Ռազմաքաղաքական
Կարելի է ամրագրել, որ «արաբական գարնան» արդյունքում մի շարք արաբական երկրներում աշխարհիկ (սեկուլյար) ավտորիտար ռեժիմները փոխարինվեցին իսլամական «թեքումով» կիսաժողովրդավարական վարչակարգերով։ Խիստ կարևոր է, որ այդ վարչակարգերին աջակցում է մեծամասնություն կազմող և «արաբական-իսլամական ընդհանրական ինքնությունը» վերագտնել ձգտող բնակչությունը։ Իրեն վերագտնող այդ նոր իսլամական արաբական աշխարհը ցուցաբերում է ինտեգրման միտումներ, և այդ առումով Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլայի կոչը միասնական արաբական պետության ստեղծման մասին միանգամայն համարժեք է արաբական աշխարհում տիրող տրամադրություններին։
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը լրագրողներին հայտնել է, որ ռուսական բանակը կշարունակի ձեռք բերել օպերատիվ-մարտավարական «Искандер» համալիրներ (որոնք հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին հակազդելու նպատակով կտեղակայվեն նաև Կալինինգրադի մարզում) և զենիթահրթիռային «Панцирь» սարքավորումներ, իսկ ՌԴ օդատիեզերական պաշտպանության զարգացման հայեցակարգը կմշակվի անկախ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ ընթացող բանակցությունների արդյունքներից:
Ճապոնիայի ռազմաօդային ուժերը տագնապով օդ են բարձրացել, երբ Մոսկվայի ժամանակով առավոտյան 4.00-ին հինգ ռուսական ռազմական ինքնաթիռ` երկու «Ту-95» ռազմավարական ռմբակոծիչներ, երկու ռազմաճակատային հետախուզական «Су-24»-ներ և հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման ու ղեկավարման «А-50» ինքնաթիռը, Խաղաղ օվկիանոսի ու Ճապոնական ծովի կողմից թռել են Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու և երկրի հիմնական` Հոնսյու կղզու սահմանների երկայնքով, սակայն չեն մտել Ճապոնիայի օդային տարածք:
Երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է ավիաբազան ժամկետի ավարտից` 2014 թվականից շուտ երկրի տարածքից դուրս բերելու վերաբերյալ ընդիմության առաջարկը:
Բիշկեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում տեղավորված ավիաբազան հիմնադրվել է 2001 թվականի դեկտեմբերին և այժմ ապահովում է Աֆղանստանում գտնվող հակահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռների` օդում վերալիցքավորման աշխատանքների շուրջ 30 տոկոսը:
Սիրիային 36 ուսումնամարտական «Як-130» ինքնաթիռներ վաճառելու մասին Մոսկվայի որոշումը լրջորեն անհանգստացրել է Միացյալ Նահանգներին: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիային զենք մատակարարող պետությունները մեծ սխալ են գործում ու «կանգնում պատմության ոչ ճիշտ կողմում» և Ռուսաստանին խորհուրդ են տվել ևս մեկ անգամ մտածել Սիրիային զենք վաճառելու մասին, քան որ՝ այդ զենքն ամենայն հավանականությամբ օգտագործվելու է խաղաղ բնակչության դեմ:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի հետախուզական ճշգրիտ տեղեկություններ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ և նույնքան ճշգրիտ գնահատական, թե Թեհրանը երբ կավարտի միջուկային ռումբի ստեղծման աշխատանքները: Միաժամանակ նա խոստովանել է, որ չափազանց քիչ են տեղեկությունները Իրանի իշխանության վերնախավում ընթացող անդրկուլիսյան պայքարի և գոյություն ունեցող խմբավորումների մասին, թեև պարզ է, որ նախկինի համեմատ Իրանի իշխանությունն ավելի մասնատված է:
Պենտագոնը Լեհաստանին կվաճառի 447 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 1250 ավիացիոն հրթիռ և ավիառումբ, այդ թվում նաև՝ ինքնաուղղորդման ինֆրակամիր գլխիկ ունեցող «օդ-օդ» կարգի 158 հրթիռներ և յուրաքանչյուրը շուրջ մեկ տոննա կշռող 284 ավիառումբ, որոնք կարող են ավերել չորս մետր հաստությամբ երկաթբետոնե պաշտպանիչ ծածկույթներ: Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս ռումբերից 200-ն ունեն «GPS» համակարգի ընդունիչներ և լազերային ուղղորդման համակարգեր: