոր կանխող հարված հասցնել սադրիչներին, որոնց օդում, ջրում և ցամաքում սկսած զորավարժությունները կրում են ակնհայտ ագրեսիվ բնույթ և ունեն ԿԺԴՀ տարածք ներխուժելու նպատակ»:

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՎԵԼԱՆԱՆ 11,2 ՏՈԿՈՍՈՎ

2012 թվականին Չինաստանի ռազմական ծախսերը կկազմեն 672, 2 մլիարդ յուան կամ 110 միլիարդ ԱՄՆ դոլար: Պեկինը պնդում է, որ ինքը հավատարիմ է մնում խաղաղ զարգացման ու պաշտպանական ռազմական քաղաքականության սկզբունքներին, ինչը փաստարկում է այն հանգամանքով, որ անցած տարի երկրի ռազմական ծախսերը կազմել են Չինաստանի համախառն ներքին արդյունքի ընդամնեը 1,28 տոկոսը, իսկ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը գերազանցում է 2 տոկոսը:

ՆԱՍԱ-ԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԿՈԴԵՐԸ

Այդ կոդերը պահպանվում էին ՆԱՍԱ-ի` Ամերիկյան աերոտիեզերական գործակալության մի նոթբուկում, որը հափշտակվել են անհայտ չարագործները:
Կոդերը ծածկագրված չէին և ընդամենը մի մասն են այն մեծազանգված խորհրդատվական տեղեկատվության, որը 2011 թվականին գողացվել է ՆԱՍԱ-ից: Իսկ անցած երկու տարիների ընթացքում գործակալությունից գողացվել են կարևոր տեղեկատվություն պարունակող 48 կրիչ ու տարբեր սարքեր, ինչպես նաև գրանցվել է կիբեռնետիկ անվտանգության խախտման 5408 դեպք, որոնց արդյունքում Միացյալ Նահանգներին պատճառվել է մոտ յոթ միլիոն ԱՄՆ դոլարի վնաս:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԴԻՄԱՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ

ԿԺԴՀ իշխանությունները պատրաստ են դադարեցնել ուրանի հարստացումը, միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների փորձարկումները, փոխարենն ակնկալելով պարենամթերք ստանալ ԱՄՆ-ից: Փխենյանը համաձայնել է նաև երկիր թողնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, որոնք հետևելու են ուրանի հարստացման դադարեցման վերաբերյալ ԿԺԴՀ ստանձնած պարտականությունների կատարմանն ու ստուգելու Յոնբենի միջուկային ռեակտորի աշխատունակությունը:

ԲԱՔՈՒՆ 300 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ Է ՊԱՀԱՋՈՒՄ ԳԱԲԱԼԱՅԻ ՌԼԿ-Ի ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ադրբեջանը պնդում է 43 անգամ ավելացնել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանքի վարձավճարը, այն 7 միլիոնից հասցնելով 300 միլիոն ԱՄՆ դոլարի: ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնում են, որ Մոսկվան նման գումարի վճարումն անիմաստ է համարում ու պատրաստ է թողնել ռադիոլոկացին կայանը, որի տասնամյա վարձակալության ժամկետը լրանում է այս տարի: