Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՌՈՒՍԱՍԱՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտնել է, որ թեև համատեղ զորախաղերի անցկացման հստակ ժամկետները դեռևս որոշված չեն, սակայն դրանք կանցկացվեն մարտ ամսվա ընթացքում:
Նա միաժամանակ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը փորձում է համատեղ զորախաղերի անցկացումով քողարկել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի, փոքր և միջին հեռահարության հրթիռների տարածման և տիեզերքում ոչ միջուկային մատագլխիկներով ռազմավարական հարձակողական սպառազինության տեղակայման հարցերում Մոսկվայի հետ ունեցած խորը և սկզբունքային տարաձայնությունները:

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ՎԵՐՍԿՍՎՈ՞ՒՄ Է

Ալժիրի հյուսիս-արևմուտքում գտնվող Տիարետ քաղաքում զանգվածային հուզումների արդյունքում տուժել է 30 մարդ, այդ թվում նաև` անկարգությունները դադարեցնել փորձող ոստիկաններ: Ինքնահրկիզմամբ կյանքին վերջ տված երիտասարդի հուղարկավորության ընթացքում սկսված անկարգությունների մասնակիցները թալանել են խանութներ, կոտրել բազմաթիվ առևտրական հաստատությունների ցուցափեղկերը և քարկոծել ոստիկաններին: Հուզումները հանդարտեցվել են ոստիկանության կիրառած արտասվաբեր գազի օգնությամբ:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՉՈՐՍ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲ

Իսրայելի զինվորական հետախուզության պետ, Ավիվ Կոհարիի պնդմամբ, Թեհրանն արդեն ունի չորս ատոմային ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ 20 տոկոսով հարստացված 4 տոննա ուրան և շարունակում է աշխատանքները միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ: Գեներալն ընդգծել է, որ միջազգային հանրակցության կողմից Իրանի նկատմամբ ձեռնարկվելիք խիստ պատժամիջոցները կարող են նկատելիորեն նվազեցնել իրանական միջուկային սպառնալիքը:

ՄՈՍԿՎԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի սպառազինության վաճառքը Սիրիային, քանի որ չկա արգելող որևէ միջազգային փաստաթուղթ: Փոխարենը ռուս-սիրիական ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրում հստակ նշված է Մոսկվայի կողմից ռուսական արտադրության սպառազինության կիրառման վերահսկման մասին:

ՄՈՍԿՎԱՆ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ՉԻ ՎԱՃԱՌԻ «Ս-400» ԿԱՅԱՆՔՆԵՐ

Մինչ այդ արտադրված զենիթահրթիռային այս կայանքները կծառայեն միայն Ռուսաստանի օդային տարածքի պաշտպանությանը, իսկ Ղազախստանին ու Բելառուսին «Ս-400»-ներ կտրամադրվեն լավագույն դեպքում 2014 թվականի վերջին: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Рособоронэкспорт» ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինը, հավելելով, որ այժմ լրացուցիչ միջոցներ են հատկացվում այս կայանքների արտադրության ընդլայնման համար:

ՄՈՍԿՎԱՆ ԴԵՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը մեկնաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները, որ Վաշինգտոնում ավարտված վրաց-ամերիկյան բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել Թբիլիսիին ամերիկյան զենքի մատակարարման վերսկսման մասին, համոզմունք է հայտնել,որ Սահակաշվիլիի վարչակարգին ցանկացած սպառազինության տրամադրումը կապակայունացնի Կովկասում տիրող իրավիճակը:

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՎՐՈՎԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՌԴ արտգործնախարարը դրանք կշարադրի փետրվարի 3-ից 5-ը կայանալիք և անվտանգության հարցերին նվիրված Մյունխենյան 48-րդ կոնֆերանսում:
ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ իր ելույթում Սերգեյ Լավրովը կվերլուծի «արաբական գարնան» սպառնալիքները Եվրոպայի անվտանգությանը, կշոշափի Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ու հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին առնչվող խնդիրները: