Ռազմաքաղաքական
Այս տարվա գարնան վերջին ԱՄՆ Կոլորադո նահանգի լեռնային պատրաստության Ֆորտ Կարսոն ռազմակայանում տեղի կունենան ՌԴ օդադեսանտային զորքերի հետախուզական ստորաբաժանումների և ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորախաղեր:
Երկու բանակների զինվորականները Ֆորտ Կարսոնում արդեն իրականացրել են տեղազննում, ծանոթացել ռուս զինվորականների կենցաղային պայմաններին, որոշել «գրավվելիք» օբյեկտներն ու օդային դեսանտի իջեցման տեղամասերը:
Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան բազմաթիվ հետախուզական անօդաչու թռչող սարքեր օդից հետևում են քաղաքացիական բնակչության ու ընդիմադիր խմբավորումների վրա սիրիական զինված ուժերի իրականացրած հարձակումներին: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը միաժամանակ հստակեցրել է, որ Սիրիայի տարածքում դիտարկումն ու հետախուզությունն իրականացվում է «ոչ թե մարտական գործողություններին նախապատրաստվելու, այլ Ասադի վարչակարգի գործողություններին միջազգային հանրակցության կողմից տրվելիք պատասխանի իրավացիության համար տեսաշարի տեսքով ապացույցների բազա հավաքելու համար»:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում Մոսկվան կդիմի միջուկային զենքի կիրառմանը, ինչը թույլատրվում է նաև ՌԴ ազգային անվտանգության հայեցակարգով:
Պատասխանելով Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ուսանողների հարցերին, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ մեծ պետությունները ռազմաքաղաքական դաշինքներին չեն անդամագրվում, այլ իրենք են ստեղծում այդպիսիք:
Հստակեցնելով, որ դա ոչ հեռու ապագայի խնդիր է, Ռոգոզինը հայտարարել է, թե այժմ Ռուսաստանի համար ավելի շահեկան է ՆԱՏՕ-ի փոխարեն անդամացելու ավելի նուրբ ու ճկուն դաշինքների, որոնք ստեղծվում են ընթացիկ խնդիրների լուծման համար:
Բարաք Օբամայի վարչակարգը ռազմավարական հարձակողական միջոցների կրճատման` Մոսկվայի հետ կնքած համաձայնագրի շրջանակներում քննարկում է ռազմավարական նշանակության միջուկային սպառազինության հետագա կրճատման հնարավորությունները: Խոսք է գնում անգամ մինչև 82 տոկոս կրճատման մասին:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Փհենյանը պայմանավորվել են փետրվարի 23-ին Պեկինում, ուր կհանդիպեն Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Գլին Դեվիսը և ԿԺԴՀ արտգործնախարարի առաջին տեղկալ ԿԻմ Կե Գվանը, քննարկել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրն ու զինաթափման վերաբերյալ երկխոսության շարունակման հնարավորությունը:
ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվանից հետո սա կողմերի առաջին հանդիպումն է:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական կենտրոնի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, սոցիալական ցանցերի դերի մեծացումը հանգեցնում է նրան, որ փոխվում է ինտերնետում տեղեկատվության տարածման հոգեբանությունը։ Դեռևս մի քանի տարի առաջ տեղեկատվության մի քանի հիմնական աղբյուր կար, ներառյալ կայքանշաններով, ընկերների հղումներով կայքին անցումները, թեմատիկ ֆորումների հղումները, գովազդային հղումները։ Սակայն հիմքերի հիմքը որոնման համակարգերն էին, որոնց օգնությամբ միջին օգտվողը տեղեկատվություն էր գտնում համաշխարհային ցանցում: