Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԻՐԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԱԹՍ-Ի ԽԱՂԱԼԻՔ ՄՈԴԵԼԸ

Ի պատասխան RQ-170 անօդաչու թռչող սարքի վերադարձման վերաբերյալ Միացյալ Նահանգների չդադարող պահանջների, նման որոշում են ընդունել Իրանի իշխանությունները: Սարքի 80 անգամ փոքրացված խաղալիք-մոդելը, որը շուտով կհայտնվի վաճառքում, կարժենա 70.000 իրանյան ռիալ` շուրջ 4.000 ԱՄՆ դոլար:

ՄԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Լիբանանում գումարված միջազգային կոնֆերանսի ժամանակ նման կոչով նա դիմել է երկրի նախագահ Ասադին և պահանջել դադարեցնել սեփական քաղաքացիների սպանությունը, պնդելով, որ բռնությունների կիրառումը խնդիրը տանում է դեպի փակուղի:
Հատկանշանական է, որ Պան Գի Մունի քննադատությունը հնչեց այն բանից հետո, երբ հազիվ երկու շաբաթվա ընթացքում Ասադի հրամանագրերով համաներում կիրառվեց հակակառավարական հուզումների մասնակիցների, այդ թվում նաև` 552 քաղբանտարկյալների նկատմամբ:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԷ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը չի բացառել Իրանի դեմ միջազգային զինված գործողության իրականացումը: Նա հայտարարել է, որ Լոնդոնը երբեք չի բացառել որևէ տարբերակ, քանի որ ռազմական գործողությունը եւս Իրանի վրա ներգործելու միջոցներից մեկն է:
Նա միաժամանակ նշել է, որ պաշտոնական Լոնդոնը նման քայլի կողմնակից չէ և հակված է խնդիրը լուծել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների առավել խստացման եղանակով:

ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՂ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը լիցքավորող ինքնաթիռների մատակարարման համար միջազգային մրցույթ չի հայտարարի և դրանք կգնի միանգամից եվրոպական Airbus ընկերությունից: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ 1,1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՆԵԼ

Իսրայելական IAI ընկերությունը իր պատմության մեջ խոշորագույն պայմանագրերից մեկն է կնքել ինքնաթիռներ, անօդաչու թռչող ապարատներ, հրթիռներ և հետախուզական սարքեր մատակարարելու վերաբերյալ: Գործարքի արժեքը կազմել է 1,1 միլիարդ դոլար:
Ընկերությունը չի նշել իր արտադրանքի գնորդին, սակայն հայտնի է, որ վերջին շրջանում բանակցություններ են ընթացել Հնդկաստանի հետ, որն էլ, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է պատվիրատուն: Ինչպես նշել են իսրայելական լրատվամիջոցները, խոշոր գործարքի վերաբերյալ Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ բանակցությունները վարել է անձամբ IAI ընկերության նախագահ Իցհակ Նիսսանը, որը սովորաբար արտասահմանյան գործընկերների հետ չի հանդիպում:

ԱՄՆ-Ը ԵՎՐՈՊԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԲԵՐԻ ԻՐ ԶՈՐՔԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ

ԱՄՆ-ը կկրճատի մշտական ռազմական ներկայությունը Եվրոպայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան` նշելով, որ Եվրոպայից դուրս կբերվեն այնտեղ տեղակայված ամերիկյան ցամաքային զորքերի չորս բրիգադներից երկուսը:

ԿՀՎ-Ն ՄԱՍՆԱԿԻ՟Ց Է ԻՐԱՆՑԻ ԱՏՈՄԱԳԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Թեհրանի տեխնիկական համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Մոստաֆա Ահմադի Ռոշանի սպանությանը ԿՀՎ-ի մասնակցությունը ապացուցող տեղեկություններ ունեն: Նրանք նշել են, որ սպանությունը պլանավորվել և կատարվել է ԿՀՎ գործակալների անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ:
Բոլոր փաստաթղթերը իրանական կողմը փոխանցել է Շվեյցարիայի դեսպանատուն, որը ներկայացնում է ամերիկյան կողմի շահերը Իրանում: Նույն տվյալները հաղորդվել են նաև բրիտանական կառավարությանը: