Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 30-ԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ

Ռուսաստանում մշակվում է հատուկ պլան առաջիկա 30 տարիներին ռազմածովային ուժերի հզորությունը ավելացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Ծրագրի գլխավոր նպատակը երկարաժամկետ հեռանկարների պլանավորման միջոցով ռազմական նավատորմի պահպանումն ու ներդաշնակ զարգացումն ապահովելն է:
2012-2014թթ. ՌԴ պետական ռազմական պատվերի շրջանակներում նավատորմի մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս: Միայն այս տարի նոր ռազմանավեր և սուզանավեր գնելու, եղածները արդիականացնելու և ենթակառուցվածքներ ստեղծելու համար ոլորտին կհատկացվի 900 միլիարդ ռուբլի:

ՆԱՏՕ-Ն ՍՏԵՂԾՈՒՄ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Դաշինքի անդամ 28 պետությունների պաշտպանության նախարարները Բրյուսելում համաձայնության են եկել (Alliance ground surveillance, AGS) համակարգի ֆինանսավորման հարցերի շուրջ: Համակարգի նպատակն է հայտնաբերել մոլորակի վրա ռազմական ակտիվության դրսևորումները և ապահովել տեղափոխման ու մարտական գործողությունների վարման ընթացքում Դաշինքի զորքերի անվտանգությունը:

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ «ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ»

Անվտանգության հարցերով մյունխենյան կոնֆերանսում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ թեև հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ծավալման առնչությամբ խորհրդատվական հանդիպումները շարունակվում են, սակայն ինքը «Լույս չի տեսնում թունելի վերջում» և շեշտել, որ վերջին ժամանակներս ընթանում են խորհրդատվական հանդիպումներ, այլ ոչ թե բանակցություններ:

СНВ-3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ 1.800 ՏԵՂԵԿԱԳԻՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման` 2010 թվականի ապրիլի 8-ին տասը տարի ժամկետով կնքված և մեկ տարի առաջ` փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը 1.800 անգամ միմյանց տեղեկություններ են տրամադրել միջուկային սպառազինության կամ այն կրելու ունակ մարտական տեխնիկայի տեղափոխման մասին, ինչպես նաև հայտնել հորային բազավորման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայման վայրերի կոորդինատները:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱԹՍ Է ՄՇԱԿՈՒՄ

ԿԺԴՀ զինվորականները նպատակահարմար են գտել ԱԹՍ ստեղծել Միացյալ Նահանգներում` Հարավային Կորեայում կառավարվող հրթիռների փորձարկումների ժամանակ օգտագործվող ամերիկյան «MQM-107D Streaker» գրոհային անօդաչու թռչող սարքի նմանությամբ:

ՆԱՏՕ-Ն ՁԳՏՈՒՄ Է ԵԿՈՂ ՏԱՐԻ ԱՎԱՐՏԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ռազմական մասն ավարտել 2013 թվականի կեսերին կամ վերջին և մարտական գործառույթների կատարումից անցնել Աֆղանստանի զինված ուժերի և անվտանգության ծառայությունների ուսուցմանն ու հրահանգավորմանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԼԻԲԻԱՅԻՆ

«Рособоронэкспорт» ընկերությունը ծրագրում է Լիբիային զենքի մատակարարման արգելքի վերացումից անմիջապես հետո այս հարցի շուրջ բանակցություններ սկսել երկրի նոր իշխանությունների հետ, ինչի ավարտից հետո միայն հնարավոր կլինի խոսել երկու պետությունների հետագա ռազմատեխնիկական համագործակցության ծավալների մասին:
Միայն 2011 թվականին լիբիական հեղափոխության արդյունքում լուծարվեցին «Рособоронэкспорт»-ի կողմից Տրիպոլիին 4 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով սպառազինության մատակարարման պայմանագրեր: